Մանկության տարիներին տարած վնասվածքի մասին տեղեկությունը հետք է թողնում ԴՆԹ մոլեկուլներում: Այս մասին նշված է Բրիտանական Կոլումբիայի համալսարանի մասնագետների հետազոտության մեջ:
Ինչպես հայտնում է Channel News Asia-ն, հետազոտողները չեն բացառում բջջային թեստ ստեղծելու հնարավորությունը, որը ժամանակագրորեն ցույց կտա տրավմատիկ իրադարձության պահը: Այս տվյալներն, իրենց հերթին, կարող են օգտագործվել որպես դատական ապացույցներ:
Գիտնականները հետազոտել են 34 մեծահասակ տղամարդկանց սերմնաբջիջները, որոնց մի մասը մանկության տարիներին ենթարկվել է ֆիզիկական, հոգեբանական, սեռական բռնության: Պարզվել է, որ վնասվածքը հետք է թողել ԴՆԹ 12 շրջաններում: Բացառված չէ, որ ապագայում այս փոփոխությունները, որոնք հայտնի են որպես մեթիլացված, կարող են օգտագործվել քննիչների եւ դատարանների կողմից երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի գործերը քննելիս:
Բռնության զոհերի մոտ հայտնաբերված ԴՆԹ փոփոխությունների աստիճանը տարբերվել է: Օրինակ՝ մանկական բռնության զոհերից մեկի մոտ գենոմի հատվածը 29 տոկոսով տարբերվել է այն մարդու գենոմից, որն իր կյանքում նման բացասական փորձ չի ունեցել: Քանի որ ժամանակի ընթացքում մեթիլացման աստիճանը փոփոխվում է, գիտնականները կարող են ըստ զոհի բջիջների պարզել, թե մոտավորապես երբ է տեղի ունեցել բռնության փաստը: