Ուրանը՝ բացառիկ և ինքնատիպ մոլորակ է: Այս մոլորակի էկվատորի հարթությունը ուղեծրի հարթության հետ կազմում է 98º անկյուն: Այսինքն, մոլորակը ոչ թե պտտվում է, այլ՝ գլորվում է, որն անհետևանք չի մնւոմ, և եթե Արեգակնային համակարգի մյուս մոլորակները ունեն կայուն կամ գրեթե կայուն մագնիսական բևեռներ, ապա Ուրանի վրա դրանք փոխվում են յուրաքանչյուր պտույտից հետո՝ ամեն օր:
ԱՄՆ Ջորջիա նահանգի Տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտությունները պարզել են, որ Ուրանի մագնիսական դաշտը սինխրոն պտտվում է մոլորակի հետ: Սա նույնպես նպաստում է բևեռների ամենօրյա փոփոխությանը: Օրինակ՝ Երկրի մագնիտոսֆերան գոյանում է Հյուսիսային և Հարավային բևեռների շուրջը, և եթե դրանք փոփոխվեն, ապա մեր մոլորակը կհայտնվի աղետալի վիճակում: Իսկ Ուրանում այդ աղետը տեղի է ունենում ամեն օր:
Հետազոտության հեղինակներ Քերոլ Փեյթին և Ցին Կաոն, «Վոյաջեր – 2» տիեզերակայանից ստացված տվյալներից օգտվելով, ստեղծել են թվային մոդելներ, որոնք վիրտուալ տիրույթում արտապատկերում են տարօրինակ մոլորակի վարքը: Արդյունքում, նրանց հաջողվել է տեսնել, թե ինչպես է մոլորակն ամեն օր բաց անում «իր դռները» արևային քամու համար, կամ՝ հակառակը: Արդյունքները հեղինակները հրապարակել են Journal of Geophysical Research: Space Physics ամսագրում:
1986 թ. Վոյաջեր – 2»-ի հպանցիկ թռիչքը Ուրանի ուղեծրի մոտակայքում հնարավորություն է տվել գիտնականներին երկարամյա հետազոտությունների համար, որի վերջնական արդյունքերը աշխատանքային խումբն արդեն ներկայացրել է համայն մարդկությանը: Ի դեպ, մեկ շաբաթ առաջ NASA-ի գիտնականները ծրագրային հայտ են ներկայացրել դեպի Ուրան անօդաչու նոր կայան ուղարկելու համար:
popmech.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը