Շատ ուտելը սննդային վարքի խանգարման տեսակներից է։ Ի՞նչն է ընկած դրա հիմքում՝ սթրե՞սը, սովորական ծուլությո՞ւնը, կամքի ուժի բացակայությո՞ւնը։ Ինչպե՞ս հաղթահարել շատ ուտելու ցանկությունը, եթե սնունդ ընդունելու պրոցեսը գրեթե անընդհատ է։ Այս հարցերին Pravda.Ru-ի հարցազրույցում փորձել է պատասխանել սննդաբան Կրիստինա Պլոտնիկովան։
Կոմպուլսիվ շատ ուտելը բնութագրվում է այն բանով, որ մարդն ուտելիքը կուլ է տալիս այնպիսի ծավալներով, որոնք զգալիորեն գերազանցում են դրա պահաջարկը, նշել է սննդաբանը։
Սնունդ ընդունելու միջակայքերը շատ կարճ են՝ 2 ժամից ավելի քիչ։ Եվ նման վարքը կապված չէ քաղցի հետ. մեծ ճաշկերույթների մարդուն մղում են.
- տագնապայնությունը,
- սթրեսները,
- միայնության զգացողությունն ու այլ հույզերը, որոնք նա հաղթահարել չի կարողանում։
Առաջին հայացքից թվում է, թե որկրամոլությունը հոգեբանական խանգարման ամենաբարդ տեսակը չէ։ Բայց խնդիրը խորանում է կայուն դեպրեսիայի, շաքարային դիաբետի, հիպերտոնիայի, ճարպակալման աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, անոթների, վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրների առաջացմամբ։ Բացի այդ, մի քանի անգամ բարձրանում է օնկոլոգիայի առաջացման վտանգը։
Սովորաբար, ախորժակն ինքնուրույն վերահսկել չի ստացվում։ Ուտելիքի սահմանափակումները հանգեցնում են միայն լրացուցիչ սթրեսի։ Վաղ փուլում մարդը կազմում է մթերքների եւ կերակուրների ցանկը, ջանում հետեւել սննդաբանի խորհուրդներին, բայց չի կարողանում չտրվել գայթակղությանն ու նորից սկսում է չափից շատ ուտել։
«Եթե անհնար է վերահսկել որկրամոլության նոպաները եւ կրճատել օգտագործվող ուտելիքի քանակը, ապա հարկավոր է հոգեբանի կամ հոգեբույժի օգնությունը։ Պացիենտի վիճակը ճիշտ գնահատելու եւ բուժում ընտրելու համար պետք է ճշտել արյան մեջ խոլեստերինի եւ գլյուկոզայի մակարդակը, բացառել այն հիվանդությունները, որոնք հանգեցնում են ախորժակի վերահսկողությունը կորցնելուն։ Կատարվում է լիարժեք ախտորոշում՝ աղեստամոքսային տրակտի օրգանների զննմամբ»,- բացատրել է մասնագետը։
Կայուն արդյունքների հասնելուն օգնում են փսիխոկորեկցիայի տարբեր մեթոդները։ Թերապիայի տեւողությունը կախված է պաթոլոգիայի ծանրությունից։ Որպես կանոն, աշխատանքը փորձառու մասնագետի հետ թույլ է տալիս խուսափել խնդիրներից մի ամբողջ տարի։