Արևային էներգիայով սնվող տնակներ՝ լեռներում. կշահեն և արշավականները, և համայնքները
Advertisement 1000 x 90

Արևային էներգիայով սնվող տնակներ՝ լեռներում. կշահեն և արշավականները, և համայնքները

Էկոտնակները, կարելի է ասել, հանգստի համար նախատեսված այն վրաններն են, որտեղ արշավորդները հանգիստն անցկացնելով նաև իրենց փոքրիկ ներդրումն են կատարում բնության պահպանման հարցում։ Իսկական էկոտնակում հանգիստը կազմակերպվում է այնպես, որ բնությանը չպատճառվի ոչ մի վնաս։

Էկոտնակների գլխավոր հատկանիշներն են էլեկտրաէներգիայի և ջրի խնայումը, թափոնների կրճատումը և դրանց վերամշակումը (աղբը էկոտնակներում կամ թաղում են, կամ էլ դուրս տանում)՝ օգտագործելով բնական նյութերում։ Հյուրերին էկոտնակներում առաջարկում են տեղի սեզոնային բնական, օրգանական մթերքներ։

Ցանկալի է, որպեսզի հյուրերը էկոտնակ այցելեն հասարակական տրանսպորտով, որպեսզի քիչ աղտոտեն շրջակա միջավայրը։ Աշխարհի ամենաէկոլոգիական տնակների շարքը, ըստ էկոտնակների վարկանիշային ցուցակի, գտնվում է Հնդկական օվկիանոսի ափին, խրճիթները ձգվում են օվկիանոսի սպիտակ ավազոտ ափի երկայնքով։ Այդտեղ գեղեցիկ է, հանգիստ է, կարելի է լողալ, սուզվել, ինչպես նաև գնալ գյուղ զբոսնելու։

Կանադացի արշավորդների՝ Հայաստան կատարած այցը առիթ դարձավ նմանօրինակ զբոսաշրջային կացարաններ կառուցելու նաև մեր երկրում։

2017թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից հայտարարված «Ձևափոխի՛ր» մրցույթի արդյունքում «Էկոտնակները Հայաստանում» ծրագիրը զբաղեցրեց առաջին տեղը՝ արժանանալով 15 000 հազար դոլար մրցանակի։
Եռօրյա արշավի ընթացքում օտարերկրացի զբոսաշրջիկների մեջ վերահաստատվել է այն գաղափարը, որ Հայաստանը, չնայած իր հիասքանչ բնությանը, արշավորդների շրջանում տարածված ուղղություն չէ։ Պատճառներից մեկը, նրանց մատնանշմամբ, արշավների համար անհրաժեշտ ենթակառուցվածքների գրեթե բացակայությունն է։

Սարերում արշավորդների համար տնակներ տեղադրելու մտորումները նախագծի են վերածվել արշավից վերադառնալուց մի քանի օր հետո, երբ իմացել են Հայաստանի զարգացման հիմնադրամի «Ձևափոխի՛ր» մրցույթի մասին։ Նշենք, որ արշավորդների թվում են նաև մեր հայրենակից լոնդոնաբնակ Լիանա Եփրեմյանը և կանադաբնակ Անիտա Լիբենաուն, ովքեր և ծրագրի համահեղինակներն են։

Լիանան Մքզիլլ համալսարանի (Կանադա) շրջանավարտ է, այժմ աշխատում է Օքսֆորդի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում որպես հետազոտող։ Ապրում է Լոնդոնում, սակայն յուրաքանչյուր հնարավորության դեպքում գալիս է Հայաստան։

«ՀՀ»-ի հետ զրույցում ծրագրի ղեկավար Լիանա Եփրեմյանը խոսեց ծրագրի մասին, թե ինչպես, ինչ մեխանիզմով, ինչ ժամանակացույցով է նախատեսվում իրականացնել էկոտնակների հիմնումը։ Կանադայում ապրելու տարիներին բազմիցս մասնակցել է արշավների ու ստիպված չի եղել կիլոմետրեր հաղթահարելով իր հետ լրացուցիչ բեռ տանել՝ վրաններ գիշերակացի համար։

«Մենք քննարկեցինք, որ Հայաստանը գեղեցիկ վայրեր շատ ունի, որոնք գովազդված չեն, կարծես թե դրսի զբոսաշրջիկի համար բացահայտված չեն։ Ես «Լույս» հիմնադրամի շրջանավարտ եմ, իրենցից պարբերաբար նամակներ եմ ստանում, թե ինչ աշխատատեղեր, ծրագրեր կան Հայաստանում, և երբ նման նամակ տեսա, հասկացա, որ պետք է բիզնես ծրագիր մշակեմ»,- խոստովանում է Լիանան։

Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է 2 մլն դոլար։ Էկո տնակները նախատեսվում է տեղադրել Հայաստանի ամբողջ տարածքում՝ 12-18 վայրում։ Առաջին տնակը, ըստ հաշվարկների, պատրաստ կլինի աշխատանքները սկսելուց 8 ամիս հետո, այնուհետև յուրաքանչյուր տնակի պատրաստման և տեղադրման համար կպահանջվի 3,5 ամիս ժամանակ։

 

Մանրամասները «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում