Սկսենք նրանից, որ այսօր կարելի է ակնկալել ոչ ավանդական կողմնորոշմամբ անձանց իրավունքների պաշտպանությամբ աչքի ընկնող խմբերի որոշ հրապարակային ակտիվություն, հիմնականում, թերևս, վիրտուալ տարածքում:
Բանն այն է, որ մայիսի 17-ը այս շրջանակների ներկայացուցիչները նշում են որպես՝ «հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր»: Այդ օրը նշելու շարժումը Կանադայից է սկսվել, 2004 թվականից:
Իսկ օրվա ընտրության նախապատմությունն իսկապես հետաքրքիր է. 1990 թվականի մայիսի 17-ին ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ընդունեց որոշում, որով համասեռամոլությունը հանեց հոգեկան հիվանդությունների ցանկից:
Ավելի ընդգրկուն և հետաքրքրական նշումներ էլ կան: Այսօր, օրինակ, շատերը կարող են շնորհավորել ծրագրավորող կամ պարզապես ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում աշխատող իրենց հարազատներին՝ մասնագիտական օրվա առթիվ: Այո, մայիսի 17-ը Էլեկտրակապի և տեղեկատվական հանրակցության համաշխարհային օրն է: Այն նշվում է ՄԱԿ-ի հովանու ներքո, կոչվում է նաև Տեղեկատվական հանրակցության համաշխարհային օր, իսկ մայիսի 17-ը ընտրվել է, ի նշանավորումն 1865 թվականի այդ օրը Հեռագրական միջազգային միության ստեղծման:
Հաշվի առնելով, թե Հայաստանում հիմա որքան շատ պատանիներ ու աղջիկներ են երազում դառնալ ծրագրավորող, կարելի է ասել, նաև հավելյալ տոնական օր է:
Մի խոսքով, գիգաբայթերով շնորհավոր ձեր տոնը, սիրելի հեռահաղորդակցողներ, կապներդ անխափան:
Մայիսի 17-ին է ծնվել հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, մարզիչ, Եվրոպայի կրկնակի (1991, 1992), աշխարհի եռակի (1990, 1991, 1994) և Օլիմպիական խաղերի (1992թ.) չեմպիոն Մնացական Իսկանդարյանը (ծնվ. 1967թ.):
Նմանապես մայիսի 17-ին է ծնվել նույնպես գյումրեցի, երգչուհի, արվեստի վաստակավոր գործիչ Ջեմմա Քաղցրիկյանը (ծնվ. 1950թ.): Նա աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) Ժողգործիքների պետական նվագախմբում՝ որպես երգչուհի, բացի այդ, դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում, իսկ 2001 թվականից գլխավորել է Գյումրու Ժողգործիքների պետական նվագախումբը, ստանձնելով գեղարվեստական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի պարտականությունները:
Մայիսի 17-ին է ծնվել նաև խորհրդային զորահրամանատար Սմբատ Դանիելյանը (1895-1944), որը մարշալական Չարդախլուից էր: Գվարդիայի գնդապետ Դանիելյանը եղել է դիվիզիայի հրամանատար, հասցրել է մասնակցել Առաջին աշխարհամարտին՝ Կովկասյան ռազմաճակատում, 1923-1932 թթ. ծառայել է Հայկական հրաձգային դիվիզիայում:
Հայրենական պատերազմի ժամանակ, որպես բրիգադի հրամանատար, նա մասնակցել է Կալինինյան ռազմաճակատի գործողություններին, Կովկասի ճակատամարտին, 1944 թվականին 1-ին Մերձբալթյան ռազմաճակատում եղել է 18-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի հրամանատարը, մասնակցել Բելառուսիայի («Բագրատիոն» գործողություն) և Լիտվայի ազատագրմանը, որի ընթացքում էլ զոհվել է:
Մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի հետ է կապված Ցեղասպանության ականատես ու վավերագիր դարձած գերմանացի ռազմաբժշկական ծառայության սանիտար Արմին Վենգերի անունը:
Արմին Թեոֆիլ Վեգները (1886-1978) մահացել է մայիսի 17-ին: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Վենգերը ծառայել է Օսմանյան կայսրությունում տեղակայված գերմանական ստորաբաժանումներում, եղել է սանիտարական ծառայության սպա, լուսանկարել է Հայոց ցեղասպանության մասին վկայող բազմաթիվ փաստեր, վկայել է տեսածի մասին նաև որպես ականատես, որպես վկա հանդես է եկել Սողոմոն Թեհլիրյանի դատավարության ժամանակ:
Արմին Վենգերը հետագայում զբաղվել է լրագրությամբ, հրապարակախոսական հոդվածներով է հանդես եկել, ստացել է իրավագիտության դոկտորի գիտական աստիճան:
Այսօր աշխարհին հայտնի Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստացի լուսանկարների զգալի մասը պահպանվել ու հանրայնացվել են հենց Արմին Վենգերի շնորհիվ: