Ինսուլտից մահանալու ռիսկը մեծանում է ծխելու պատճառով, նույնիսկ եթե խոսքը, այսպես կոչված, «սիրողական» մակարդակի ծխողների մասին է, ովքեր ժամանակ առ ժամանակ միայն թեթեւ ծխախոտ են ծխում: Այս մասին նախազգուշացնում են Հելսինկիի համալսարանի եւ Հելսինկիի համալսարանական հիվանդանոցի հետազոտողները:
Ինչպես հայտնում է Health Line-ը, վերոհիշյալ մասնագետներն ուսումնասիրել են սուբարախնոիդալ արյունազեղման (ՍԱԱ) դեպքեր՝ ուղեղային արյունազեղում, որը կարող է հանգեցնել ուղեղի անշրջելի վնասման կամ նույնիսկ մահվան:
Նրանք իրենց ուսումնասիրության մեջ ներառել են նույն սեռի ավելի քան 16 000 զույգ երկվորյակների, որպեսզի պարզեն գոյություն ունի արդյոք հիմնական գենետիկական պատճառ, որը կարող է բացատրել ՍԱԱ-ն: Ուսումնասիրությունը պարզել է, որ ծխողները, նույնիսկ նրանք, ովքեր միայն ժամանակ առ ժամանակ են ծխում, ենթարկված են ՍԱԱ-ի զարգացման ռիսկի: Երկվորյակների օրինակի վրա, երբ մեկը ծխող է, իսկ մյուսը` չծխող, պարզվել է, որ ծխողն ավելի մեծ հավանականությամբ կբախվի ՍԱԱ-ի։
Հետաքրքիր է, որ ծխողների մոտ ինսուլտի բարձր ռիսկը, կախված չէ հիպերտոնիայից, չնայած արյան բարձր ճնշումն ինքնին նույնպես կարող է հանգեցնել ինսուլտի: Ինչպես բացատրում են մասնագետները, ծխելը նվազեցնում է զարկերակների առաձգականությունը, ինչը մեծացնում է ինսուլտի հավանականությունը: Նույնիսկ նրանք, ովքեր օրական մեկ ծխախոտից պակաս են ծխում, վաղ մահվան 64%-ով ավելի բարձր ռիսկի են ենթարկված, քան չծխողները:
Գիտնականների խոսքերով՝ ժամանակի ընթացքում ծխախոտի մեջ պարունակվող տոքսինների ազդեցությունն աճում է: Եթե մարդը ծխում է միայն խմելիս, բայց խմում է շաբաթը երեք երեկո, ապա ծխելու հետ կապված հիվանդությունների ռիսկը արագորեն աճում է: Նույնիսկ օրական ընդամենը մեկ ծխախոտը պահպանում է սրտանոթային խանգարումների ռիսկը: Իսկ թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը, ինչպես պարզվել է, հիմնականում կապված է ոչ թե օրական ծխված ծխախոտների թվի, այլ վատ սովորության ընդհանուր տեւողության հետ: