Ալկոհոլի «անվտանգ» չափաբաժին, որը չի ազդի ուղեղի վրա, գոյություն չունի, ինչպես պնդում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները։ Նրանց խոսքով՝ ցանկացած քանակի սպիրտային խմիչքների օգտագործումը վնաս է պատճառում մարդու նյարդային համակարգի կենտրոնական հատվածին:
The Guardian-ը հաղորդում է, որ գիտնականները դեռ փոխհամաձայնության չեն եկել առողջության վրա ալկոհոլի ազդեցության շուրջ: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ օրական մեկ բաժակ կարմիր գինին կարող է կանխել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են 2-րդ տիպի շաքարախտը, օստեոպորոզը, Ալցհեյմերի հիվանդությունը եւ սրտի հիվանդությունները:
Սակայն բրիտանացի գիտնականները վստահ են, որ սխալ է այն կարծիքը, թե ալկոհոլի չափավոր քանակն անվտանգ է:
«Գոյություն չունի մի շեմ, որի դեպքում ալկոհոլի օգտագործումը հետեւանքներ չի ունենա՝ ցանկացած քանակությամբ ալկոհոլը վնասակար է»,- ասում է հետազոտության հեղինակ Անյա Տոպիվալան՝ Օքսֆորդի համալսարանից:
Նրա խոսքով՝ ալկոհոլը ախտահարում է ամբողջ ուղեղը, եւ ոչ թե միայն դրա առանձին մասերը, ինչպես նախկինում էին կարծում:
Հետազոտությանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի 25378 բնակիչներ: Գիտնականները վերլուծել են նրանցից յուրաքանչյուրի տվյալները՝ ուշադրություն դարձնելով տարիքին, սեռին, կրթությանը, ալկոհոլի օգտագործմանը, ուղեղի չափին եւ առողջական վիճակին՝ ըստ ՄՌՏ-ի տվյալների, կենսակերպին, ինչպես նաեւ վնասակար սովորություններին, ինչպիսին ծխելն է։
Գիտնականների թիմը պարզել է, որ գլխուղեղի գորշ նյութի ցածր խտությունը կապված է ալկոհոլի օգտագործման հետ: Բացի այդ, ուսումնասիրության մասնակիցների ուղեղում գորշ նյութի ծավալը ալկոհոլի պատճառով զգալիորեն ավելի քիչ է եղել: Փաստորեն, նշում են գիտնականները, «որքան շատ եք դուք խմում, այնքան ավելի վատ է աշխատում ձեր ուղեղը»:
Հատկապես գորշ նյութի ծավալի նվազման հակված են հիպերտոնիայով տառապող եւ մարմնի զանգվածի բարձր ինդեքս ունեցող մարդիկ, նշում են մասնագետները: Նրանց խոսքով՝ նույնիսկ ծխելը մարդու նյարդային համակարգի կենտրոնական հատվածի վրա նման ազդեցություն չի ունենում։