«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանի կարծիքով վարչապետը ֆեյքերի դեմ պայքարելու գործընթացում ներգրավել է մի կառույց, որն այստեղ անելիք չունի։ Այն էլ դա արել է բանավոր հանձնարարականով,-«Սա մի ոլորտ է, որը զգայուն է և առնչվում է մարդու խոսքի, տեղեկատվության ազատ իրավունքին։ Պետության կողմից ցանկացած միջամտություն, ցանկացած սահմանափակում պետք է օրենքով սահմանված կարգով լինի»։ Շ. Դոյդոյանի խոսքով միջամտությունը թույլատրելի կլինի, եթե այն սահմանված լինի օրենքով, ունենա օրինական նպատակ և անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությանը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Շուշան Դոյդոյանը կարևորեց նաև այն հարցը, թե ով և ինչպես է որոշելու, որն է մանիպուլյացիոն բովանդակությունը։ Նրա խոսքով չկա որևէ իրավական նորմ, որը կսահմանի այդ հասկացությունը կամ տերմինը, – «Դա սուբյեկտիվ մեկնաբանման տեղիք է տալու։ ԱԱԾ-ն է որոշելու որտեղ կա մանիպուլյացիա, որտեղ ոչ, և իր գնահատականների հիման վրա է որոշում կայացվելու»։
Կեղծանվամբ կամ անանուն հանդես գալը մարդու խոսքի ազատության, ինչպես նաև անձնական կյանքի գաղտնիության իրավունքն է, որից Շ. Դոյդոյանի կարծիքով մարդուն չեն կարող զրկել, – «Ի՞նչ կարիք կա 21-րդ դարում խոսել կեղծանուն օգտագործելը կամ անանուն լինելը որպես արատ ներկայացնելու մասին։ Սոցցանցերում ապատեղեկատվության և աղբի խնդրի առջև միայն կառավարությունը չէ կանգնած, այլ ողջ աշխարհը։ Բայց կան մի շարք այլ արդյունավետ եղանակներ»։
Հարցին մտահոգություն չկա, որ այսկերպ կսահմանվի գրաքննություն «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահն ասաց, – «Ավելի շատ մտահոգված եմ, որ ինքնագրաքննություն կլինի։ Այն փաստը, որ դա արվեց հրապարակավ, ավելի շատ վախի ու զսպող ազդեցություն ունենալուն էր ուղղված։ Վտանգավոր կլինի, երբ մարդիկ, հատկապես լրագրողներն իրենց խոսքից առաջ մտածեն, արժի՞ այն ասել կամ հրապարակել, թե՞ հետագայում ԱԱԾ-ի հետ խնդիրներ կունենան»։