Հայաստանի բանկային համակարգում սկսել են ավելի խիստ մոտենալ արտասահման արվող փոխանցումներին, պնդում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից կապիտալը դուրս բերելու տեմպերը 2018թ.–ին հասել են ռեկորդային ցուցանիշների։ Այդ մասին վկայում է Կենտրոնական բանկի վիճակագրությունը։
2018թ.-ին քաղաքացիները բանկերի միջոցով Հայաստանից արտասահման են տեղափոխել 1 միլիարդ 188 միլիոն 396 հազար դոլար։ Դա 2004թ.–ից ի վեր առավելագույն ցուցանիշն է (ԿԲ կայքում վիճակագրական տվյալները մեջբերվում են սկսած հենց այդ ժամանակից)։
Նշենք, որ կապիտալը դուրս բերելու ծավալները սկսել են աճել 2015թ.-ից։ Համեմատության համար ասենք, որ 2017թ.–ին այդ ցուցանիշը կազմել է մոտ 900 միլիոն, 2016թ.–ին` 817 միլիոն, իսկ 2015թ.–ին եղել է 762 միլիոն դոլար։
Մինչև այս տարի դուրս բերված կապիտալի առումով ռեկորդակիր է համարվել 2008թ.–ը։ Այդ ժամանակ արտասահման է տարվել 1,124 միլիարդ դոլար։
Վերադառնանք 2018թ.–ին։ Բարձր ցուցանիշներ են արձանագրվել արդեն հունվարին, իսկ փետրվարից սեպտեմբեր (բացի հունիսից) ամենամսյա արտահոսքը տատանվել է 90-10 միլիոն դոլարի սահմաններում։ 2017թ.–ին (նույն շրջանում) այդ ցուցանիշը կազմել է միջինում մոտ 78 միլիոն։ Կտրուկ պոռթկում է տեղի ունեցել 2018թ.–ի հոկտեմբերին (121 միլիոն), նոյեմբերին (114 միլիոն) և դեկտեմբերին (123 միլիոն դոլար)։
Օբյեկտիվության համար նշենք, որ այդ ամիսները համեմատական ակտիվությամբ աչքի են ընկել նաև 2017թ.–ին։
Անցած տարվա ընթացքում կապիտալը դուրս բերելու հիմնական ուղղությունները նախկինի նման եղել են Ռուսաստանը (472 միլիոն) և ԱՄՆ–ը (190 միլիոն)։
Միաժամանակ Ռուսաստանից Հայաստան 2018թ.–ին ֆիզիկական անձանց անունից փոխանցվել է ավելի քան մեկ միլիարդ դոլար։ Դա կրկնակի գերազանցում է այն գումարը, որը Հայաստանից փոխանցվել է Ռուսաստան։ ԱՄՆ–ի դեպքում այդ տարբերությունն աննշան է, անցած տարի այդ երկրից Հայաստանի ֆիզիկական անձանց փոխանցել են, ընդհանուր առմամբ 224 միլիոն դոլար։
Իսկ ահա 2017թ.–ին ԱՄՆ է փոխանցվել 10 միլիոնով ավելի, քան ստացվել է այնտեղից (ԱՄՆ–ից Հայաստան 183 միլիոն և 193 միլիոն` հակառակը)։
Այդ ֆոնին հատկանշական է հաղորդագրությունն այն մասին, որ Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավաբանական հարցերով տարածաշրջանային կցորդի օգնական Մեթյու Բոյդենին ավելի քան հարյուր հազար դոլարի հափշտակումը բացահայտելու մեջ աջակցության համար։
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ նախկինում փոխանցումների վիճակագրությունը բաժանվել է «առևտրային» և «ոչ առևտրային» նպատակների։ Այդ ժամանակ ավելի հեշտ է եղել հասկանալը, թե ինչին են ուղղված գումարները։ Հիմա այդ տվյալները միավորված են, և հետևությունները կարող են ստույգ չլինել։ Մասնավորապես, Թուրքիա և Չինաստան փոխանցումների մի մասը ինտերնետային գնումների վճարումն է։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am