ՄԻԵԴ-ը գրանցել է լրագրողն ընդդեմ Վովա Գասպարյանի գործը. 1in.am
Advertisement 1000 x 90

ՄԻԵԴ-ը գրանցել է լրագրողն ընդդեմ Վովա Գասպարյանի գործը. 1in.am

ՄԻԵԴ-ը գրանցել է Սիրանույշ Պապյանի գործը և տվել է հերթական համար՝ Papyan v. Armenia 9371/19։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սիրանույշ Պապյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Ասատրյանը՝ մանրամասնելով․ «Ընդհանուր իրավասության դատարանում մենք ներկայացրել էին հայցադիմում՝ «Լրագրող Սիրանույշ Պապյանն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի» գործով։ Ընդհանուր իրավասության դատարանը մերժեց, որից հետո բողոքարկեցինք Վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարան։ Եվ վերջնականորեն Վճռաբեկ դատարանը 2018-ի օգոստոս ամսին մերժեց մեր կողմից ներկայացված Վճռաբեկ բողոքը և մենք ստիպված ներկայացրինք դիմում ՄԻԵԴ՝ նշելով այն խախտումները, որոնք մեր պետական ատյաններում պետությունը թույլ է տվել»։ Փաստաբանը նշեց, որ իրենք դիմել էին նաև Սահմանադրական դատարան, սակայն ՍԴ-ն նույնպես մերժել էր ներկայացրած դիմումը։

«Այժմ ՄԻԵԴ-ը մեզ ուղարկել է ծանուցագիր, որտեղ նշված է, որ ՄԻԵԴ-ը գրանցել է Սիրանույշ Պապյանի գործը և տվել է հերթական համար՝ Papyan v. Armenia 9371/19, և այսպիսով մենք կստանանք նորություններ ՄԻԵԴ-ից։ Թե ինչ որոշումներ կկայացվեն, կկոմունիկացվի, թե ոչ, չգիտենք, բայց և այնպես մենք հուսով ենք և մեր հիմքերն ամուր են պնդելու, որ ՄԻԵԴ-ը մեր դիմումը կարող է քննության առնել»,- հավելեց Դավիթ Ասատրյանը։

Փաստաբանը մանրամասնեց․ ՄԻԵԴ-ը երկու ասպեկտ ունի, առաջինը արձանագրում է խախտված իրավունքը, երկրորդը սահմանում է այն հատուցումը, որը ՄԻԵԴ-ը ճիշտ է գտնում, թե որքան ֆինանսական հատուցում է անհրաժեշտ խախտված իրավունքները վերականգնելու արդյունքում։

Առաջին փուլի դեպքում, երբ խախտված իրավունքների մասին Եվրոպական դատարանը կայացնում է որոշում, հնարավորություն է ձեռք բերվում որպես նոր հանգամանք դիմել Վճռաբեկ դատարան և գործը վերաբացել․ «Այդ դեպքում հնարավոր է, որ Վճռաբեկ դատարանում գործը վերաբացվի և այդպիսով գործը վերադառնա Ընդհանուր իրավասության դատարան, և այն խախտված իրավունքները, որը կարձանագրի ՄԻԵԴ-ը, ապա ընդհանուր իրավասության դատարանը դա կսահմանի և մարդկանց իրավունքներին համապատասխան իրավական հետևանքներ կկիրառի»։

Փաստաբանի խոսքերով՝ հիմա դեռևս գրանցման փուլն է ավարտվել, և սա արդեն առաջընթաց է, ընդունելության վերածված հարցի քննարկումն է գնալու ՄԻԵԴ, որը շատ սպասեցնել չի տալու։

Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 2016-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վիրավորել էր լրագրող Սիրանույշ Պապյանին։ Լրագրողի դիտարկմանը, թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, հակադարձել էր, թե լրագրողի մեջ «կին չի տեսնում»։

Ի դեպ, Սիրանույշ Պապյանը դիմել էր ոչ միայն դատարան, այլ նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, սակայն գործից երեք տարի անց էլ հանձնաժողովը որևէ կերպ չի արձագանքել։

1in.am