Էքսեթերի համալսարանի (Միացյալ Թագավորություն) գիտնականներն ամփոփել են դեմենցիայի զարգացման վրա վիտամին D-ի ազդեցության տասնամյա հետազոտության արդյունքները: Այս հիվանդությունը համարվում է մարդկության հիմնական խնդիրներից մեկը, քանի որ այն ախտահարում է ծերունական տարիքում գտնվող բնակչության մինչև 40%-ը։ Կոգնիտիվ կարողությունների կորստի պատճառները շատ են, բայց այժմ կան հստակ ապացույցներ, որ դրանցից մեկը օրգանիզմում վիտամին D-ի պակասն է:
Վիտամին D-ի պակասը պայմանավորված է երեք հիմնական գործոններով։ Նախ, ուրբանիզացիայի պատճառով մարդիկ օրվա մեծ մասն անց են կացնում փակ տարածքներում, առանց արևի ուղիղ ճառագայթների հասանելիության, ինչն օգնում է մարմնին արտադրել այս վիտամինը: Երկրորդ պատճառը թերսնուցումն է. մարդիկ հաճախ չեն կարող իրենց թույլ տալ առողջ սնունդ օգտագործել: Եվ երրորդը՝ APOE-e4 գենի գործոնն է, որի պատճառով վիտամին D-ն մարմնի կողմից չի արտադրվում և յուրացվում է միայն սննդի կամ սննդային հավելումների միջոցով։
Հետազոտողները հետևել են 71 տարեկան ավելի քան 12000 մարդկանց, ովքեր հետազոտության սկզբում դեմենցիայի նշաններ չեն ունեցել: Ոմանց տրվել են վիտամին D-ի հավելումներ, մյուսներին՝ ոչ։ Հիշեցնենք, որ հետազոտությունը տևել է տասը տարի: Ստացված արդյունքների համաձայն, վիտամին D ստացողների մոտ դեմենցիա է առաջացել դեպքերի միայն 40%-ում։ Մինչդեռ տարեցների այն խմբում, ում սննդակարգին վիտամին D չի ավելացվել, այս հիվանդությունը ձեռք են բերել մասնակիցների 75%-ը ։
Իհարկե, չի կարելի ասել, որ D վիտամինը միանշանակ պաշտպանում է դեմենցիայից, սակայն այն զգալիորեն նվազեցնում է այս հիվանդության վտանգը։ Ավելի ճիշտ, այս վիտամինի պակասը մեծացնում է ռիսկերը, իսկ նորմալ մակարդակի դեպքում ռիսկերը նվազագույն կլինեն։ Վիտամին D-ի ընդունումը սննդային հավելումների տեսքով շատ ավելի հեշտ և էժան է, քան դեմենցիայի դեմ պայքարի այլ մեթոդները, եզրակացնում են բժիշկները։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը