Doctors.am-ի խնդրանքով՝ մանկական օրթոպեդ, ողնաշարաբան Արա Անթառանյանը ներկայացնում է օստեոխոնդրոզի վերաբերյալ ամենատարածված միֆերը:
Առասպել 1. Օստեոխոնդրոզը ողնաշարի հիվանդություն է
Հին սովետական, ռուսական ծագման գրականության մեջ օստեոխոնդրոզը բավական շահարկված, չարչրկված թեմա է եւ վերաբերում է միայն ողնաշարին, սակայն արեւմտյան գրականությունը դրան ավելի լայն նկարագիր է տալիս՝ դասելով օստեոխոնդրոպաթիաների խմբին:
Օստեոխոնդրոզը հիվանդությունների այն խումբն է, որը բնորոշ է մանկական պատանեկան արագ աճի շրջանին, երբ ինչ-ինչ պատճառներով տեղի է ունենում աճառային հյուսվածքի բորբոքային երկրորդային ռեակցիա, սնուցման խանգարում եւ այլն, այսինքն՝ այն իրականում կարող է ախտահարել ոչ միայն ողնաշարը, այլեւ կոնքազդրային հոդը, ոտնաթաթը եւ այլն:
Երբ մենք բոլոր հիվանդությունները համատարած անվանում ենք օստեոխոնդրոզ, բուժման խնդիր ենք ունենում, որովհետեւ ողնաշարի համապատասխան ստրուկտուրայի ախտահարումը վեր չհանած, ստնադարտ բուժում ենք նշանակում: Դա նույնն է, եթե բոլոր տեսակի վիրուսային հիվանդությունները բուժենք ստանդարտ սխեմայով:
Սրանից 20-30 տարի առաջ, երբ մեր ձեռքի տակ բավարար ախտորոշիչ միջոցներ չկային, ախտորոշումը դրվում էր օստեոխոնդրոզ: Այժմ մենք փորձում ենք տարանջատել, թե ինչն է պատճառը, որ, ենթադրենք, մարդը մեջքի շրջանում ցավեր ունի, արդյոք դա կեցվածքի որոշակի անհատական տարբերությունների, գիրության, թե ֆիզիկական վիճակի հետ կապված մեխանիկական ցավեր են, արդյոք ցավեր են, որոնց սկիզբը տեղի է ունեցել միջողային աճառների՝ դիսկերի ճողվածքների հետեւանքավ նյարդարմատային կոնֆլիկտի պատճառով, ողնուղեղային կանալի ստենոզի պատճառով եւ այլն: Այսինքն՝ նմանատիպ գանգատ մարդը կարող է ներկայացնել տարբեր հիվանդությունների ժամանակ, եւ մեր դերը հենց դրանում է՝ վեր հանել իրական ախտորոշումը եւ բուժել իրական հիվանդությունը:
40 տարեկանից բարձր մարդկանց գոնե կեսը կյանքում գոնե մեկ անգամ մեջքի շրջանում ցավեր ունեցել է: Առավել հաճախ մարդիկ գանգատվում են գոտկային հատվածի ցավերից, երկրորդ տեղում պարանոցային հատվածի ցավերն են: Ոչ մասնագետն այս գանգատները միանգամից վերագրում է օսեխոնդրոզին: Սակայն շատ կարեւոր է գնալ մասնագետի մոտ, որը կճշգրտի՝ դա ինչ հիվանդություն է, կամ, առհասարակ, հիվանդություն է, թե պարզապես գերծանրաբեռնված մկանային համակարգի հոգնածության հետ է կապված:
Առասպել 2. Մերսումը բուժում է ողնաշարի ցավերը
Այստեղ նորից հիշում ենք մեր սովետական, բարի անցյալը, երբ բոլոր պոլիկլինիկաներում կար մերսման կաբինետ, իսկ մերսող մասնագետն ամենապահանջվածն էր:
«Բուժական մերսում» տերմինի հետ ես, մեղմ ասած, համաձայն չեմ: Ենթադրենք՝ մարդը ունի դիսկոգեն բնույթի ցավեր, այսինքն՝ դիսկի ճողվածք, որն առաջացրել է նյարդարմատային կոնֆլիկտ, եւ նա գանգատվում է մեջքի շրջանում ցավերից, իսկ մենք տրորում ենք, մերսում եւ ակնկալում, որ մարդը կառողջանա: Պացիենտների մի մասն, իհարկե, առողջանում է: Սակայն վիճակագրությունը փաստում է, որ 100 մարդուց 90-ը, որը մեջքի շրջանում ունի այս կամ այն տիպի ցավեր, նույնիսկ չբուժելու պարագայում հետագայում ցավն ինքնիրեն անցնում է: Հետեւաբար, շատ դժվար է տարանջատել՝ մերսման պատճառով էր, որ ցավն անցավ, թե եթե նույնիսկ մերսման չգնար, տասն օր կամ մեկ ամիս անց ցավը կանցներ: Իսկ մնացած 10-ը, դարձյալ վիճակագրության համաձայն, բուժվում է դեղորայքի միջոցով, եւ պարտադիր չէ նույն հիվանդին նշանակել նույն խմբի հակաբորբոքիչ երեք պրեպարատներ, ինչը, դժբախտաբար, բավական հաճախ ենք տեսնում:
Առասպել 3. Օստեոխոնդրոզը բուժում են միայն նյարդավիրաբույժները
Աշխարհում ընդունված է, որ այս տիպի հիվանդները երկու ճանապարհով գնան՝ կամ նյարդավիրաբույժի, կամ օրթոպեդի մոտ:
Հայաստանի պրակտիկան ցույց է տալիս, որ մեզ մոտ հիվանդները դիմում են թե՛ նյարդաբաններին, թե՛ նյարդավիրաբույժներին, թե՛ օրթոպեդներին, թե՛ բուսաբուժներին:
Նյարդավիրաբույժները սովորաբար գտնում են, որ այս հիվանդներն ունեն զուտ նյարդարմատի կոնֆլիկտի խնդիր եւ բուժում են՝ առանց հաշվի առնելու ողնաշարի ստատիկան, բալանսները, դրանց հետագա հետեւանքները: Այդ է պատճառը, որ, օրինակ, դիսկերի դեգեներատիվ հիվանդության դեպքում պացիենտները հաճախ դժգոհում են՝ «գնացի նյարդավիրաբույժի մոտ, մեկ դիսկը հեռացրեց, մնացածը հերթով սկսեցին փչանալ»: Մինչդեռ դա պարզապես ողնաշարի շարժման մեխանիզմը հաշվի չառնելու հետեւանք է:
Իդեալական կլինի, եթե ընտանեկան բժիշկներն առաջինը տեսնեն այդ հիվանդներին եւ իրենք ուղղորդեն համապատասխան մասնագետի մոտ, որովհետեւ նրանք ընտանիքում սովորաբար 2-3 սերունդ վերահսկող մասնագետեր են, եւ տեղյակ են, թե մարդն ինչ մասնագիտություն ունի, ինչ ծանրաբեռնվածությամբ է աշխատում, ինչ հիվանդություններ է ունեցել, ինչը մեզ համար ժամանակատար է: Կարծում եմ՝ այդ մշակույթը սերնդեսերունդ կտարածվի մեզանում: