Mirkrasoty.life-ը գրում է, որ ծխախոտի օգտագործման հետևանքով օրգանիզմում կուտակվում են բազմաթիվ թունավոր նյութեր, որոնք օրգանիզմից ամբողջությամբ դուրս են գալիս ծխելը թողնելուց միայն 6-8 ամիս անց։ Այս գործընթացը կարելի է արագացնել՝ սննդակարգ ներառելով մթերք, որոնք նպաստում են օրգանիզմից նիկոտինի դուրսբերմանը։
Ցիտրուսային մրգեր։ Նարինջը, կիտրոնը, մանդարինը, թուրինջն ու մյուս ցիտրուսային մրգերը մեծ քանակով վիտամին C են պարունակում։ Այս նյութն արագացնում է նյութափոխանակությունը, լավացնում արյան շրջանառությունը՝ օգնելով արյունն ու թոքերի հյուսվածքները մաքրել ծխախոտի հետևանքով կուտակվող թունավոր նյութերից։ Բացի այդ՝ այս մթերքը բավականին արդյունավետ է դեպրեսիայից ազատվելու համար, որի նշանները հաճախ են նկատվում այն անձանց մոտ, ովքեր վերջերս թողել են ծխելը։
Կիվի։ Այս տրոպիկական միրգը պարունակում է C, A, E վիտամիններ, որոնք հարկավոր են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Դրա բաղադրության մեջ նաև օրգանական թթուներ են ներառված, որոնք նպաստում են նյութափոխանակության արագացմանը։ Բացի այդ՝ կիվին հարուստ է մագնեզիումով, որը լավացնում է շնչառությունը և օգնում ազատվել ծխողներին տանջող հազից։
Կիվին դիետիկ մթերք է համարվում, քանի որ քիչ կալորիաներ է պարունակում։ Այն խորհուրդ է տրվում մարդկանց, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ։ Հիշեք, որ կիվին խորհուրդ չի տրվում այն անձանց, ովքեր տառապում են երիկամների բորբոքային հիվանդություններով կամ զարկերակային հիպոտոնիայով։
Ջուր։ Ծխախոտի օգտագործման բացասական հետևանքներից մեկն օրգանիզմի ջրազրկումն է։ Այդ պատճառով բոլոր նրանք, ովքեր ցանկանում են թողնել ծխելը, պետք է հետևեն, որ օրգանիզմը ստանա հեղուկի անհրաժեշտ քանակ։ Բացի այդ՝ ջուրն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները։ Ծխողներին օգտակար են նաև չրերից պատրաստված հյութերը, ինչպես նաև այլ հյութեր, որոնք հարուստ են երկաթով, մագնեզիումով, սելենով, կալիումով, կալցիումով։
Սպանախ։ Սպանախը մեծ քանակով ֆոլաթթու է պարունակում, որն անհրաժեշտ է նյարդային համակարգի նորմալ աշխատանքի, ինչպես նաև մկանների տոնուսի պահպանման համար։ Ծխող մարդիկ ևս պետք է սպանախը ներառեն սննդակարգ, քանի որ ծխախոտի երկարատև օգտագործման հետևանքով օրգանիզմում B9 վիտամինի պակաս է առաջանում։
Սպանախն ունի ևս մի կարևոր հատկություն. մարդիկ, ովքեր այս բանջարեղենը ներառում են իրենց սննդակարգ, նկատում են, որ ժամանակի ընթացքում սկսում են այլ կերպ ընդունել ծխախոտի հոտը։ Բուն ծխելու ընթացքը նրանց համար դառնում է տհաճ, ինչն օգնում է ազատվել վնասակար սովորությունից։
Գազար։ Գազարի օգտակարությունը դժվար է թերագնահատել. այն հարուստ է A, B, C, K վիտամիններով, որոնք մասնակցում են տոքսինների դուրսբերմանը, օգնում են ազատվել սթրեսից։ Գազարի պարբերական օգտագործումը նպաստում է նաև մաշկի որակի լավացմանը։
Ծխելուց ազատվել ցանկացող մարդու սննդակարգը պետք է հավասարակշռված լինի, պարունակի հիմնական սննդարար նյութեր, միկրոէլեմենտներ ու վիտամիններ։ Կարևոր է վերահսկել օգտագործվող կալորիաների քանակը. ծխախոտի օգտագործումը նվազեցնում է ախորժակը, իսկ դրանից հրաժարվելու դեպքում մեծանում է շատ ուտելու ցանկությունը, ինչի հետևանքով կարող է ավելորդ քաշ կուտակվել։
Հարկավոր է նաև սննդակարգ ներառել սերոտոնինի արտադրությանը նպաստող մթերք՝ դառը շոկոլադ, յուղոտ ձուկ, լոբազգիներ, որպեսզի օրգանիզմը կարողանա պայքարել սթրեսի դեմ։