Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գրառումը.
(Ա մասը հրապարակել եմ ս/թ հոկտ. 23-ին)
1993-1996 թթ. ընթացքում դեպի ազատագրված շրջաններ իրականացրածս ճամփորդություններիս ընթացքում արկածալից դրվագները հաջորդում էին միմյանց: Նրանցից որոշները վերհիշելիս, նույնիսկ այսքան տարի անց, կամքիցս անկախ հոգիս ծիծաղով է համակվում:
Իհարկե որոշ պատմություններ երբեմն-երբեմն ընկերական ամենանեղ շրջանակներում առիթ ունեցել եմ պատմելու, բայց վերջին ժամանակներս Դիմատետր կոչված հարթակի միջոցով դրանցից մի քանիսի հրապարակմանը հետևած արձագանքները կարծես ավելացրին այդօրինակ հուշերս գրի առնելը շարունակելու վստահությունս, ուստի և ստորև պիտի փորձեմ ընթերցողներիս հրամցնել հերթական զավեշտալի դրվագն այն մասին, թե ինչպես նույն տարվա մեջ արդեն երկրորդ անգամը լինելով մի կարճ ժամանակով «գերու» կարգավիճակում հայտնվեցի: Իհարկե, դեռ 1996 թ. էլ մի վերջին անգամ նման զավեշտալի դեպք պատահեց, բայց այդ վերջինի մասին մի ուրիշ անգամ:
Եվ այսպես, տանից դուրս գալով 1994 թ. օգոստորի 31-ին, արշավիս 11-րդ օրը, կեսօրն անց հասել էի Դադիվանք: Միտքս այն էր, որ վանքից անընդհատ հյուսիս բարձրանալով հասնեմ ու առաջին անգամը լինելով տեսնեմ խորհրդային քարտեզներում թուրքերենով Ղանլըգյոլ (Արյան լիճ) անվամբ արձանագրված լճակը, որ հետո Սարգիս Ջալալյանցի մի տեղեկությունից օգտվելով այն կնքեցի Գորտագարակ անվամբ:
Դեպի լիճ ձգվող ճանապարհը բավական երկար էր և արդեն մութն ընկնելու պահին հազիվ հասա անտառներով շրջապատված ու իրենից մի ընդարձակ բացատ ներկայացնող Բաղլուփայա հորջորջված գյուղատեղին: Դեռ ճանապահին այնքան նապաստակ ու աղվես էր հանդիպել, նաև վարազի քանդրտածներ ու արջի զուգարանային հետքեր (հիմնականում հոնի կորիզների բաղադրությամբ), որ ինձ համար միանգամայն պարզ էր, թե որևէ շինությունից զուրկ ամայի գյուղատեղիում գիշեր անցկացնելս որքան հետաքրքրական պիտի լիներ կենդանական աշխարհի ներկայացուցիչների համար: Այս հանգամանքը հաշվի առնելով գիշերատեղս որոշելուց հետո համենայն դեպս մի քիչ փայտ հավաքեցի ծայրահեղ իրավիճակի համար: Ինչու՞ ծայրահեղ, որովհետև մտածում էի, որ գիշերվա խարույկը կարող է և շատ հեռվից նկատվել, որը հատկապես մեր զինվորականները կարող են վերագրել օրինակ թուրքական հետախույզների թափանցման և ով գիտե ի՞նչ կլիներ դրա վերջը: Չգիտեմ, գուցե և ցուցաբերածս զգուշավորությանս մեջ չափն անց էի կացնում, բայց կարծում էի, որ ավելի ապահով է գործ ունենալ գազանների, քան թե քեզ թուրք կարծող հայ զինվորականության հետ, ուստի ինչպես արդեն նշեցի փայտը հավաքեցի մեծ հույսով, որ ստիպված չեմ լինելու այն խարույկի վերածել:
Մոմլաթի մի կտորը քնապարկիս տակը փռեցի ու միակ երազանքով, որ գիշերն անանձրև անցնի՝ մտա պարկիս մեջ: Ավելորդ է ասեմ, որ զուտ քաշի պատճառով (մանավանդ երբ միայնակ էի ճամփորդում) հետս վրան չէի վերցրել:
Աստղալից, բայց լավ մութ գիշեր էր: Լուսինը, որ շատ փոքր էր, հազիվ մեկ ժամ երևաց ու անհայտացավ: Հազիվ էի հարմարվել, երբ սկսեցի ավելի պարզ լսել մե՛րթ հեռվից, մե՛րթ մոտից հնչող տարբեր կենդանիների ոռնոցներն ու չղոցները: Կարծես անվերջ ոմանք ոմանց խժռելիս լինեին:
Համարյա արդեն վարժվել ու համակերպվել էի այդ ձայներին, կամ հոգնությունս էր իր գործը տեսնում, մեկ էլ վեր թռա մի ահռելի թռչունի թևերի ճողփյունից, որ սրնթաց դեպի ինձ իջավ, բայց կարծես միայն վերջին պահին հասկանալով, որ ես իր պատկերացրած որսը չեմ կարող լինել և որ ինքն անզոր է ինձ վեր բարձրացնելու` մթության մեջ սևին խփող լայն թևերի ծանր աշխատանքով կրկին վեր բարձրացավ: Այս հսկա, բայց հիմար թռչունը մի քանի անգամ նույնը կրկնեց: Ամեն անգամ այնքան էր մոտենում, որ արդեն մի քանի մետրից իր հետ դարձի ժամանակ թևերի ուժգնորեն թափահարման պահին դեմքիս քամի էր հասցնում: Մտքովս անցավ, թե որպեսզի հնարավորինս ավելի շուտ իրեն հասկացնել տամ, թե ես իր բանը չեմ՝ մոտենալու պահին սկսեցի ժրաջան ոտ ու ձեռքս թափահարել: Այս գործողությունս կարծես մի օգուտ տվեց: Համենայն դեպս մի քանի փորձից հետո թռչունն ինձնից ձեռք քաշեց ու հեռացավ:
Նորից տեղավորվեցի քնապարկիս մեջ և հույսով, թե այլևս փորձություն չի լինի տրամադրվեցի քնելու, չնայած անկեղծ ասած հակառակ հոգնությանս լարվածությունից քունս փախել էր: Մյուս կողմից մի անօրինակ խոնավություն կար և մի երկու-երեք ժամվա մեջ քնապարկս հասցրել էր բավականին թրջվել: Մի կողմից կենդանիների այդքան առատ ներկայությունը, մյուս կողմից անտանելի խոնավությունն արդեն ստիպում էին, որ խարույկի ձեռնարկեմ, բայց դեռ վերջնական որոշում տալ չէի վստահանում:
Որոշեցի, այնուամենայնիվ, փորձեմ գոնե մի քիչ քնել, բայց գիշերատեղս բառիս բուն իմաստով գազանանոց էր: Թռչունի գրոհներից հազիվ մի 20 րոպե էր անցել, երբ այնքան մոտ, գուցե միայն մի 8-10 մետրի վրա, փայտի կոտրվելու բարձր ձայն լսեցի: Անմիջապես նստել ու վարկյան առաջ փորձում եմ եղյամով պատած ակնոցներս չորացնել, որ ձայնի ուղղությամբ փորձեմ մի բան տեսնել, բայց ոչինչ չկար կամ մինչ ես կարողացա մի բան տեսնել՝ այլևս ոչինչ չկար: Մտածեցի, որ այդպիսի ձայնով փայտը կարող էր միայն բավական ծանրաքաշ կենդանու ոտքի տակ կոտրվել, իսկ այդ կենդանին տվյալ պահին և տվյալ վայրում հենց միայն արջը կարող էր լինել: Ուրեմն հիմա էլ ինձնով արջն էր սկսել հետաքրքրվել: Ճիշտն ասած, սա արդեն մի քիչ շատ էր ինձ համար և սարսափահար եղած ներքին ձայնիս թելադրանքով հապճեպ դուրս թռա քնապարկիս միջից ու մի 10 րոպե չարչարվելուց հետո մի կերպ խարույկ վառեցի:
Փայտեր ավելացնելով բորբոքեցի կրակը և ինքս ինձ բռնացնելով նրանում, որ փաստորեն գազաններից ավելի եմ վախենում, քան ինձ թուրք կարծող հայ զինվորականության հետ հնարավոր հանդիպման տարբերակից, տեղավորվեցի խարույկին հնարավորինս մոտ: Հետաքրքրական էր, որ այդ պահից սկսած բոլոր մոտիկ ձայներն ինձնից հեռացան ու միակ անախորժ պահը կիսաթաց քնապարկս էր, որ պարբերաբար տարբեր կողմերով դեպի խարույկն ուղղվելով ինչ-որ չափով կարողացա չորացնել:
Սկսեց լուսանալ և համարյա անքուն անցկացրած գիշերն անցավ պատմության գիրքը:
Առանց ժամանակ կորցնելու հավաքեցի ուսապարկը և ճամփա ընկա: Մոտ երեք ժամ անվերջ բարձրանալուց հետո դուրս եկա անտառային գոտուց: Ձեռքիս խորհրդային 50.000-անոց քարտեզն ունեի, ուստի ինձ համար դժվար չէր ճիշտ ուղին պահելը: Վերջապես կեսօրն անց բավական հեռվից նկատեցի մի լերկ լեռան ստորոտին գտնվող և որոշ իմաստով բնության միապաղաղ ու միանման տեսարանները կոտրող Գորտագարակ լիճը: Ճանապարհի հենց այս հատվածով անցնելիս ինձանից աջ բավական մոտ տարածության վրա բավական թարմ փորվածքներ տեսա: Որոշեցի ճշտել, թե ի՞նչ բան են դրանք և պարզվեց հունվարին Օմարի կողմից շրջանի տարածք ներխուժած թուրքերի փորած խրամատներն էին: Այստեղ, ի թիվս զինվորական հանդերձանքի մնացորդների և զանազան պարագաների տեսա նաև մետաղական 3 տուփերով 7,62 միլիմետրանոց փամփուշտներ (յուրաքանչյուրի մեջ 440 հատ. Նրանցից մեկը կիսով բաց, բայց լեցուն, մյուս երկուսը` բոլորովին փակ): Թուրքի այդ խրամատից ինձ համար իբրև հիշատակ վերցրի գոտկից կախելուն հարմար մի պայուսակ, որ իրականում նախատեսված էր կալաշնիկովի «մագազինների» համար: Ի դեպ, այդ ավարս շատ տարիներ ինձ ծառայեց որպես լուսանկարչական սարքերիցս մեկի պայուսակ (որ պահել եմ մինչև հիմա):
Լիճը շատ գեղեցիկ էր և անկախ ինձանից համարյա ամեն մի քանի հարյուր մետրը մոտենալիս լուսանկարում էի այն: Վերջապես ափ հասա: Ինչ գեղեցկություն, անաղարտություն: Ուզում էի գոնե մի կետից լճի ընդհանուր տեսարան վերցնել, ուստի մի որոշ չափով բարձրացա լճի հյուսիսակողմյան լեռնալանջն ու այդ բարձրությունից լուսանկարեցի: Ի դեպ, հակառակ նախնական պատկերացումիս տեղում պարզվեց, որ լիճը փակ ավազան չէր: Նրա հարավային ծայրից մի փոքրիկ վտակ էր դուրս ելնում, որը քիչ անց մտնում էր Երիցուշենի ձորակը և իրեն միացող մի քանի վտակների շնորհիվ բավական հորդացած ի վերջո ձախից միախառնվում Տրտու (Թարթառ) գետին:
Մոտ մեկ ժամ լճամերձ տարածքները չափչփելուց հետո (թաքուն հույս պահելով մտածում էի, թե գուցե մերձակայքում մի վիշապաքար էլ կարող եմ հայտնաբերել) ի վերջո հրաժեշտ տվեցի բնության այս հրաշալիքին և սկսեցի իջնել: Երևի մի-երկու կիլոմետր հազիվ էի անցել և արդեն կրկին մոտեցել էի անտառային գոտու սահմանին, երբ ինձանից բավական ցած երեք զինվորի նկատեցի: Եվս մի քանի րոպե և արդեն մոտ տարածությունից ողջունում եմ մեր զինվորներին: Սակայն, տեսնում եմ, որ տղաները ձեռքերում ավտոմատները պատրաստ դիրքում պահած ծայրահեղ կասկածոտ ու սառը հայացքներով զննում են ինձ և ակներև դժկամությամբ են արձագանքում բարևիս: Փորձում եմ հնարավորինս շատ խոսել, որով մտածում եմ կարելի է լարվածությունը չեզոքացնել, բայց օգուտ չունի: Բացատրում եմ, թե ինչպես եմ եկել, ինչ տեղերով եմ անցել՝ օգուտ չունի: Պարզվում է, որ հյուսիսից կամ որ նույնն է, թե թուրքերի կողմից իմ մոտենալս մեր այս զինվորներին հիմք էր տվել կարծելու, թե ես թուրքի հետահույզ եմ: Պահանջում են, որ իրենց հետևեմ և որ իրենք ինձ պիտի ուղեկցեն մինչև զորամաս: Չեմ հակառակվում: Սկսում ենք քայլել դեպի Յանշաղ գյուղը: Ճանապարհին պատասխանում եմ տղաների տարբեր հարցերին ու մեկ էլ նրանցից մեկը, թե՝ «հըլը մի հատ ասա՝ տրուբա»: Անմիջապես գլխի եմ ընկնում միտքը, չէ որ թուրքերն իրենց լեզվական արտասանության սահմանափակ հնարավորությունների պատճառով ռուսերեն որոշ բառեր աղավաղ են արտասանում և մասնավորապես այդ մեկ բառի մեջ երկու տառ սխալ են արտաբերում:
Չգիտեմ, թե ինչու, հենց այդ պահին կատակ անելս բռնեց և որոշեցի բառն արտասանել այնպես, ինչպես կարող էին արտաբերել թուրքերը և ժպտալով պատասխանեցի՝ «թրուփա»: Վայ, տեսնելու բան էր, թե ինչ կատարվեց այդ պահին: Երեքը միատեղ մեկ ակնթարթում տարբեր ուղղություններով, յուրաքանչյուրը մի քանի մետր հեռացած ավտոմատները պատրաստ դիրքում պահած անթարթ ինձ են նայում:
Տղերք, ասում եմ, կատակ արեցի, գիտեմ, որ թուրքերն այդ բառը չեն կարողանում արտասանել, ահա խնդրեմ, լսե՛ք, թե ինչպես պարզ հայավարի «տրուբա» եմ ասում, հետն էլ ավելացնում եմ, թե, բայց հայերեն դրան խողովակ են ասում:
Չգիտեմ, որքան տևեց, բայց դաժան կատակիս պատճառով հարկ եղավ, որ հայ լինելս ապացուցող ջանքերս վերսկսեի զրոյից:
Վերջապես հասանք Յանշաղում գտնվող զորամասը, որտեղ ուղեկից զինվորներն ինձ ներկայացրին հրամանատարին՝ գնդապետ Թանգամյանին և թույլտվություն ստանալով հեռացան: Բարեբախտաբար այստեղ փոխըմբռնումը լիակատար էր, իսկ երեք տուփ փամփուշտների գտնված վայրը քարտեզի վրա մատնացույց անելս մի առանձին ուրախություն պատճառեց հրամանատարին, ով հենց իմ ներկայությամբ անմիջապես կարգադրեց զինամթերքը զորամաս փոխադրելու խնդիրը լուծել:
Այդ գիշերն անց կացրի կարծախցի գնդապետի հրամանատարական մեծ վրանի մեջ, իսկ արդեն առավոտյան Հանդաբերդի կիսատ մնացած չափագրական աշխատանքներն ավարտին հասցնելուս համար հրամանատարն ինձ օգնական կարգեց երկու զինվորի (հիշում եմ տղաների անունները՝ Վաղինակ և Սերոժ):
Ահա այսպիսի մի պատմություն՝ երկրորդ անգամ «գերվելուս» վերաբերյալ, որը դեռ իր մի վերջին արարն էլ ունի, ի դեմս՝ 1996-ի գարնանը պատահածի, որի մասին էլ գուցե մի ուրիշ անգամ…
Գրությանս կցում եմ մի քանի տեսարան Գորտագարակ լճից (1994, 12 սեպտ.)