«Ամուսնական պարտք»․թեմային անդրադարձել է Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը։
««Ամուսնական պարտք». այս արհեստական պարտականությունը հաճախ ամուսիններն են ստեղծում իրենց համար և միմյանց անհանգստություն կամ տագնապ պատճառում:
Բանն այն է, որ երբեմն ամուսինը կամ կինը իրեն պարտավորված է զգում, անկախ սեփական սեռական ցանկությունից, կատարել այսպես կոչված ամուսնական պարտքը՝ զուգընկերոջը չնեղացնելու կամ հավատարիմ երևալու համար: Այս մոտեցումը ժամանակի ընթացքում զույգի ավելորդ լարվածության պատճառ է հանդիսանում, քանի որ սեռական կյանքում ցանկացած պարտադրված երևույթ հիասթափության է հասցնում:
Սեքսոլոգիական տեսանկյունից մարդու սեռական ցանկությունը ուղիղ գծի տեսք չունի, ենթարկվում է սինուսոիդալ տատանումների, այսինքն՝ կարող են արձանագրվել բարձրացումներ և իջեցումներ: Այդ գործընթացի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ՝ հոգեհուզական վիճակը, աշխատանքային գերծանրաբեռնվածությունը, ամուսինների միջև լարված փոխհարաբերությունները, հորմոնալ տատանումները և այլն:
Ուստի, բոլոր այն դեպքերում, երբ կնոջ կամ տղամարդու մոտ դիտվում է սեռական ցանկության նվազում, անհրաժեշտություն չկա քողարկելու խնդիրը և «ստիպված» հարաբերություններ ունենալու, այլ կարևոր է, որպեսի զույգը համատեղ քննարկի խնդիրը, վերլուծի, իսկ չկարգավորվելու դեպքում նաև իրականացվի սեքսոլոգիական բուժում»,–գրել է բժիշկը: