Չինացի գիտնականները կարողացել են մկներ ստեղծել երկու էգերի ԴՆԹ-ի օգտագործմամբ: Այս մասին հայտնում է Cell Stem Cell գիտական պարբերականը:
Պարտենոգենեզը՝ անսեռ բազմացումն օգտագործում են, օրինակ, օձերն ու ձկները: Այս դեպքում իգական սեռական բջիջները մեծահասակ օրգանիզմում զարգանում են առանց բեղմնավորման: Չինացի գիտնականները որոշել են համապատասխան փորձեր կատարել մկների վրա՝ օգտագործելով հապլոիդային սաղմնային ցողունային բջիջներ (ՍՑԲ): Դրանք պարունակում են մեկ ծնողի քրոմոսոմների և ԴՆԹ-ի նորմալ քանակության կեսը:
Փորձի շրջանակում առաջին անգամ հեռացվել են մեկ էգի հապլոիդային ՍՑԲ-ից կազմված գենոմի 3 իմպրինտինգային հատվածներ: Այս միջամտությունից հետո դրանք դրվել են իգական սեռի մեկ ուրիշ առանձնյակի ձվաբջիջների մեջ: Այս ճանապարհով հաջողվել է ստեղծել մկների 210 սաղմ: Ծնվելուց հետո կրծողների գերակշիռ մեծամասնությունը ողջ չի մնացել: Ընդամենը 29 մկնիկի է հաջողվել ոչ միայն առողջ մեծացնել, այլև նրանք հետո սերունդ են տվել:
Գիտնականները փորձել են նման փորձը կրկնել նաև 2 արուների հետ, սակայն փորձնական ճանապարհով ստացված մկնիկները կենսունակ չէին և 48 ժամվա ընթացքում սատկել են:
Միաժամանակ, հաշվի առնելով առկա թերությունները, փորձագետների մի մասը քննադատաբար է վերաբերվում այս մեթոդին: Օրինակ՝ Վեյցմանի ինստիտուտի մոլեկուլյար գենետիկ Ջեյքոբ Հանան նշում է, թե հաշվի առնելով, որ սաղմերի մեծ մասը զարգացման արատներ է ունեցել և ողջ չի մնացել, գրեթե անհնար է կլինիկական փորձարկումների թույլտվություն ստանալ:
Քարնեգի ինստիտուտից Ալան Սփրեդլինգն, իր հերթին, կասկած է հայտնել, որ այս մեթոդն ապագայում կարող է լայնորեն տարածվել, և մարդիկ կունենան երկու մայր կամ երկու հայր: Նշվում է, որ այս մեթոդի ներդրման հետևանքները դեռևս միանգամայն անհասկանալի են: