Առաջին հայացքից հարմար թվացող վեր բարձրացած ծայրամասով կոշիկը կարող է քայլքը և վազքն ավելի թեթևացնել, բայց և կարող է ոտքերի համար վտանագավոր լինել։ Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ այդպիսի կոշիկ հագնելը ժամանակի ընթացքում մեծացնում է ոտնաթաթի վնասման հավանականությունը, փոխանցում է Medportal.ru-ն։
Խեմնիցկու տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Ֆրեդի Զիխտինգը և նրա գործընկերները հետազոտության մեջ վերլուծել են, թե տարբեր պայմաններում 13 կամավորների ոտքերի մկաններն ինչպես են աշխատում։ Կամավորները փորձերի ժամանակ վազքի արահետով քայլել են ոտաբոբիկ և տարբեր չափերով վեր բարձրացած ծայրամասով սանդալներով։
Հետազոտությունը ցույց է տվել, որ վեր բարձրացած ծայրամասով կոշիկ հագնելու դեպքում ոտնաթաթի մկանները քիչ են աշխատում, քանի որ քիչ ջանք է պահանջվում, որ հրելիս կայունացվեն ոտքի մատների հոդերը։ Պարզվել է, որ սա ինչպես լրացուցիչ հարմարավետություն է ստեղծում, այնպես էլ ոտնաթաթերի հնարավոր խնդիրներ։
Գիտնականները մտավախություն ունեն, որ այդպիսի կոշիկ հագնելու հետևանքով ժամանակի ընթացքում ոտնաթաթերի մկանները կարող են թուլանալ, ինչը կարող է առաջացնել ներբանային (պլանտարային) ֆասցիիտի մեծ վտանգ։ Այս հիվանդությանը հատուկ է ներբանային ֆասցիայի բորբոքային և դեգեներատիվ փոփոխությունների զարգացումը։ Դրա հիմնական ախտանիշներն են ոտնաթաթի և սրունքաթաթային հոդի ցավերը։
Վեր բարձրացած ծայրամասով կոշիկ հագնելու հետևանքով ոտնաթաթի ախտահարման ռիսկն առայժմ վարկած է։ Սակայն Վիկտորյա թագուհու համալասարանի ոտնաթաթի վիրաբուժության մասնագետ Թրևոր Փայորը The Guardian-ին տված մեկնաբանության մեջ խորհուրդ է տվել հերթագայությամբ օգտվել մի քանի տեսակի կոշիկներից, որպեսզի պոտենցիալ բարդությունները նվազագույնի հասցվեն։