COVID-19-ով պացիենտների գրեթե 15 տոկոսը բախվում է լսողության խանգարումներին. հետազոտություն
Advertisement 1000 x 90

COVID-19-ով պացիենտների գրեթե 15 տոկոսը բախվում է լսողության խանգարումներին. հետազոտություն

Կորոնավիրուսային ինֆեկցիան իսկապես կարող է ազդել լսողության վրա. COVID-19-ով պացիենտների գրեթե 15 տոկոսը բախվում է լսողության խանգարումներին, ցույց է տվել հետազոտությունների խոշորագույն պարբերական ամփոփումը:

Մանչեսթերի աուդիոլոգիանի եւ խլության կենտրոնի գիտնականները մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհից տվյալներ են հավաքել կորոնավիրուսային ինֆեկցիա տարած պացիենտների շրջանում լսողության խանգարումների դեպքերի մասին, հայտնում է Medportal.ru-ն: Պարբերական ամփոփման թարմացված տարբերակի մեջ են մտել մոտ 60 հետազոտություններ եւ հաշվետվություններ, որոնցում նկարագրված են COVID-19-ից հետո աուդիովեստիբուլյար ախտանիշները:

Վերլուծությունը ցույց է տվել, որ չափահաս պացիենտների 7-ից մինչեւ 15 տոկոսը հայտնում է լսողության խնդիրների մասին: Ապաքինվածներն ավելի հաճախ գանգատվում են տինիտուսից՝ ականջներում աղմուկ կամ զնգոց, որը հաճախ ուղեկցվում է գլխապտույտով:

«Չի պարզվել, թե ինչու է հաստատված COVID-19-ով մարդկանց մոտ տինիտուսի առաջացման մասին հաղորդվում: Հնարավոր է, որ վիրուսը հարձակվում ու վնասում է լսողական համակարգը: Մյուս կողմից՝ համավարակի հոգեկան եւ զգայական լարվածությունը կարող է ձգանի դեր կատարել»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, աուդիոլոգիայի պրոֆեսոր Քեւին Մանրոն:

Պացիենտների մոտ 7 տոկոսը նաեւ հայտնել է աուդիովեստիբուլյար այլ ախտանիշի՝ գլխապտույտի մասին: Այս վիճակը հատկանշական է ներքին ականջում հավասարակշռության համակարգի վնասմանը: Նկարագրվել են նաեւ մեկ ականջի լիակատար խլության մի քանի դեպքեր, որը հաճախ ուղեկցվում է տինիտուսով:

«Մենք գիտենք, որ որոշ վիրուսներ, ինչպես կարմրուկը, հարականջային գեղձի բորբոքումը եւ մենինգիտը կարող են առաջացնել լսողության հանկարծակի կորուստ, ուստի կորոնավիրուսը կարող է կապված լինել COVID-19-ով պացիենտների համանման ախտանիշների հետ: Այդուհանդերձ, ամբողջ աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվն այնքան մեծ է, որ դժվար է մեծ վստահությամբ ասել՝ լսողության հանկարծակի կորստի դեպքերի թիվը արդյոք գերազանցո՞ւմ է ամենամյա սովորական ցուցանիշները»,- ասել է Քեւին Մանրոն:

med.news.am