Գրեթե բոլոր տարիքային խմբի մարդկանց համար դժվար է արձակուրդներից հետո կրկին նոր ռիթմով ու ավյունով անցնել աշխատանքի, կամ գնալ ուսումնական հաստատություն: Այս իմաստով մարդն անցնում է հոգեբանական բարդ փուլ: Այդ անցումը երբեմն բավականին հեշտ է կատարվում, իսկ երբեմն՝ հակառակը: Հոգեբան Կարինե Նալչաջյանը Life.panorama.am-ի հետ խոսել է այս թեմայի շուրջ, ինչպես նաև տվել իր մասնագիտական խորհուրդները:
«Մարդիկ մշտապես արձակուրդից հետո դժվարությամբ են անցնում կյանքի նոր ռիթմին՝ աշխատանք, ուսում, մանկապարտեզ: Միշտ դժվար է նման անցում կատարելը, բայց պետք է ասել, որ մեր կյանքում ցանկացած փոփոխություն, ցանկացած անցում, եթե նույնիսկ դա դրական է, միևնույն է, դժվար է կատարելը: Դա առաջացնում է սթրեսային իրավիճակ, որովհետև մեր զգացողությունները, ապրումները, վերաբերմունքը բնորոշ են իներտության, այսինքն՝ մենք սովոր ենք, որ մեր վաղվա օրը նման լինի մեր այսօրվան, դրա նախորդ օրվան, իսկ երբ փոփոխություն է լինում, որոշակի լարվածություն է առաջացնում, եթե նույնիսկ դա մեզ նախկինում ձարձրացրել է», – ասաց Կարինե Նալչաջյանը:
Բայց, ինչպես շարունակեց խոսքը հոգեբանը, իներտության հետ մեկտեղ՝ մարդու հոգեկան աշխարհը շատ զինված է պաշտպանական մեխանիզմներով.
«Մենք նաև ճկուն ենք, ամբողջացնելով մեր ներքին ռեզերվները՝ մենք միևնույն է արագ տեմպի մեջ ենք ընկնում և 1-2 օր անցած, արդեն մոռանում ենք արձակուրդային հանգիստը: Այնպես որ, պետք նկատի ունենալ, որ, այսպես ասած, հետարձակուրդային սթրեսը պետք չէ չափազանցել, որովհետև մենք այնպիսի սթրեսների ենք ենթարկվում, այսպիսի լուրջ փոփոխություններ են տեղի ունենում մեր կյանքում, որ դա շատ չնչին բան է»,- հավելեց մեր զրուցակիցը:
Որպեսզի արձակուրդից աշխատանքային առօրյային անցնելու լարվածությունը մեծ չլինի, հոգեբանը խորհուրդ տվեց առաջին աշխատանքային օրը միանգամից չանցնել խիստ ռեժիմին, դան անել աստիճանաբար:
«Եթե խիստ անհրաժեշտ չէ առաջին աշխատանքային օրը անմիջապես լուրջ գործեր կատարել, ապա ճիշտ կլինի առաջին աշխատանքային օրը զրուցել ընկերների հետ, խոսել անցկացրած հանգստից, կարգի բերել սեղանը, և այդպիսով աստիճանաբար հոգեպես վերադառնալ աշխատանքային գործընթացի մեջ: Վստահ եմ՝ շատերն անգամ հոգնել էին երկարատև արձակուրդներից, այնպես որ նրանք հաստատ սիրով կսկսեն աշխատել»,- ավարտեց հոգեբանը: