Աշնանային հատապտուղները, ինչպիսիք են լոռամիրգը եւ լորենին, դրական ազդեցություն են ունենում առողջության եւ իմունային համակարգի վրա, կարծում է սննդաբան Իրինա Լիզունը (Ռուսաստան):
«Դրանք ունեն բավականին ցածր շաքարի պարունակություն՝ ոչ ավել, քան 10 տոկոս, ընդ որում, մեծ քանակությամբ օրգանական թթուներ են պարունակում, որոնք շատ օգտակար են, մի շարք վիտամիններ եւ միկրոէլեմենտներ: Մասնավորապես, լոռամիրգը երբեմն նույնիսկ ավելի շատ վիտամին C է պարունակում, քան ցիտրուսային մրգերը: Լոռամիրգն ու լորենին օգտագործվում են որպես բուժիչ հատապտուղներ, դրանք հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ, բիոֆլավոնոիդներ են պարունակում, օգտակար են իմունային համակարգի, սրտանոթային համակարգի, տեսողության համար»,- նշել է մասնագետը:
Նրա խոսքով՝ թե լոռամիրգը եւ թե լորենին բավականին երկար են թարմ պահվում, եւ դա է դրանց տարբերությունը մրգերից, որոնց երկարաժամկետ պահպանման համար ոչ միայն ջերմային մշակում է անհրաժեշտ, այլեւ՝ շաքար: Փորձագետի խոսքով՝ լոռամրգի կամ լորենու վրա կարելի է պարզապես ջուր լցնել, եւ դրանք լավ կպահպանվեն ինչպես սառնարանում, այնպես էլ նկուղում: Ուստի պարտադիր չէ մուրաբա պատրաստել, որպեսզի դրանք պահպանվեն:
Այս հատապտուղները, ըստ սննդաբանի, կարող են օգտագործվել նաեւ խոհարարության մեջ: Օրինակ, դրանցով կարելի է միս կամ թռչնամիս պատրաստել:
«Լոռամրգի եւ լորենու բաղադրիչները լավ են համակցվում սպիտակուցի հետ, խթանում են ստամոքսի աշխատանքը, իսկ վիտամին C-ի շնորհիվ թույլ են տալիս ավելի լավ յուրացնել երկաթը, որն առկա է մսի մեջ»,- նշել է Լիզունը:
Ճիշտ է, թխելիս լորենու եւ լոռամրգի օգտակար տարրերի 20-30 տոկոսը կկորչի, բայց դրանցում օգտակար նյութեր ավելի շատ կմնան, քան մուրաբա պատրաստելու դեպքում: