Տիկնիկային թատրոնի բեմից աուտիզմի համախտանիշով պատանի Քրիստոֆերը, որն ունի շփման խնդիր, հանդիսատեսին կասի միայն ճշմարտությունն ու կհամոզի՝ երջանիկ լինելու բանալին թաքնված է մարդկային ամենապարզ հարաբերությունների մեջ։ «Սա հնարավորություն է մեկուկես ժամ շփվելու մի մարդու հետ, որն իր կյանքում չի ստել»,– ասում է ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը, որի նոր՝ «Քրիստոֆեր» բեմադրության հիմքում ընկած է անգլիացի գրող Մարկ Հեդոնի «Շան հանելուկային սպանությունը գիշերով» ստեղծագործությունը։
Tert.am Life-ը ներկա է եղել բեմադրության փակ դիտմանը, լուսանկարել ընթացքն ու առանձնացրել ներկայացման ամենահետաքրքիր դրվագները։
Կերպարներին մարմնավորել են Տիկնիկային թատրոնի դերասանները, հրավիրված դերասանուհի է Սոնա Մաթևոսյանը, իսկ գլխավոր հերոսին՝ Քրիստոֆերին, մարմնավորում է Թատերական ինստիտուտի Ռեժիսուրայի բաժնի ուսանող Հրաչյա Գյումբալյանը։
«Բարությունը պակասում է, ճշմարտությունն ու պարզ երջանկությունն էլ երբեք ավելորդ չեն լինում,– ասաց ռեժիսորն ու շարունակեց,– Քրիստոֆերը շատ արտասովոր մի գիծ ունի՝ չի կարողանում ստել, սա մի գիծ է, որը բոլորիս պակասում է։ Այս ստեղծագործության թեման երբեք չի հնանա, վստահ եմ, հանդիսատեսը բոլորովին ուրիշ վիճակով դուրս կգա ներկայացումից։ Շատ կարևոր է, որ բոլորը նայեն ներկայացումը, սակայն ոչ թե հասկանալու հասարակության խոցելի խմբերին, այլ հիշելու, որ բոլորս էլ ունենք որոշակի խնդիրներ, բոլորս էլ սիրո, ջեմության կարիք ունենք»։
Հետնաբեմը բաց է, բեմական դեկորները՝ պարզ։ Փոխակերպումներն ու տեղափոխությունները տեղի են ունենում հանդիսատեսի աչքի առաջ, իսկ շեշտադրումը միայն դերասանական խաղի վրա է։ Ստեղծագործությունն ու դրա արտահայտած իմաստն արդեն իսկ հուզիչ են, որը պետք է զգացմունքների միջոցով ուղղակի տեղ հասցնել։ Այդ «պարտականությունը» դրված է դերասանների ուսերին։
Դերակատարները բեմին ծայրաստիճան անմիջական են՝ թե՛ իրար մեջ, թե՛ հանդիսատեսի հետ շփման։ Ռեժիսորը հույս հայտնեց, որ հանդիսատեսը թատրոնի դռներից դուրս կգա բոլորովին ուրիշ հոգեվիճակով։
Ամբողջությամբ՝ life.tert.am