Իտալացիները շատ արվեստներում են վարպետներ. գեղեցիկ կյանքի, հարմարվելու ու ինչ-որ բանի տակից պատվով դուրս գալու, պահն ապրելու ու դրանով հիանալու արվեստների մեջ նրանք հավասարը չունեն: Հասկանալի է, որ ամեն ինչ չես կարող տեղայնացնել, սակայն իտալացիների վերաբերմունքը շատ բաների նկատմամբ հենց այն է, ինչը հասարակ իտալացու կյանքը վերածում է ցանկալի Dolce Vita-ին:
- Կերակուրը հաճույք է, իսկ սնունդ ընդունելը` ծես…
Իտալացիներն ապրում են օրվա ռեժիմով: Անհավատալի է թվում, բայց դա այդպես է: Միայն թե դա առանձնահատուկ ռեժիմ է. Առավոտյան` սուրճ խմորեղենով, լանչ` ընտանիքի հետ, ապերիտիվ` ժամը 17:00-19:30, ընթրիք` 20:00-21:00 տանը կամ ռեստորանում:
Ոտքի վրա ուտելը, սուրճի բաժակը ձեռքին վազվզելը, ֆասթ-ֆուդը պարտադրված միջոցներ են, որոնք կիրառվում են միայն ծայրահեղ դեպքերում: Անգամ, եթե իտալացին 30 րոպե ունի լանչի համար, դա կլինի ընկերների հետ` պաստա սրճարանում, այլ ոչ թե ձեռքի հետ ինչ-որ բան ուտելը հեռուստացույցի առաջ կամ սմարթֆոնով, պլանշետով կամ էլ գրքով զբաղվելիս:
Իտալացու համար լավագույն կերակուրը այն է, ինչն աճել է այնտեղ, ուր տվյալ պահին ինքը գտնվում է, պատրաստվել է տեղում, ու նույն պահին էլ կերել են: Եվ հետո, կերակուրը հաճույք է, որը պետք է կիսել ինչ-որ մեկի հետ, քանի որ տպավորություններով փոխանակվելը սննդային ծեսի անքակտելի մասն է. Այն կերակուրն ավելի համեղ է դարձնում:
- Շփումը սոցիալական կյանքի շարժիչն է, զրույցը` արվեստ:
Դուք կարո՞ղ եք ազատորեն շփվել քիչ ծանոթ մարդու հետ, այն էլ՝ ոչ թե դասական՝ եղանակ-բնություն թեմայով, այլ այնպես, որ հետաքրքիր լինի:
Իտալիան այն վայրն է, ուր նեթվորքինգային դասընթացներին անխուսափելի սնանկություն է սպասում, քանի որ բոլորն այստեղ այդ արվեստին մանկությունից են տիրապետում: Իտալացու հետ կարող ես խոսել ամեն ինչի մասին, և կապ չունի` նա պիցերիայի հասարակ աշխատո՞ղ է, լողափում սկանդինավյան քայլքով զբաղվող ինչ-որ մե՞կը, սրճարանում նստած ինչ-որ սենյո՞ր, թե՞ ոսկերչական գործարան ունեցող մեկը:
Թեմաներն ամենատարբեր կարող են լինել` սկսած ցիտրուսայինների տեսակներից ու բերքատվությունից ու տարբեր շրջանների գինիները համեմատելուց՝ մինչև Կեսարի ու Կլեոպատրայի փոխհարաբերություններ ու հռոմեական ճարտարապետություն: Այդպիսի խոսակցությունները մտորելու նյութ են տալիս, հարստացնում նոր գիտելիքներով, պարգևում նոր ծանոթություններ ու ընդլայնում գիտակցության սահմանները: Այդ զրույցները էներգիա չեն խլում, այլ, ընդհակառակը, լցնում են:
- Կյանքը վազք չէ: Այն պարզապես կյանք է: Այստեղ և հիմա:
Կանգ առ: Շունչ քաշիր: Հետ նայիր: Նկատիր, որ քո շուրջը կյանք կա: Հատկապես զվարճալի է ամերիկացիներին հետևելը, որոնք անընդհատ վազում են՝ չգիտես թե ուր:
Իտալացիները ապրում են այն զգացողությամբ, որ ամեն ինչ հասցնելու են: Եվ դա խիստ նվազեցնում է սթրեսի մակարդակը: Դու հանկարծ դադարում ես շտապել ու սկսում ես հասցնել անգամ այն դեպքում, երբ շարունակ ուշանում ես: Պարզապես քո կենտրոնացումն այլ բանի վրա է տեղափոխվում:
Քեզ ժամանակ տուր ամեն ինչի համար, ինչով էլ որ զբաղվելու լինես, ժամանակ ուտելու, երկար ճանապարհ գնալու, զբոսնելու, ընկերոջդ հետ անշտապ շփվելու համար, և դու կզարմանաս, թե որքան շուտ այդ ծախսերը իրենց կարդարացնեն:
Դանդաղելը դեպի կյանքի լավագույն որակ ու ավելի արագ առաջընթաց գրանցելու ճանապարհն է կյանքի շատ ոլորտներում:
- Կյանքի որակը թիվ 1 առաջնայնությունն է: Ոչ մի կոմպրոմիս:
Պարադոքս. կյանքդ որակյալ դարձնելու համար բոլորովին էլ պետք չէ էլ ավելի շատ փող: Ընդհակառակը, ավելի բարձր եկամուտների հետևից վազելով, հավակնություններիդ հագուրդ տալով` դու սկսում ես կորցնել կյանքիդ որակը: Անգամ, եթե ամեն ինչի հասել ես ու ամեն ինչ կառուցել ես, քո կարգավիճակը կայուն պահելու համար դու ավելի շատ ուժեր կվատնես:
Կյանքի դրվածքն Իտալիայում այնպիսին է, որ տեղ է թողնում հաճույքների ու կյանքը որակյալ ապրելու համար: Հիշում եք, չէ՞, որ մենք խոսում էինք նրանց օրվա ռեժիմի մասին: Այն փաստացի այնպես է դասավորված, որ բոլոր այն մանրուքները, որոնք որակյալ կյանքի հիմքն են կազմում, արդեն իսկ ներառված են դրա մեջ:
Կա ժամանակ առավոտյան սուրճի ու թերթերի համար, ժամանակ ցերեկը ընտանիքի հետ լինելու, երեխային դպրոցից վերցնելու կամ մի քիչ ննջելու, ընկերների հետ հանդիպելու ու ապերիտիվի շուրջ ինչ-որ բան ուտելու և շատ այլ բաների համար:
Չպետք է ապրել աշխատելու համար, այլ պետք է աշխատել ապրել հասցնելու ու լավ ապրել հասցնելու համար:
- Ներողամիտ ու խնայող լինել ինքդ քո նկատմամբ: Իսկ ինչու ոչ-ը`որպես կենսափիլիսոփայություն:
Իտալիան հարուստ է գայթակղություններով: Համեղ սուրճ ու խմորեղեն` ամեն անկյունում, գերազանց գինիներ, համեղ պաղպաղակ, ինտերիերային ու աքսեսուարների խանութներ, որտեղից առանց գնումների հնարավոր չէ հեռանալ: Եվ ուրեմն, իսկ ինչո՞ւ ոչ:
Գաղափարն այն է, որ քեզ չզրկես փոքրիկ ուրախություններից, և այդպես ամեն օր, քանի որ այդպես դու ոչ թե խեղդում ես խնդիրներդ, չես մտածում դրանց մասին, այլ շարունակում ես զգալ, որ ամեն դեպքում կյանքը հիասքանչ է:
- Ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը: Ընտանիքն ամրոց է:
Երբ փողերդ կվերջանան, կմոռացվեն նվաճումներդ, աշխարհով մեկ կսփռվեն ընկերներդ, այն, ինչը քեզ կմնա, քո ընտանիքն է:
Իտալիայի պատմության ողջ ընթացքում նրա համար բնորոշ քաղաքական ու տնտեսական շարունակական անկայունության պայմաններում ընտանիքը հաճախ միակ վայրն էր մնում, ուր քեզ միշտ ուրախ են ու չեն դավաճանի:
Իտալական կիրակնօրյա ընթրիքները, որի ժամանակ հավաքվում են բոլոր մտերիմներն ու հեռավոր ազգականները, արդեն ասացվածքի առիթ են դարձել: Ճիշտ է, աղմուկն անտանելի է, տարատեսակ հորաքույր-մորաքույրները՝ նույնպես, արդեն չես կարողանում նայել տատիկի ավանդական ճաշատեսակին, ձանձացնում են ֆուտբոլի ու կազմվածքի մասին նույն խոսակցությունները, սակայն ընտանիքը շարունակում է կայունության ու պաշտպանվածության զգացողություն տալ, և այդ պատճառով էլ կիրակնօրյա ընթրիքներն այդքան կարևոր են:
Մենք հաճախ ենք քանակի փոխարեն կենտրոնանում որակի վրա, իսկ իտալացիները հավատում են, որ որակը գալիս է քանակից հետո, և կարևոր է ոչ թե այն, թե ուր է գնում ու ինչ է սովորում քո երեխան, այլ այն, թե որքան ժամանակ եք դուք միմյանց հետ անցկացնում:
- Ամենուր գնալ երեխաների հետ: Երեխաները հիասքանչ են:
Իտալիայում ամենուր թույլատրված է երեխաների հետ մտնել: Այնտեղ բոլորն ուրախ են ձեզ երեխաների հետ տեսնել: Երեխաների կտեսնեք թե՛ գերթանկարժեք ռեստորաններում ու գեղեցկության սրահներում, թե՛ խանութներում, էլ չենք խոսում սովորական սրճարանների ու խանութների մասին: Շատ արագ ձեզ երեխայի համար հատուկ աթոռակ կտրամադրեն, կխաղան նրա հետ, զբաղմունք կգտնեն վերջինիս համար: Մի խոսքով, եթե ձեռքիդ երեխա կա, դու շատ հանգիստ կարող ես գնալ ուր ուզում ես ու լավ ժամանակ անցկացնել:
Եվս մի հետաքրքիր բան. Իտալիայում մանկական ճաշացանկը բացառություն է, այլ ոչ կանոն: Ոչ մի ձանձրալի հավի կրծքամիս ու կարտոֆիլի խյուս: Երեխաներն այստեղ ուտում են նույնը, ինչ մեծերը:
- Առողջ ապրելակերպը առանձին վերցրած մեկ մարդու ընտրությունը չէ. այն կյանքի ոճ է:
Այդ պատճառով էլ պաստան ու պիցցան կազմվածքին չեն վնասում: Միջին վիճակագրական իտալացին տարեկան 26 կգ պաստա է ուտում, սակայն միջին չափսի հագուստ է կրում: Եվ հետաքրքիրն այն է, որ դուք գրեթե չեք հանդիպի դիետա պահող իտալացիների, քանի որ նրանց ամենօրյա սնվելու ռեժիմն ինքնին դիետա է:
Այն հիմնված է մի քանի պարզ կանոնների վրա` հետևիր բանջարեղեն, ալյուրից պատրաստված սննդամթերք, սպիտակուցային սնունդ, մրգեր բալանսին, կերակուր պատրաստիր միայն թարմ սննդամթերքից, օգտագործիր պարզ բաղադրատոմսեր, վերահսկիր չափաբաժինները:
Իտալական առողջ ապրելակերպի երկրորդ կողմը ոտքով քայլելն ու հեծանիվ վարելն է:
Մեքենան մասշտաբային շոփինգի կամ աշխատանքի գնալու համար է, եթե աշխատավայրդ հեռու է: Իտալացիների մոտ գնումները շաբաթը մեկ չեն կատարվում հսկայական քանակությամբ. Դա տարատեսակ փոքր խանութներ ու շուկա ամեն օր գնալն է՝ թարմ հաց, պեստո կամ ձուկ գնելու համար:
Ընկերների հետ հանդիպումները տեղի են ունենում այգիներում, հրապարակներում, լողափին, ժամանցի ակումբում կամ դրա մոտ. Ամեն ինչ ոտքի վրա:
- Հագուստը գեղեցկացնում է մարդուն: Դա կոմունիկացիայի քո եղանակն է:
Իտալացիները շատ են հոգ տանում այն մասին, թե ինչ տպավորություն են թողնում շրջապատի վրա, և դա լավ է, դա գեղեցիկ է:
Հաճելի է մարդկանց փողոցում նայել: Նրանք հագուստ ունեն յուրաքանչյուր դեպքի համար: Նրանք չեն գնա այգի այն հագուստով, որով շուկա են գնում կամ ընկերների հետ հանդիպման:
Շորտեր, գունավոր վերնաշապիկներ, հողափաթեր ամռանը ինչ-որ մի տեղ Հռոմի կամ Ֆլորենցիայի կենտրոնում տեսնելը գրեթե անհնարին բան է: Եթ մարդն այդպես է հագնված, ուրեմն նա հաստատ զբոսաշրջիկ է: Պարտադիր չէ թանկ, բայց լավ ու իրավիճակին համապատասխան հագնվելը հարգանքի դրսևորում է սեփական անձի ու շրջապատի նկատմամբ:
Լրիվ ուրիշ պատմություն է այն, թե ինչպես են իտալացիները վերաբերվում շարֆերին, գլխարկներին ու այլ աքսեսուարներին:
- Լավ վարվելակերպը կյանքը հաճելի է դարձնում:
Իտալիայում ուր էլ մտնես, ժպտա ու ողջունիր այնտեղ գտնվող բոլոր մարդկանց: Երբ մտնես տանը մոտ գտնվող ոչ մեծ սուպերմարկետ, այնտեղ քեզ կողջունեն բոլորը` գանձապահից սկսած՝ մինչև հավաքարար:
Մարդու հետ խոսելիս պետք է պատասխանես նրա հայացքին, պահես կոնտակտը: Եթե քեզ հրել են, առաջինը ասա` կներեք, և միջադեպը կվերածվի հաճոյախոսություններով փոխանակման:
Ինչ-որ մեկը այս բաները սոցիալական մանրուք կանվանի, սակայն այդպես ավելի հաճելի է ապրելը, քան առանց դրա, դե, իսկ հասարակությունն էլ ընդհանուր առմամբ ավելի բարի է դառնում:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը