Երևան քաղաքի «Հանրապետության հրապարակի» ողջ տարածքում «Լինսի» հիմնադրամի միջոցներով 2003 թ. իրականացվել են բարեկարգման, շինարարական աշխատանքներ: Ծանր տեխնիկայի օգտագործման միջոցով։ Ասֆալտե շերտը քանդելու ընթացքում տեղում անակնկալ բացվել են բնակելի շինությունների ստորգետնյա բաժանմունքներ, որոնց ուսումնասիրությունը հնությունների պահպանության գործակալության կողմից հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտին։ Լիազորված խումբը (պ.գ.թ. Գ. Կարախանայան, պ.գ.թ. Ֆ. Բաբայան, պ.գ.թ. Ա. ժամկոչյան, ճարտարապետ Ա. Հովսեփյան) տեղում իրականացված աշխատանքներով պարզեց, որ դրանք անցյալ դարերին պատկանող բնակելի շենքերի նկուղային հարկաբաժիններ են (մառաններ)՝ կառուցված որոշակի ամֆիլաղային հատակագծով, որմնամույթերի վրա պահվող թաղակապ ծածկերով, կամարակապ բարձր և լայն պատուհաններով, սալարկած տուֆաքար հատակներով, ընդլայնական պատերի բացվածքներով և շինարարական բազմաթիվ այլ հնարանքներով։ Բնակելի և տնտեսական նպատակի ծառայող շինությունները ձգվում էին դեպի արևելք մի կողմից հրապարակի ժամացույցի, մյուս կողմից՝ շատրվանների ուղղությամբ։ Նույնատիպ շինություններ բացվել են նաև նախկին «Արմենիա» (այժմ «Մարիոթ») հյուրանոցի մուտքի դիմաց, որը ջրով լցված լինելու պատճառով հնարավոր չեղավ պեղել։ Հրապարակի մակերեսը խճանկարով հարդարելու նպատակով պեղված տարածքը արագընթաց ծածկվել է հողով և ավազով` ուսումնասիրությունը թողնելով ապագա սերունդներին։
Հրապարակում բացված այս կառույցները ներկայացնում են ուշ միջնադարի շինարարական արվեստի մի կարևոր հատված, որն այսօր բացակայում է Երևանում։ XIX դ. սկզբին Ռուսական կայսրության հրահանգով ավերվեցին Հայաստանի, տվյալ դեպքում Երևանի XVII-XIX դդ. ժամանակաշրջանը ներկայացնող բազմաթիվ կոթողներ, բերդեր, պալատներ, բնակելի և հասարակական շենքեր։ Իսկ XX դ. 30-ական թվականներից սկսած խորհրդային կարգերի կրոնական քաղաքականության զոհը դարձան Երևանի եկեղեցիները, մատուռներն ու գերեզմանատները (Պողոս–Պետրոս եկեղեցի («Մոսկվա» կինոթատրոն), Ս. Աստվածածին, (պահպանվել է Կաթողիկեն, Սայաթ-Նովա – Աբովյան փողոցների խաչմերուկ), Գետցեմանի մատուռ (Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք), XI դ. տոմարագետ, աստղագետ Կոզեռնի մատուռ (Կոնդ), Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Ե. Չարենցի անվ. դպրոց)) և շատ այլ կառույցներ։
Եկեղեցիների քանակությունն անգամ հուշում է, որ ոչ միայն Երևանը, այլև նրա մերձակա շրջանները XVII-XIX դդ. անընդմեջ բնակեցված են եղել հայերով: Այս իրողությունը փաստել է նաև ժան Բատիստ Տավերնիեն։ Նա Երևանի` XVII դ. էթնիկական կազմի ուսումնասիրման համար չափազանց արժեքավոր տեղեկություններ է հաղորդել։ Տավերնիեն գրել է. «Երևանի թաղը (quartier), որ բերդ է, հյուսիս-արևմուտքում մի արվարձան է (fauxbourg), ուր քսան անգամ ավելի ժողովուրդ կա, քան քաղաքում։ Սա բոլոր վաճառականների և արհեստավորների, ինչպես բոլոր հայերի ապրելատեղին է»։ Իր կազմած Երևանի առաջին գծապատկերի բացատրագրում նա մեկ անգամ ևս կրկնում է «Արվարձանը (fauxbourgf) բնակեցված է քրիստոնյա հայերով» ։ Տավերնիեն ոչ միայն գրել է, այլ նաև թողել է քաղաքի համայնապատկերը, որն իբրև ներդիր թեև տեղ է գտել մի շարք գիտական աշխատություններում, սակայն երբևէ առանձնակի քննության չի ներկայացվել, որպես Երևան քաղաքի XVII-XVIII դդ. քաղաքաշինությանը վերաբերող եզակի անցագիր:
Ճարտարապետ Մ. Գասպարյանը XIX դ. բնակելի տների շինարարական հորինվածքի մանրամասներ տեսնում է նաև Ժ. Տավերնիեի կողմից պատկերված համայնապատկերում և այլ աղբյուրներում:
Ժ. Տավերնիեի պատկերած շենքերը, ցավոք, կործանվել են 1679 թ. ավերիչ երկրաշարժի ժամանակ։ Պարսկական պետության շահերից ելնելով՝ Զալ խանը դիմել է շահին՝ կործանված Երևանը վերաշինելու համար։ Ծանր վիճակը փրկելու նպատակով Երևան են գալիս Գանձակից, Նախիջևանից, Ագուլիսից և այլ խանություններից բազմաթիվ մարդիկ, ովքեր, քաղաքի բնակչության աջակցությամբ, վերականգնում են բերդը, եկեղեցիները, մզկիթները, կամուրջներն ու բնակելի տները։
XIX դ. երկրորդ կեսին սկսվում Է Երևան քաղաքի ընդարձակումը և նոր թաղամասերի կառուցապատումը։ Երևանի հատակագծային ձևափոխումները պայմանավորված էին աճող բնակչության բնակարանային պահանջները բավարարելու, հատկապես Պարսկաստանից ներգաղթած հայերին քաղաքում բնակեցնելու հետ։
Կառուցապատման աշխատանքներն իրականացվել են կենտրոնում, որտեղ XVII-XVIII դդ., ըստ բազմաթիվ ճանապարհորդների տեղեկության, ապրել է քրիստոնյա բնակչությունը: Ճարտարապետ Մ. Գրիգորյանը 1934-1935 թթ. հրապարակի կառուցման կապակցությամբ հաստատում է այն իրողոթյունը, որ հրապարակը կառուցվել է հին Երևանի վաղուց և խիտ բնակեցված թաղամասերի տեղում:
Ճարտարապետ Ա. Հովսեփյանը և պեղումներ իրականացնող հնագետները, նկատի ունենալով ստորգետնյա կառույցների պեղված հատվածների ճարտարապետական պատկերը և տեխնիկական վիճակը, հնարավոր են համարել նկուղային հարկաբաժինները վերականգնելը, պահպանելը և ժամանակակից մեթոդներով ցուցադրելի դարձնելը։
Ճարտարապետ Մ. Հասրաթյանը, համեմատելով 1912 թ. պեղումներով բացված Անի քաղաքի գոյության վերջին շրջանին պատկանող բնակելի տների հատակագծային առանձնահատկությունները Հայաստանի ուշ միջնադարի կրոնական և բնակելի համալիրների հետ, գտնում է, որ Անիի բնակարանների համար բնորոշ բոլոր տարրերը՝ թոնիրը, բուխարին, պատերի մեջ խորշերը՝ պատուհանները և վերջապես, թաղակապ նկուղները, թերևս, որոշ չափով ձևափոխված, տեղ են գտել Հայաստանի XVII–XVIII դդ. հոգևոր և բնակելի կառույցներում` որպես հատակագծային հորինվածքի հիմնական սկզբունքի կիրառում:
Ամբողջությամբ՝ iae.am