«Որքան շատ եմ սովորում, այնքան գիտակցում եմ, որ իրականում շատ քիչ բան գիտեմ». Միշել Լեգրանը՝ կյանքի, Հայաստանի ու պապի հուշերի մասին. style.news.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Որքան շատ եմ սովորում, այնքան գիտակցում եմ, որ իրականում շատ քիչ բան գիտեմ». Միշել Լեգրանը՝ կյանքի, Հայաստանի ու պապի հուշերի մասին. style.news.am

Այսօր՝ հունվարի 26-ին, 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը: Լեգրանի մայրը՝ Մարսել Տեր-Միքայելյանը, հայտնի հայկական ընտանիքից էր: Նա դաշնակահարուհի էր, իսկ հայրը՝ Ռայմոն Լեգրանը, ևս հայտնի կոմպոզիտոր էր, որից էլ անվանի երաժիշտը ժառանգել է երաժշտության հանդեպ իր սերը:

Լեգրանը «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի տասներկուակի դափնեկիր է։ 2003 թ-ին արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի:

Առաջին անգամ մեծանուն կոմպոզիտորը Հայաստան այցելել է 2004 թ-ին: Նրա վերջին այցը 2017 թ-ին էր: Կոմպոզիտորն այդ տարի մասնակցեց Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված համերգային ծրագրին, իսկ մինչ այդ լրագրողների հետ զրույցում կիսվեց  Հայաստանի մասին այն հուշերով, որոնք պատմել էր պապը.

«Երբ փոքր էի, պապիկս միշտ պատմում էր իմ հայրենիքի մասին, և հիմա ես այստեղ եմ՝ Հայաստանում: Ցավոք, ես շատ քիչ եմ ապրել պապիկիս հետ: Տասը տարեկան էի, երբ նա մահացավ, բայց հիշում եմ, որ միշտ խոսում էր իր գյուղի, իր ընտանիքի մասին, որը մասնատվեց, քայքայվեց: Նա միշտ ներկա է եղել իմ մանկության մեջ: Նա երաժիշտ էր, ուդ էր նվագում»,- նշել էր նա:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Լեգրանի հայտնի մեջբերումներից ևս մի քանիսը:

«Հայրս ինձ թողել էր մի հին ու մաշված դաշնամուր: Քույրս արդեն դպրոցական էր, մայրս էլ ամեն օր աշխատանքի էր գնում: Ես տանը մենակ էի մնում տատիկիս հետ, որը ոչինչ չէր հասկանում: Դա այնքան ձանձրալի էր, որ ես ամբողջ օրը դաշնամուրի դիմաց էի անցկացնում, և դա էր ինձ փրկում»:

«Ես գրում էի մեղեդիներ… 30, 40, 50 մեղեդի… Հետո դրանք զտում էի, մինչև որ առանձնացնում էի միայն երկուսը կամ երեքը: Այնուհետև գնում էի ռեժիսորների մոտ և ասում, որ ընտրեն դրանցից մեկը»:

«Երբ ռադիոյով երաժշտություն էի լսում, մտքումս փորձում էի այն վերարտադրել: Վերարտադրում էի երաժշտությունը, հետո հարմոնիան»:

«Ահա, թե ինչպես եմ ես աշխատում. երբ ես կարծում եմ՝ ֆիլմը պետք է ունենա գլխավոր թեմատիկա, ես փնտրում եմ այդ մեղեդին»:

«Ես մի մեծ պարգև ունեմ իմ ներսում. մեղեդին ինձ մոտ ծնվում է առանց ջանք գործադրելու»:

«Որքան շատ եմ ապրում, այնքան շատ եմ սովորում: Որքան շատ եմ սովորում, այնքան գիտակցում եմ, որ իրականում շատ քիչ բան գիտեմ»:

«Եթե դու զիջում ես կյանքում ինչ-որ բան շահելու համար, դու ինքդ քեզ ես դավաճանում»:

style.news.am