Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող քիմիական էլեմենտներից է: Այն ակտիվ մասնակցություն ունի մոտավորապես 350 ֆերմենտատիվ ռեակցիաներում: Մագնեզիումը մտնում է բոլոր հյուսվածքների և բջիջների կազմության մեջ և մասնակցում է օրգանիզմի գործունեության կարևորագույն գործընթացներին.
- նոր բջիջների առաջացում,
- սիրտ-անոթային համակարգի աշխատանք,
- նյարդային համակարգի ամրացում,
- գլխուղեղի աշխատանք,
- մարսողություն,
- երիկամների նորմալ աշխատանք,
- նորմալ էնեգափոխանակություն,
- ոսկրերի և ատամների ձևավորում և ամրացում,
- մկանների տոնուս և աշխատանք:
Մագնեզիումը նաև ակտիվացնում է В խմբի և С վիտամինների յուրացումը, պահպանում է կալցիումի նորմալ մակարդակը:
Մագնեզիումի պակասի դեպքում օրգանիզմում կարող են զարգանալ հետևյալ ախտաբանությունները.
- դեպրեսիա, տագնապային վիճակ, շուտ հոգնածություն, ֆիզիկական և հոգեբանական հոգնածություն, անքնություն,
- ներգանգային և զարկերակային ճնշման խանգարումներ,
- սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ,
- ստամոքսի ցավեր, ջրիկ կղանք,
- սպոնտան գլխապտույտ` աչքերի առաջ կետերի ի հայտ գալով,
- ուշադրության կենտրոնացման խանգարում, հիշողության հետ կապված խնդիրներ,
- մկանային սպազմեր, ցնցումներ, վերջույթների թմրածություն,
- մշտական գլխացավեր, միգրեն,
- մեթեոկախվածություն,
- ատամների հյուսվածքի քայքայում, կարիես, ատամնաթափություն,
- մազաթափություն և մազերի փխրունություն:
Մագնեզիումի ավելցուկը նույնպես վտանգավոր է, որն առաջանում է մագնեզիում պարունակող պատրաստուկների շատ և սխալ օգտագործման արդյունքում: Այս դեպքում օրգանիզմի կողմից դիտվում են հետևյալ ախտանշանները. մշտական սրտխառնոց, դիարեա, թուլություն, սրտի ռիթմի խանգարում:
Մագնիումի օրական օպտիմալ դոզան ընդունված է համարել.
Տղամարդկանց համար. 20-40 տարեկան` 400 մգ, 40 տարեկանից բարձր` 420 մգ
Կանանց համար. 20-50 տարեկան` 300 մգ, 50 տարեկանից բարձր` 280 մգ:
Սակայն յուրաքանչյուր օրգանիզմ ունի մագնեզիումի իր պահանջը, օրինակ, մարզիկների, հղիների և դեռահասների մոտ այն ավելի բարձր է:
Օրգանիզմը մագնեզիում ստանում է ջրի, սննդի, հանքային ջրերի միջոցով: Մագնեզիումով հարուստ են ընկուզեղենը, քունջութը, սերմերը, լոբազգիները (լոբի, ոսպ), հատիկեղենը (հնդկաձավար, վարսակ, ցորեն), բանանը, դդումը, թեփը, կակաոն: Մագնեզիում պարունակում են նաև ծովային կաղամբը, ձկնեղենը, ձեւն, կանաչեղենը, ցիտրուսները, թարմ կաթնամթերքը:
Մագնեզիումի մակարդակը օրգանիզմում նորմալ պահելու համար անհրաժեշտ է օգտագործել լիարժեք, բալանսավորված սնունդ: Իսկ եթե առկա են հիվանդություններ, որոնց ժամանակ կամ մագնեզիումը վատ է յուրացվում, կամ առկա է նրա պակասը, բժշկի կողմից նշանակվում է մագնեզիում պարունակող պատրաստուկներ:
Սկզբնաղբյուր՝ kdlolymp.kz