Սիրած երաժշտությունը լսելն օգնում է ուղեղի պլաստիկության զարգացմանը կոգնիտիվ խանգարումներով կամ Ալցհեյմերի վաղ հիվանդությամբ հիվանդների մոտ: Նման եզրակացության են հանգել Կանադայի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Journal of Alzheimer’s Disease ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է 14 մարդ՝ 6 երաժիշտ եւ 8 ոչ երաժիշտ։3 շաբաթ շարունակ նրանցից ուրաքանչյուրը մեկ ժամ անձնական նշանակության մեղեդիներով հատուկ ընտրված երգացանկ է ունկնդրել:
Այս ժամանակահատվածից առաջ եւ հետո մասնակիցները ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա են անցել, որի ընթացքում ե՛ւ ծանոթ, ե՛ւ ոճով նման, բայց ոչ անձնական նշանակության երաժշտություն են լսել: Երկրորդ դեպքում ուղեղի ակտիվությունը կենտրոնացած էր հիմնականում ուղեղի լսողական կեղեւում։
Սակայն փորձարկվողների մոտ լավ ծանոթ երաժշտությունը լսելիս նեյրոնների ցանցն ակտիվացել է ուղեղի տարբեր շրջաններում, մասնավորապես`ուղեղի կառավարման կենտրոն հանդիսացող նախաճակատային կեղեւում եւ ուղեղի ենթակեղեւային կառույցներում: Ընդ երում, այս ցանցի ակտիվացումը փոխվել է ծանոթ երաժշտություն լսելուց հետո, ինչը, ըստ հետազոտողների, վկայում է նեյրոպլաստիկության զարգացման մասին:
Հետաքրքիր է, որ երաժիշտների եւ ոչ երաժիշտների ուղեղի աշխատանքը տարբեր կերպ է փոխվել: