Այս դեպքը բացառիկ էր. Անդիկյանը՝ 60 կգ ուռուցքի հեռացման վիրահատության մասին
Advertisement 1000 x 90

Այս դեպքը բացառիկ էր. Անդիկյանը՝ 60 կգ ուռուցքի հեռացման վիրահատության մասին

Օնկոգինեկոլոգները տարբեր ուռուցքներ են տեսնում և յուրաքանչյուրը նման չէ մյուսներին: Սակայն ձվարանի 60կգ-անոց ուռուցքը, որը վերջերս հեռացրել էին 38-ամյա կնոջ օրգանիզմից, ամենամեծն էր, որը երբևէ տեսել էր Դենբերի հիվանդանոցից (Քոնեքթիքութ նահանգ) գինեկոլոգիական ուռուցքաբանության ոլորտի մասնագետ Վահագն Անդիկյանը և նրա գործընկերները:

«Ամեն մի վիրաբույժի չի հաջողվում նման չափի ուռուցք տեսնել: Այս դեպքը շատ բացառիկ էր», – NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է Վահագն Անդիկյանը:

Բժշկի խոսքով՝ հիվանդը 2017-ի նոյեմբերի սկզբին սկսել էր նկատել, որ իր ոտքերը և որովայնը ուռում են: Ոռուցքը շատ արագ էր աճում՝ շաբաթական 5 կգ մեծանում էր և ընդամենը 2-3 ամսում այն անհավանական չափերի հասավ: Ուռուցքի պատճառով հիվանդը չէր կարողանում քայլել և ստիպված էր հաշմանդամի սայլակով տեղաշարժվել:

Սկզբում կինը դիմել էր թերապևտի, որը միանգամից նրան վիրաբույժ Անդիկյանի մոտ ուղարկեց՝ հայկական ծագումով վիրաբույժի, որը մասնագիտանում է հենց նման հիվանդների բուժման մեջ:

«Երբ նա եկավ մեզ մոտ, արդեն ծայրահեղ վիճակում էր, հազիվ էր շարժվում, հաշմանդամի սայլակում էր: Քանի որ ուռուցքն ամեն օր աճում էր, ժամանակը շատ քիչ էր. պետք էր շատ արագ վիրահատական ծրագիր կազմել. որոշել, թե ինչպես ենք հեռացնելու այդ ուռուցքը», – պատմել է բժիշկը:

Նա 20 մասնագետներից կազմված թիմ է հավաքել՝ վիրաբույժներից, անէսթեզիոլոգներից, բուժքույրերից և պաթոլոգոանատոմներից, քանի որ մեկ վիրահատության ժամանակ հարկավոր էր հեռացնել ուռուցքը, պարզել ինչպիսին է այն՝ բարորակ թե չարորակ, ինչպես նաև վերականգնել որովայնի պատը:

Վիրահատությունը մոտ 5 ժամ տևեց և չնայած ողջ բարդությանը, հաջող ընթացավ: Հիստոլոգիական հետազոտությունը ցույց տվեց, որ ուռուցքը բարորակ էր. դա ձվարանի մուցինոզ ցիստադենոմա էր: Մասնագետը բացատրել է, որ նման ուռուցքներն առաջանում են ձվարանի մակերևույթին և արտադրում են ժելատինանման հեղուկ, որը կուտակվում է այդ խոռոչում և ձվարանի կապսուլան մեծ չափերի է հասցնում,  ինչպես և պատահել էր այս դեպքում:

Հետվիրահատական շրջանում կնոջ մոտ ճնշման հետ կապված խնդիրներ են առաջացել: Մասնագետը բացատրել է, որ ուռուցքը ճնշել է ստորին սիներակին և աորտային, ինչի պատճառով  կնոջ մոտ նվազել է երեկային ետհոսքը և անոթների տոնուսի խնդիր էր սկսվել:

Մասնագետները նշանակել են դեղեր, որոնք բարձրացնում են անոթների տոնուսը և ճնշումը: 2-3 օր անց հիվանդի ճնշումը կարգավորվել է և միանգամից սկսել է կազդուրվել, սկսել է ինքուրույն ուտել, քայլել: Նա ստիպված էր նորից սովորել քայլել ֆիզիոթերապևտների միջոցով, քանի որ սայլակում անցկացված ժամանակահատվածում նրա մկանները ապաճել էին:

Վիրահատությունից 2 շաբաթ անց հիավնդին դուրս են գրել հիվանդանոցից, իսկ 4 շաբաթ անց նա նորից եկել է բժիշկ Անդիկյանի մոտ:

«Նա անճանաչելի էր. վիրահատությունից հետո 180 ֆունտ՝ ավելի քան 80 կգ էր կորցրել»:

Հետաքրքիր է, որ մասնագետները կարողացել են ոչ միայն փրկել կնոջ կյանքը, այլև պահպանել նրա վերարտադրողական օրգանները: Չնայած ուռուցքից վնասված ձախ ձվարանը ֆալոպյան փողի հետ հեռացրել են, աջ ձվարանը և արգանդը առողջ են մնացել և ցանկության դեպքում կինը կարող է երեխաներ ունենալ:

med.news.am