Հնդկահավի նման մի փքվեք, մի քիչ էլ հումորով հագնվեք. Արմեն Երիցյան. wnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հնդկահավի նման մի փքվեք, մի քիչ էլ հումորով հագնվեք. Արմեն Երիցյան. wnews.am

Արմեն Երիցյանը՝ երևանյան նորաձևության մասին

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս հայազգի դիզայները ամառային ամիսները որոշել է անցկացնել հայրենիքում: Wnews.am-ը առիթը բաց չի թողել և հանդիպել է Մոսկվայի նորաձևության աշխարհում իր յուրահատուկ գաղափարներով առանձնացող դիզայների հետ:

Արմեն, մեր առաջին հարցազրույցից անցել է երկու տարի: Ինչպե՞ս է փոխվել այդ տարիների ընթացքում Երևանն ու երևանյան street stlye-ն ըստ քեզ

-Այս տարի Երևանում տեսնում եմ ավելի շատ ոճային հագնված մարդկանց, դրա վրա մեծ ազդեցություն ունի նաև տուրիստների առկայությունը, բացի այդ երիտասարդությունն ավելի լոյալ ու տոլերանտ է սկսել վերաբերվել իրենց ոճով առանձնացող մարդկանց: Չկա բուռն արձագանք մի քիչ տարօրինակ հագնված անցորդների հանդեպ: Երիտասարդները շատ հետաքրքիր են հագնվում, եղել եմ տարբեր փաբերում, մշակութային կենտրոններում և՛երեկոյան Երևանն եմ տեսել, և՛ ցերեկայինը: Հագնվում են թրենդի մեջ, կան բողոքական խմբեր, որոնք հագնվում են ինչ որ բողոք անելով:

Ի դեպ, զարգացել է ոչ միայն  street style-ը, այլև street art-ը: Թումանյան փողոցում գիշերը հետաքրքիր street art տեսա: Նարեկացի Արտ կոչվող մի տղա է անում: Պատկերված էր տղա-աղջիկ միմյանց շատ մոտ կանգնած, հետաքրքիր ժամանակակից գործ էր ու գրված էր «Դիստանցիա մի պահպանեք, սա ցուցասրահ չէ»: Հաջորդ օրը պարզվեց, որ այդ տղան Երևանի տարբեր վայրերում նման street art է անում և դա շատ լավ է ու պետք է շատ լինի: Աշխարհի տարբեր ծայրերում կան նման բաներ, դա դառնում է քաղաքի դեմքը, կողքով անցնելիս փոխվում է մարդու տրամադրությունը:

Երեկոյան Երևանի փողոցային նորաձևությունը տարբերվո՞ւմ է աշխատանքային ժամերի Երևանից: Կա՞ մեզ մոտ արդեն հագնվելու այդ մշակույթը, որովհետև մեր առաջին զրույցում նշում էիր, որ չկա

-Այո- այո արդեն կա: Եթե նախկինում վաղ առավոտից տեսնում էիր երեկոյան հագնված ու պճնված մարդկանց, ապա հիմա գնում են աշխատանքի, հետո փոխվում, հագնվում են ավելի երեկոյան, ավելի վառ, որ աչքի ընկնեն: Դա շատ լավ միտում է:

Մեր նախորդ հարցազրույցը վերնագրել էինք «Ամենաէպատաժային հայ դիզայները»: Համաձա՞յն ես արդյոք դրա հետ և ի՞նչ է նշանկում լինել էպատաժային

-Կարևորն այն չէ՝ համաձայն եմ, թե չէ, կարևորը, որ այդպես է ընկալվել ու այդպես էլ շարունակվելու է հետագայում: Ես հագնում եմ այն, ինչ ուզում եմ, միգուցե տեղին, միգուցե անտեղի, բայց այն, ինչ ինձ դուր է գալիս: Անպայման էպատաժային լինելու հարց ինձ մոտ դրված չէ, երևի հարյուր տարի կլինի, որ նման հարց չկա: Էպատաժը մարդու մեջ կամ լինում է կամ չի լինում, տարիների ընթացքում դու չես էլ զգում, որ էպատաժ ես անում, իհարկե կողքի հայացքները տեսնում ես, բայց էպատաժը չի արվում հանուն էպատաժի, ուղղակի դա քո էությունն է: Ուսանող ժամանակ, ես ինձ համար կարում էի , շատ դժվար էր այդ տարիներին հետաքրքիր շորեր գտնել, բոլորը շատ միանման էին հագնվում: Ես աշխատում էի հին կտորները, շորերը վերափոխել, ինչ-որ բան կարել: Երևանում այդ ժամանկ շատ քիչ էին հետաքրքիր հագնվող մարդիկ՝ «սպիտակ ագռավները», և դա չափից դուրս շատ էր աչքի ընկնում:

Հիմա նման ուշադրություն չկա չէ՞, «սպիտակ ագռավներ» էլ մեծ հաշվով չկան

-Կա, ինչպես չկա, հենց Երևանում հաճախ եմ տեսնում մի տղայի. միշտ սյուրտուկով, կարճ տաբատով, չգիտեմ՝ ով է, բայց միանգամից առանձնանում է:

Ինչպե՞ս տարբերել ֆրիկներին ու հետաքրքիր հագնված մարդկանց, որտե՞ղ է սահմանը:

-Որոշ մարդկանց համար ֆրիկ կարող եմ լինել ես, որոշ մարդկանց համար դու, Գայանե ջան, չենք կարող սահմանում տալ: Դիզայներները հենց ֆրիկներից են նոր բաներ վերցնում, թրենդները նրանք են ստեղծում: Միգուցե ֆրիկների մոտ դա չափից շատ է, բայց դիզայները վերցնում է, մաքրում, քչացնում և մատուցում որպես թրենդ: Ֆրիկների կյանքը հետաքրքիր է, մոխրագույն փողոցները ավելի գունավոր են դարձնում, բացի այդ ,մարդ պետք է մի քիչ հումորով էլ հագնվի, շատ լուրջ չվերաբերի դրան, միշտ պետք է մի քիչ ինքն իրեն հեգնելու, հումորի տեղ թողնել, երբեմն ծաղրածու լինել, հնդկահավի նման չփքվել:

Հայ դիզայներներին հետևո՞ւմ ես, վերջին շրջանում հաճախակի են դարձել ցուցադրությունները, անգամ fashion week ունեցանք:

-Կան դիզայներներ, որոնց հետևում եմ, տեղյակ եմ՝ ինչեր են անում, կան երիտասրադ դիզայներներ, որոնց չեմ հետևում, բայց երբեմն հետաքրքիր բաներ տեսնում եմ նրանց մոտ նույնպես: Հայ դիզայներները պետք է առաջ նայեն ու չվախենան նոր համադրություններից, գույներից: Օրինակ՝ վրացիները չեն վախենում, փորձում են, սխալվում են, բայց միևնույնն է՝ արդյունքում ստեղծում իրենց ոճը: Հայերն էլ պետք է այդպես անեն, ավելի լայն մտածեն:

Իսկ ո՞րը կլինի հայկական ոճը։

-Հիմա շատ են աշխատում հայկական տարազների վրա, բայց դա հետաքրքիր չէ: Պետք է անել սուպերժամանակակից մի բան, այո՛, օգտագործել մեկ երկու հայկական էլեմենտ, բայց անել ժամանակակից նոր բան, որովհետև ժամանակը առաջ է գնում ու չենք կարող տարազով բոլորս շրջել, ոչ բոլորն են Լուսիկ Ագուլեցի, տարազ կարելի է օգտագործել, օրինակ, հարսանիքների ժամանակ, բայց մենք ապրում ենք 21-րդ դարում և պետք է fashion-ը նոր ձևով անել: Միգուցե պետք է թողնել տարազը, օգտագործել հայկական ճարտարապետությունը կամ մի այլ բան, ամեն դեպքում դեռ հայկական ոճը նորաձևության աշխարհում ձևավորված չէ: Չկա նման հասկացություն:

Ինչո՞վ ես զբաղված եղել վերջին երկու տարիների ընթացքում

-Շատ բաներ եմ արել: Մի քանի կոլաժներ եմ արել, որոնք գնացել են անհատական հավաքածուներ, Մոսկվայի թատրոնի 4 գործողությամբ ներկայացման համար կոստյումներ եմ կարել, նաև զգեստների, կոշիկների, աքսեսուարների իմ անձնական հավաքածուները:

Ովքե՞ր են քո գնորդները։

-Երգիչներ, ուսանողներ, տնային տնտեսուհիներ, ովքեր սիրում են հետաքրքիր հագնվել, ունենալ իրենց դեմքը, առանձնալ իրենց հագուստով:

Երևանում լինելու ընթացքում ակտիվ մասնակցում ես երևանյան մշակութային կյանքին: Ի՞նչ ես տեսել այս տարի

-Այո՛, ավելի շատ հոգեպես հանգստանալու համար եմ գալիս Երևան: Եղել եմ «Ոսկե ծիրան»-ին, շատ մեծ հաճույքով եմ միշտ ընդունում իրենց հրավերը, շատ լավ են կազմակերպում, այն արտհաուս ֆիլմերը, որոնք բերում են փառատոնին, հնարավոր չի դիտել նույնիսկ Մոսկվայի փառատոններում: Այս տարի հնդիկ ռեժիսորի հաղթած ֆիլմը իմ ֆավորիտն էր: Երկու օրից Երևանում կբացվի Ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն: Տրիենալեի անցկացման համար հարթակ են ծառայելու Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում գտնվող թանգարանները, Հայաստանի պատմամշակութային հուշարձանները: Հուլիսին Երևանում կբացվի Իլյա և Էմիլիա Կաբակովների ցուցահանդեսը: Զարմանալի է, որ այս մասին շատ քիչ է խոսվում, ոչ մի տեղ չեմ տեսնում: Դա վատ է: Բացի այդ, որպես ժյուրիի անդամ հրավիրված եմ «Միսս Արմենիա 2017 » գեղեցկության մրցույթին: Ընդհանրապես, Երևանում մշակութային կյանքը շատ է լավացել, ամեն տարի ավելի դրական փոփոխութուններ եմ նկատում, բայց Երեւանից դուրս էլի Հայաստան կա, միայն Երևանը չէ, Երևանից դուրս էլ մեր ղեկավարությունը պետք է հավասարաչափ ուշադրություն դարձնի, քանի որ մյուս շրջաններում ոչ մի փոփոխություն չեմ նկատում:

wnews.am