էկոտուրիզմի զարգացման տեսանկյունից Հայաստանը մեծ ներուժ ունի: «Հայաստանում հյուսիսից հարավ գնալով 6-7 ժամում մարդ կարող է տեսնել տարբեր էկոհամակարգեր: Հյուսիսում գերակայում են լայնատերև անտառները, մինչդեռ հարավն ավելի կիսանպատային գոտի է: Դա Հայաստանի հիմնական այցեքրատն է, հնարավորությունն է, որը մենք պետք է կարողանանք օգտագործել: Մեր կենսաբազամազանությունը հարուստ է»,- ասաց WWF-ի հայաստանյան մասնաճյուղի բնապահպանական ծրագրերի ղեկավար Արսեն Գասպարյանը:
Ըստ նրա՝ էկոտուրիստի համար Հայաստանում ամենագրավիչ վայրերն են՝ թռչնադիտակումների տեսանկյունից «Արփի լիճ» ազգային պարկը և Արմաշի լճերը, Արփայի տարածքը, որտեղ ՀՀ կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերին կարելի է տեսնել, Սոսու պետական արգելավայրը, որտեղ մի քանի դար կանգուն մնացած սոսիներ կան, «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիք» ազգային պարկը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, «Դիլիջան» ազգային պարկը, Արագածը:
Թեպետ առկա հնարավորություններին Հայաստանում մի շարք գործոններ խոչընդոտում են էկոտուրիզմի զարգացմանը: «Ոլորտի զարգացման առաջին խոչընդոտը մասնագետ զբոսավարների պակասն է: Եվրոպայից կամ ԱՄՆ-ից եկած էկոտուրիստը հաստատ ցանկանում է ստանալ որակյալ ծառայություն: Երկրորդ խոչընդոտն ապրելավայրերի կրճատումն է՝ պայմանավորված հանքարդյունաբերության զարգացմամբ: Որոշ տարածքներում զբոսաշրջային ծառայությունները բացակայում են, և առկա է ճանապարհների հասանելիության խնդիրը»,- ասաց Արսեն Գասպարյանը:
Այնուամենայնիվ, էկոտուրիզմի զարգացման դրական միտում Հայաստանում Արսեն Գասպարյանը տեսնում է: «Որքան էկոտուրիզմը զարգանում է, այնքան հանքարդյունաբերության ռիսկը նվազում է: Ջերմուկում բոլորը զբոսաշրջությամբ են զբաղվում և չեն ուզում այնտեղ հանք լինի: Հուշանվեր են վաճառում, տուրեր են կազմակերպում, ծառայություններ մատուցում, բնությունից կարողանում են օգտվել, կայուն եկամուտ ստանալ: Սա լավ օրինակ է՝ ինչպես էկոտուրիզմը կարող է զարգացնել տարածքն ու եկամուտ բերել: Հանքարդյունաբերությունն ու էկոտուրիզմը կողք կողքի չեն կարող զարգանալ»,- ասաց Արսեն Գասպարյանը:
Ամբողջությամբ՝ ecolur.org