2020 թվականին ԱՀԿ-ի հովանավորությամբ մեկնարկվել էր մետահետազոտություն, որի նպատակն է ուսումնասիրել նախորդ այն հետազոտությունների տվյալները, որոնց արդյունքները ստացված էին մարդկանց կողմից օգտագործվող ֆիթնես թրեքերների օգնությամբ: Մետահետազոտության գլխավոր հարցը կարելի է ձևակերպել այսպես․ որքա՞ն ժամանակ պետք է հատկացնել ֆիզիկական ակտիվությանը, որպեսզի փոխհատուցվի նստակյաց ապրելակերպի վնասը։ Քառասուն գիտնականներից կազմված թիմը ուսումնասիրել է 44370 մարդու տվյալները և փորձել օրինաչափություններ գտնել նրանց առողջության և ֆիզիկական ակտիվության միջև:
2020 թվականից սկսած համաճարակի պատճառով հեռավար աշխատանքի տեղափոխված միլիոնավոր մարդկանց կյանքն արմատապես փոխվել է։ Աշխատանքային ընդմիջումներում սպորտով զբաղվելը կամ պարզապես հանգստանալը ավելի հեշտ է ի կատար ածել տանը, քան գրասենյակում։ Իսկ ֆիթնես թրեքերները գիտնականներին ավելի ճշգրիտ տվյալներ են փոխանցում՝ մարդկանց սուբյեկտիվ կարծիքների և ապրումների փոխարեն:
Արդյունքում գիտնականները հաշվարկել են, որ առողջությունը պահպանելու համար միջին վիճակագրական մարդուն բավական է շաբաթական 150-300 րոպե տրամադրել թեթև կամ 75-150 րոպե բարձր ծանրաբեռնվածությամբ ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելուն: Թեթև ակտիվությունը ներառում է այն ամենը, ինչ ստիպում է մարդուն պարզապես շարժվել՝ սկսած սովորական զբոսանքից մինչև երեխաների կամ կենդանիների հետ խաղալը և նույնիսկ սենյակը մաքրելը: Բարձր ծանրաբեռնվածությունը վերաբերում է վազքին, լողավազան այցելելուն, թիմային սպորտաձևերին և այլն:
Իհարկե, ստացված արդյունքները պայմանական են: Նստակյաց աշխատանքի որոշ տեսակներ պակաս հոգնեցուցիչ չեն, օրինակ՝ հայտնի է, որ շախմատիստները սպառում են մինչև 6000 կալորիա և կարող են նիհարել 2-3 կգ մեկ ինտենսիվ խաղի ընթացքում։
Այնպես որ ԱՀԿ-ի հիմնական եզրակացությունը հետևյալն է. ցանկացած քանակությամբ շարժումն ավելի լավ է մարդու առողջության համար, քան դրա բացակայությունը:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը