Ինչպե՞ս են հարվածային գործիքներն ազդում աուտիզմով տառապող դեռահասների վրա
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս են հարվածային գործիքներն ազդում աուտիզմով տառապող դեռահասների վրա

Հարվածային հմտությունները, որոնք անհրաժեշտ են թմբուկին հարվածելու համար, կարող են օգնել աուտիզմով տառապող դեռահասների մոտ հաղորդակցության եւ կենտրոնանալու ունակությունների բարելավմանը, վկայում են նոր հետազոտության արդյունքները, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Հետազոտության արդյունքները ստացվել են աուտիզմի սպեկտրի խանգարումներով 36 դեռահասների հետ աշխատանքի ընթացքում, որոնց միջին տարիքը 18 տարեկան էր:

Նրանք, ովքեր ընտրվել էին թմբուկ նվագել սովորելու համար, շաբաթական երկու 45 րոպեանոց սեանս էին ստանում ութ շաբաթվա ընթացքում: Մյուս խմբում հարվածային գործիքների վրա նվագել չէին սովորեցնում:

Նրանք բոլորը հետազոտությունից առաջ եւ հետո ուղեղի սկանավորում եւ նյարդահոգեբանական թեստավորում են անցել: Գնահատվել են նաեւ բոլորի մոտ աուտիզմի ախտանիշների ծանրությունը:

Հետազոտության ավարտին հարվածային գործիքների ուսուցիչները նշել են, որ այն մասնակիցները, ովքեր անցել են անցել են դասընթացը, սկսել են ավելի լավ տեսողական կոնկտակտ հաստատե, հնչեցնել իրեն կարիքները եւ կարգավորել հույզերը: Արդյունքում, ըստ մանկավարժների եւ դաստիարակների, մասնակիցների մոտ բարձրացել է ինքնագնահատականը եւ նվազել զայրույթի բռնկումների թիվը։

«Ծրագիրը, որը մշակվել էր յուրաքանչյուր դեռահասի շարժողական ակտիվությանը եւ համաժամանակեցման ճշգրտությանը հետեւելու համար, կայանում էր մի շարք կրկնվող ռիթմիկ պատկերների կատարման ուսուցման մեջ»,- նշել է հետազոտության գլխավոր հեղինակ, Լոնդոնի Թագավորական քոլեջի Հոգեբուժության, հոգեբանության եւ նյարդաբանության ինստիտուտի ասպիրանտ Մարի-Ստեֆանի Քահարթը:

Նա նշել է, որ աուտիզմը ցմահ զարգացող  նյարդային խանգարում է, որը բնութագրվում է սոցիալական հաղորդակցության եւ փոխազդեցության դեֆիցիտով, ինչպես նաեւ մի շարք կրկնվող հետաքրքրություններով, գործողություններով եւ վարքագծով:

Այդ թերությունները հաճախ դրսեւորվում են ուշադրության հետ կապված խնդիրների եւ հիպերակտիվ վարքագծի տեսքով, սակայն հարվածային գործիքներ նվագելը «շարժումների պլանավորում եւ ճշգրիտ ժամանակացույց», ինչպես նաեւ կենտրոնացած ուշադրություն եւ արգելակման վերահսկում է պահանջում, բացատրել է հետազոտողը:

news.am