«Վիշապագորգի տիեզերական բանալին» հոդվածի (տես այս հղումով ՎԻՇԱՊԱԳՈՐԳԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԲԱՆԱԼԻՆ (ՄԱՍ 1)) առաջին մասում մենք տեսանք, որ առավել հին ծագում ունեցող գլուխգործոց վիշապագորգերի պատկերները ոչ թե պարզապես վիշապներ են, այլ վիշապ-փյունիկներ (նկար 8): Այդ պատկերը հատկապես «ընթեռնելի» է մասնավոր հավաքածուներից մեկում պահվող մի հին դասական վիշապագորգի նմուշում (նկար 8Ա, Պատկերը՝ 469 Գանցհորնի գրքից): Այնուհետև տեսանք, որ շումերական աղյուսի պատկերը՝ Հայա Աստված՝ ձեռքի վերևում արմավահավ, վիշապագորգերի նույն «վիշապ-փյունիկ», «օձ-արմավահավ» զույգն է (նկար 9 )։
Այժմ փորձենք հասկանալ, թե ո՞րն է այս զույգի ծագման ակունքը։
Երկնքում, ի դեմս Հայա Աստծո, մենք ունենք Orion-ի համաստեղությունը (նկար 10)[1]: Հայան նաև ծնունդ տվող ջրերի Աստվածն էր[2] և շումերական Արարման պատումում Զիուսուդրային (Նոյի նախատիպ) զգուշացնում է համաշխարհային ջրհեղեղի մասին։ Այն, որ Օրիոնը նույն Հայկն է, վկայում են նաև Աստվածաշնչի հայկական թարգմանությունները[3]։ Օրիոնին Հայկ են կոչել նաև հայ ազգագրության մեջ[4]։
Իսկ որպես երկնային թռչուն՝ հյուսիսային կիսագնդում գոյություն ունի մի շատ հետաքրքիր ու գեղեցիկ համաստեղություն, որն է՝ Cygnus-ը (հունարեն՝կարապ) (նկար 11) ։
Cygnus-ի համաստեղությունը առվել նկատելի է երկնքում որպես խաչ․ այն իր բոլոր աստղերով, թևերը բացված՝ ձևավորում է «հյուսիսային երկնային խաչ» աստղանիշը։ Կարծում եմ շատ վաղ ժամանակներում այն հենց այդպես է ընկալվել, իսկ կարապ անվանումը ստացել է շատ ավելի ուշ։ Հիպարքոսն ու Պտղոմեոսը համաստեղությունը կոչել են պարզապես թռչուն։ Ըստ Հեսիքիոսի՝ սկյութերի մոտ կարապը Անգղ[5] էր կոչվում, իսկ արաբների Anqa-անգղը, հենց փյունիկ (անմահ հավք) թռչունն է, հայերեն Անգ (ղրբղ․ բարբառ)- Անկ—Ունկ։ Այստեղ մի պարզաբանում բերենք, Ունկ ղրբղ․ բարբառով նշանակում է խողովակ, որի միջով աղբյուրի ջուր է հոսում։ Ակունք բառը երևի այստեղից է։ Սա նույն ապն է՝ ջուր։ Իսկ վիշն էլ՝ իժ։ Ուստի կունենանք Վիշապ=օձ-հավ։ Նկատենք, որ նշանագիրք հայոցում թռչունը հենց ալիքի պես է պատկերվել։ Կարապ բառն էլ, որ ստուգաբանված չէ, թերևս՝ կար (նշան) և ապ (ջուր) արմատների կազմությունից է։
Վերադառնանք կարապի համաստեղությանը։ Կարծիք կա, որ այն աշխարհի թերևս ամենահին համաստեղությունն է։ Հետաքրքրական մի փաստ բերենք, կարապի համաստեղությունը Չինաստանում Սև կրիա է եղել և պատկերվել օձի հետ փաթաթված, իսկ Խնձորեսկի օձագորգերից որոշ նմուշների վրա (օրինակ՝ 19-20դդ․) հենց օձի պատկերներին կից կրիա է։ Մեր գորգագործության մեջ նույն կրիային են նմանեցնում Որոտան-Դիզակ գորգերի միավորված զույգ վիշապներին։
Cygnus-կարապ համաստեղության ամենապայծառ ալֆա աստղը Deneb-ն է, որը գտնվում է թռչունի պոչին՝ չնայած, որ «խաչ»-ի գլուխն է։ Deneb արաբերեն «հավի պոչ» է նշանակում, ունի նաև լատիներեն – «Gallina»-անունը, որ կրկին հավ է նշանակում: Քուրմ Մանեթոնը կարապի ողջ համաստեղությունն էր կոչում Հավիկ։ Ահա և մեր արմավահավը՝ անմահ հավքը։
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ Deneb, Altair և Vega աստեղրը միասին (յուրաքանչյուրը իրենց համաստեղության ամենապայծառ աստղն են) կազմում են երկնային հայնտի «ամառային եռանկյունը»-ը (նկար 11 Ա), որտեղ Դենեբ-հավքը, համաձայն հայ-չինական պատումի, հենց Ծիր Կաթինն է․ այն միացնում է երկու սիրահար աստղերին Altair (եզնարած) և Vega (ջուլհակ) որպես կամուրջ (տես` Բուտայի (նշանախշ) հայկական ակունքները հոդվածը)։ Այսօր ամառային եռանկյունն ու Cygnus-ի համաստեղությունը օգտագործում են երկնքում Ծիր կաթինի գալակտիկական հասարակածը գտնելու համար:
Նկատենք, որ Cygnus-ի դիրքը՝ պոչով վերև և գլխով ներքև, նույնական է շումերական աղյուսի փյունիկին։
Այժմ տեսնենք, թե ինչ կապ կա երկնային թռչունի՝ իր Դենեբ-հավով և Orioni –ի միջև։
Պորտասար (Գյոբեկլի Թեփե, մոտ 11,000մ․թ․ա) ծիսական հնավայր աստղադիտարանի, ինպիսին այն համարում են այսօրվա գիտնականները, հետազոտությունները թույլ են տալիս հնագետ-աստղագետներին պատկերացում կազմելու այն ժամանակվա երկնքի մասին: Մասնավորապես՝ ձմեռային արևադարձի ժամանակ մարդը կտեսներ հետևյալ երկնային պատկերը (նկար 12, աղբ․ Ancient Origins)։ Հարավում Orion-ն է` իր եռաստղ գոտիով, իսկ հյուսիսում՝ Cygnus-ը՝ պայծառ Դենեբով։ Երևում է նաև Lyra համաստեղության Vega աստղը[6]։
Orion Հայկի համաստեության կարևորության մասին ուսումնասիրությունները բազմաթիվ են, իսկ ո՞րն էր Դենեբ-հավի դերը։
Ըստ Անդրյու Քոլինզի՝ Պորտասարը կառուցողները հետևում էին հենց Cygnus-ի Deneb աստղին: Համաձայն նրա վարկածի, 16-15000 մ․թ․ա․ Դենեբը բևեռային աստղ էր, մինչև Վեգան կլիներ մ․թ․ա․ 13000-ին։ Տիեզերագետները ևս գտնում են, որ 18000 տարի առաջ[7] Deneb-ը հյուսիսային աստղն էր, իսկ Պորտասարի կառուցման ժամանակ բևեռային աստղ չի եղել։ Քոլինզը կարծում է, որ Գյոբեկլի Թեփեի ժամանակ հին աստղագետները դիտում էին հին Դենեբը, քանի որ այն գտնվում էր Ծիր կաթինի ճեղքում և խորհրդանշում էր «մուտք»-ը դեպի երկնային աշխարհ։ Նա գտնում է, որ Պորտասարի ժամանակահատվածում տեղի է ունեցել ինչ-որ կատակլիզմ՝ առաջացնելով այդ ժամանակահատվածում այսօր արդեն փաստված կտրուկ կլիմայական փոփոխությունները։ Իսկ Դենեբ-հավի առկայությունը երկնքում կապվում է քաղաքակրթության դրան հաջորդած վերածնունդի հետ։
Հետաքրքրական է, որ Կարապի համաստեղությանը և Դենեբեին հատուկ կարևորություն է տվել Պարիս Հերունին՝ Քարահունջի (Զորաց Քարերի, ավելի քան 7500 մ․թ․ա, ըստ Գ.Հենկոկի 9600 մ․թ․ա) իր չափումների ժամանակ։
Ըստ հաշվարկի Զորաց քարերի աշխարհագրական լայնությունը և Դենեբի հակումը նույնական են, և որ աստղը իր կուլմինացիայի պահին գտնվում էր Քարահունջի զենիթում։ Իսկ Քարահունջի 63 –րդ քարը Օրիոնի ճշգրիտ ցուցիչն է։
Վերը շարադրվածը թույլ է տալիս հիմնավորելու Orion-Cygnus –ի հարավ-հյուսիս դիրքի նույնականությունը շումերական աղյուսում Հայայի և արմավահավի դիրքին։ Հավանական է, որ հենց այս պատճառով էլ վիշապագորգերի վրայի «վիշապ-փյունիկ»-ի մոտիվը այսպես է պատկերվել։
Այժմ ուշադրություն։ Մեր արեգակնային համակարգը՝ երկիր մոլորակով հանդերձ, տեղակայված է Ծիր կաթին՝ Milky Way գալակտիկայի հենց «Orion-Cygnus Arm» կոչվող պարույրի շրջագծում (նկար 12 Ա), կամ որ նույնն է՝ «վիշապ-փյունիկի»-«օձ- արմավահավի»-«անմահ -Հայքի»-թևում։
Ընդ որում եթե նկատեք, գորգի վրայի «վիշապ» կոչվող օձ-փյունիկ պատկերների գալարաձև ուրվագիծը (նկար 8, 8 Ա) հետևյալն է և համաձայն «Նշանագիրք հայոցի» գաղափարագրում է «դուռն» իմաստը։ Այսինքն սա դուռ է, մուտք դեպի հավերժական երկինք։
Դրա խորհուրդն են կրում նաև Խնձորեսկի օձագորգերը, որոնցում վահանների միջի ութ օձապատկերները շրջապատված են կեռխաչով։ Վերջինս էլ, ինչպես Վ․Թաթիկյանն է գրում իր «Արցախի տոհմագորգերում» կազմված է թռչյունի և օձի խաչաձևմամբ (նկար 13Ա)։
Ուշադրություն դարձնենք նաև Արցախյան վիշապագորգի վրա «օձ-հավի» պատկերը շրջանակող շեղանկյուն «ամպերի» միջի նախշերին։ Դրանք պարույրաձև գալակտիկաներ հիշեցնող նախշեր են (նկար 13), որ նշանագրերում նաև «արևելք» իմաստն են կրել։ Իսկ վիշապագորգերի եզրագոտին ոճավորված է «Տ»-աձև մանր օձապատկերների շարքով (նկար 14)։ Ինչպես Վ․ Թերմուճյանն է նշում իր «Գորգագործությունը Հայաստանում» աշխատության մեջ, Գամիրքում (Կապադովկիա)[8] այդ Տ-աձև «կեռիկներ»-ը կոչվել են հենց օձի ձագեր։
Այլ նահանգերում՝ նաև ջրեր։ Ուստի Տ-աձև զարդամոտիվի շարանը որպես գորգի երիզ, ավարտ, վերստին ծնվող սերնդի, որդիների խորհուրդն ունեն՝ հայորդիների։
Վիշապագորգերի կենտրոնի արմավենյակներն էլ (նկար 15) և հատկապես «Անահիտ»՝ 17-րդ դ․ 2րդ․ կես, 5 արմավենյակները (նկար16), նաև Վաշինգտոնի տեքստիլի արվեստի թանգարանի 16-րդ դ վերջ Սյունիքի, Գողթան գավառի վիշապագորգի արմավենյակները (նկար 17), ինչպես ընդունված է դրանք կոչել հայկական գորգագործության մեջ, նույն արմավն են՝ անգլերեն palm: Շումերերեն palm գրվում է ոչ այլ կերպ, քան A-AN: Նշագրով՝ պարզապես՝ AN, որն է՝ գերագույն արարիչ աստված, երկինքը, տիեզերականը, դրախտը։
Իզուր չէ այն կարծիքը, թե հայկական գորգերը տիեզերական պատում են և թերևս, ինչպես Կոմիտասն էր ասում հայ երգի մասին, այնքան հին են, որքան հայի ծագումը։
[1]Պետք է նկատել, որ Orion-ի համաստեղությունը տեսանելի է ձմռանը՝ հյուսիսային կիսագնդում և ամռանը՝ հարավայինում։
[2] Պատահական չէ, որ Ղարաբաղի գորգագործ կանայք վիշապագորգերը «ծըկնավոր», «ձըկնավոր» են կոչել
[3] Եսայու մարգարեության մեջ մի անդրադարձ կա. “Զի աստեղք երկնից Հայկիւն հանդերձ և ամենայն զարդուն երկնից լոյս մի տացեն”, Եսայի, ԺԳ, 10
[4] «Հայկ կամ Խէք են կոչում վանեցիները Որիոն համաստեղութիւնը և պատմում են, թէ Հայկ նահապետն է աստղի փոխարկուած։ Հայկի գոտու աստղերն են կշիռ կոչվել, իսկ Մուսալեռում՝ նաև կանգուն։ Հայկի գոտու աստղերին կանգուն ու կշիռ կասենք,այսինքն՝ Հայկը նաև չափ ու կշռի աստված է համարվել։ – Կ․Թոխաթյան
[5] Հայկական բազմաթիվ պատում առասպելներում որպես փյունիկ թռչուն ներկայանում է արծիվը
[6]Վեգայի անունը ծագում է wagi (ընկնել, գցել) բառից։ և վարկած կա, որ որպես բևեռային աստղ այն կապված է այն ժամանակահատվածի հետ, երբ Lyra-ն, որի համաստեղությունից է Վեգան, դիտվում էր որպես անգղ, այսինքն 10,500 մ․թ․ա․։ Արծիվ հայերեն գալհավքն է, որտեղ գալը՝ գլորվել արմատից։
Սա կարող է բացատրել թևերը բացած և գունդը թևի վերևում արծվի հայտնի պատկերը Գյոբեկլի Թեփեում: Շատերը գտնում են, սակայն, որ այդ անգղը հենց Cygnus համաստեղությունն է։
[7] Space.com
[8] Հիշենք, որ Գայայանը վիշապ-փյունիկ գրոգի մոտիվը նմանեցնում է հենց Կապադովկյան գորգերի մոտիվներին։
Արմինե Թադևոսյան