Հայաստանում շմոլ և բնական գազից թունավորումների թիվը նվազել է: Եթե 2017 թվականին հանրապետությունում գրանցվել է շմոլ և բնական գազից թունավորումների 429, ապա 2018 թվականին՝ 374 դեպք: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի Տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի ավագհրահանգիչ, փ/ծ կապիտան Տաթև Ալիխանյանը նշեց, որ զոհերի ու տուժածների թվի նվազում է նաև նկատվում: 2017 թվականին շմոլ և բնական գազից թունավորումներից գրանցվել է 7 զոհ և 906 տուժած, իսկ 2018 թվականին՝ 1 զոհ, 675 տուժած:
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գերակշռում են շմոլ գազից թունավորումների դեպքերը: Եվ հիմնականում դեպքերն արձանագրվում են բնակելի շինություններում: Խնդիրները հիմնականում կապված են գազի վառարանների, կաթսաների, ջրատաքացուցիչների հետ»,- ասաց Տաթև Ալիխանյանը: Շմոլ և բնական գազից թունավորումների դեպքերը հիմնականում գրանցվում են Երևանում, Լոռի, Գեղարքունիք, Արագածոտնի մարզերում:
Ներկայացնելով 2019 թվականի տվյալները՝ Տաթև Ալիխանյանը նշեց, որ արդեն գազից թունավորումների 129 դեպք է արձանագրվել, որի հետևանքով գրանցվել է 5 զոհ, 237 տուժած: Ինչ վերաբերում է գազալցակայաններում հնարավոր թունավորումներին, ապա Ալիխանյանն ընդգծեց, որ այս տարվա ընթացքում, ինչպես նաև 2018-ին, նման դեպք չի եղել, իսկ 2017 թվականին գրանցվել է 1 դեպք: