Բյուրեղների հորիզոնական աճեցման մեթոդը թույլ է տալիս ավելի լայն և տափակ թիթեղներ ստանալ։
Հայաստանը վերականգնում է սինթետիկ շափյուղայի արտադրությունը Բաղդասարովի խորհրդային մեթոդով։ Տեխնոլոգիան թույլ է տալիս լայն և տափակ բյուրեղներ ստանալ։ Դրանցից կարելի է խոշոր գործիքներ և դետալներ (վիրաբուժության, լազերային տեխնիկայի, ավիացիայի և տիեզերքի համար) կտրել։
Մի քանի տարի ինժեներների և գիտնականների կոլեկտիվն աշխատում է հին տեխնոլոգիան կատարելագործելու վրա։ Խոշոր բյուրեղների առաջին նմուշները ներկայացվեցին Երևանում անցկացվող «Եվրասիական շաբաթ 2018» միջազգային տնտեսական ֆորումին։
Խոշոր բյուրեղներ արտադրելն ավելի ռիսկային է, քան մանրերը։ Եթե նույնիսկ մեկ կետում ճաք լինի կամ փուչիկ առաջանա, խոշոր դետալն արդեն չի ստացվի. ստիպված կլինեն մանր դետալներ պատրաստել։
Ու քանի որ շափյուղայից խոշոր դետալներ պատրաստելն ավելի բարդ է, նրանց պահանջարկը միշտ ավելի մեծ է։ Այժմ դրա համար բյուրեղներ են աճեցնում Կիրոպուլոսի մեթոդով։ Այն իր առավելություններն ունի։ Տափակ թիթեղներ (օրինակ, մեծ հեռախոսների կամ հատուկ պատուհանների համար), սակայն, ավելի քիչ է ստացվում նրանից, պարզաբանում է «Բարձր ջերմաստիճանային բյուրեղներ» ընկերության գլխավոր տնօրեն Լևոն Հովհաննիսյանը։ Պատճառները ոչ թե տեխնոլոգիական են, այլ զուտ երկրաչափական։
«Պատկերացրեք, որ դուք պետք է բարձր կլոր կարկանդակից երկար ուղղանկյուն կտրեք։ Դուք ստիպված եք կենտրոնին մոտ կտրել։ Նման մեկ կտոր դուք կստանաք։ Մյուսներն ավելի փոքր կլինեն։ Իսկ այժմ պատկերացրեք, որ ձեր կարկանդակը քառակուսի և տափակ է։ Այդպես դուք կարող եք հորիզոնական մի քանի կտոր կտրել։ Ահա այդպիսի հորիզոնական բյուրեղներ էլ հենց կարող ենք աճեցնել», – ասում է Հովհաննիսյանը։
Արդյունքում բյուրեղները կարելի է քաշով ավելի պակաս անել` 30-40 կգ մի քանի հարյուրի փոխարեն։ «Եվ եթե պատրաստի բյուրեղը թերություն ունենա, նյութական ռիսկը մի քանի անգամ պակաս կլինի», – ավելացրեց Հովհաննիսյանը։
Եթե տեխնոլոգիան վերջնականապես հաջողվի հաստատել, հայկական ընկերությունը աշխարհում երկրորդը կլինի, որն աշխատում է այդ մեթոդով արդյունաբերական մասշտաբներում (ամերիկյան Rubicon–ից հետո)։
Բյուրեղների ինքնարժեքը մի քանի հազար դոլարի չափով ավելի է լինում։ Համաշխարհային չափանիշներով (օրինակ, եթե համեմատեց Չինաստանի հետ) դա բավականին շատ է։ «Բայց չէ՞ որ մրցակիցներ էլ մենք գրեթե չենք ունենա», – ժպտում է Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը Խաչիկ (Խաչատուր) Բաղդասարովի աշակերտներից մեկն է, որը ստեղծել է բյուրեղների հորիզոնական աճեցման մեթոդը։
Այդ աշխատանքները դեռ խորհրդային տարիներին են բարձր գնահատականի արժանացել (Բաղդասարովը ԽՍՀՄ պետական մրցանակի և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանի է արժանացել)։
«Բարձր ջերմաստիճանային բյուրեղներ» ընկերությունում դեռ մի քանի մարդ է աշխատում։ Սակայն երբ փորձերից արդյունաբերական արտադրության անցնեն, մասնագետների քանակն այստեղ կավելանա։