Այսօր արդեն իսկ հասկանալի է, որ մեսենջերները առնվազն դառնում են սոցցանցերի երկրորդ զուգահեռ ցանցային հարթակ։ Իսկ լրագրողի աշխատանքի համար դրանք կարող են լինել նույնիսկ հիմնական, առաջնային գործիքներ։ Եվ հարց է առաջանում, թե որ մեսենջերներն են առավել հարմարավետ կամ օգտակար հենց լրագրողի աշխատանքի համար։
Սկսենք նրանից, որ մեսենջերների դեպքում կարևոր է դրանց մի քանի հատկանիշների համադրումը՝ տարածվածությունը, օգտագործման հեշտությունը և անվտանգությունը։
Մեսենջերներն այսօր այնքան մոդայիկ թեմա են, որ ցանկության դեպքում կարելի է գտնել տասնյակ հետաքրքիր տարբերակներ։ Օրինակ, WeChat-ը շատ հետաքրքիր տարբերակ է, բազմաթիվ հնարավորություններով։ Բայց այն տարածված է միայն Չինաստանում։ Կան բազմաթիվ անվտանգ մեսենջերներ, որոնց կարելի է վստահել գաղտնի նամակագրությունը, սակայն դրանցից Հայաստանում գրեթե օգտվող չկա։
Ըստ Similarweb-ի, Հայաստանում ամենատարածված մեսենջերը Viber-ն է։ Հարևան Վրաստանում՝ Ֆեսյբուքի մեսենջերը, Թուրքիայում և Ադրբեջանում՝ WhatsApp-ը, իսկ Իրանում՝ Telegram-ը։
Այնպես որ, առնվազն, լայն շփման համար կարևոր է ունենալ Viber, WhatsApp։ Հասկանալի է, որ խմբագրության կամ կոնկրետ աղբյուրների հետ շփվելու համար կարելի է օգտվել նաև քիչ տարածվածություն ունեցող ծրագրերից։
Բոլոր քիչ թե շատ հայտնի մեսենջերները օգտագործում են որևէ գաղտնագրում։ Սակայն, դա չի նշանակում, որ ձեր գրառումները չեն կարող ընթերցվել։ Դրանք առնվազն հասանելի կլինեն ծառայություն տրամադրող կազմակերպությանը, որը նաև կկարողանա կիսվել տվյալներով, օրինակ, իրավապահ մարմինների հետ։
Zangi հայկական մեսենջերը տարբեր է, այն նման է Signal-ին․ ծառայությունները չեն պահպանում նամակագրությունն իրենց սերվերների վրա։
Այսօր մեսենջերների մեծ մասը անվտանգության համար սկսել են սարքի վրա օգտագործել գաղտնագրում և գաղտնազերծում։ Դա նշանակում է, որ նույնիսկ մեսենջերը սպասարկող անձնակազմը չի կարող ընթեռնելի տարբերակով ստանալ ձեր նամակագրությունը կամ գաղտնալսել զանգերը, որոնք կատարվում են մեսենջերի միջոցով։
Տվյալները գաղտնագրվում են ձեր հեռախոսի կամ համակարգչի մեջ և ապակոդավորվում միայն ստացող սարքի վրա։ Նմանատիպ գաղտնագրում օգտագործում են Signal-ը, Viber-ը, WhatsApp-ը (տվյալ դեպքում կան վերապահումներ, քանի որ կան տվյալներ, որ ադմինիստրատորները կարող են աննկատ փոխել գաղտնագրման բանալիները և դարձնել նամակագրությունը հասանելի, օրինակ, հատուկ ծառայությունների համար)։
Նման գաղտնագրում կիրառվում է Ֆեյսբուքի մեսենջերում, սակայն միայն այն դեպքում, երբ միացնում եք տվյալ օգտատիրոջ հետ Secret Conversation (գաղտնի զրույց) տարբերակը։ Ձեր հասարակ նամակագրությունը հասանելի է Ֆեյսբուքի ադմիններին։ Secret Conversation-ի դեպքում այն ընթեռնելի է միայն երկու զրուցակիցների համար։
Telegram-ի դեպքում նման գաղտնագրումն ակտիվանում է Secret Chat (գաղտնի զրուցարան) ռեժիմում։ Google Allo մեսենջերի դեպքում դուք պետք է ակտիվացնեք ինկոգնիտո ռեժիմը, որպեսզի այն սկսի սարքից սարք գաղտնագրումը։
Սակայն գաղտնագրումը դա դեռ գործի կեսն է։ Խնդիրը նաև գրառումների ոչնչացումն է։ Եթե ձեր կամ զրուցակցի սարքը հայտնվեց մեկ ուրիշի ձեռքում, գրառումները բաց հասանելի կլինեն։
Այդ պատճառով՝ Ֆեյսբուքի Secret Conversation-ի, Telegram-ի ու Viber-ի Secret Chat-ի դեպքում և Signal-ում հնարավոր է կիրառել հաղորդագրությունների ոչնչացման ռեժիմը, երբ նշված ժամանակահատվածից հետո դրանք անհետանում են երկու սարքից՝ ապագայում ապահովագրելով հնարավոր տվյալների արտահոսքից։
Հարմարավետության տեսանկյունից, անկասկած, կարևոր է մեսենջերների աշխատանքը համակարգչից, քանի որ դրանք դարձել են ոչ միայն նամակագրության, այլև ֆայլերի, մեծ քանակով նկարների, ձայնագրությունների փոխանակման ծառայություններ։
Ֆեյսբուքի մեսենջերն այսօր արդեն առանձնացված ծառայություն է, որն աշխատում է նաև առանց ֆեյսբուքյան հաշվի իր առանձին կայքից։ Բրաուզերից աշխատող տարբերակ ունեն նաև WhatsApp-ը և Signal-ը։ Viber-ի և Telegram-ի համար գոյություն ունեն առանձին ծրագրեր համակարգչի համար։ Zangi-ն իր հերթին աշխատում է ցածր որակի կապի պայմաններում, եթե դա հատուկ ամրագրվի կարգավորումներում։
Հիմնականում մեսենջերները թույլ են տալիս ստեղծել մեծ խմբեր, օրինակ, խմբագրությունների համար։ Սակայն, Viber-ը, Tellegram-ը ունեն նաև հանրային ալիքների հնարավորություններ, որոնք թույլ են տալիս լրատվամիջոցին կամ լրագրողին ստեղծել այլընտրանքային մեդիա ալիք։
Հայաստանում սա դեռ տարածում չի գտել, բայց այլ երկներում, օրինակ, Tellegram ալիքները լրջորեն մրցակցում են լրատվականների հետ։
Ընդհանուր առմամբ հասկանալի է դառնում, որ չկա միանշանակ մեկ մեսենջեր, որից օգտվելով կարելի է փակել բոլոր կարևոր բացերը։ Միայն համադրումն է հնարավորություն տալիս օգտվելու հանրային շփումից և միաժամանակ՝ վստահելի գաղտնագրում ապահովել։
Սամվել Մարտիրոսյան