Հանրությանը ծանոթ հայտնիները՝ անծանոթ դիտակետից: Tert.am Life-ի «Անծանոթը» խորագրի զրուցակիցը Սարգիս Գրիգորյանն է։ Դերասանի հետ խոսել ենք ընտանեկան ամենանուրբ հարցերի, մեղավոր սիրո, դստրերի հետ հարաբերությունների, կայուն ընտանիք ունենալու բանաձևի և կյանքում ինչ-որ բան բաց թողնելու ափսոսանքի մասին։
Նա իր հորից ժառանգել է բռնկվող բնավորություն։ Ասում է` դա ունի իր ինչն ունի իր լավ ու վատ կողմերը, մի կողմից բարկությունն ընդամենը հինգ րոպե է տևում, մյուս կողմից` վայ այն մարդուն, որ այդ հինգ րոպեների ընթացքում հանդիպեց իրեն։)
Աղքատության մեջ անցած մանկությունը Սարգսին կոփել է, տարիների փնտրտուքն օգնել, որպեսզի միայն առաջ քայլի։ Ընտանիքը լցնում է նրա կյանքի բոլոր բացերը։ Մեր զրույցը նրան ստիպեց հետ նայել ու իր ապրած կյանքը բնութագրել մեկ բառով՝ դրամա։
-Ինչպիսի՞ մանկություն եք ունեցել ու ինչպիսի՞ երեխա եք եղել։
-Շատ դժվար ու բազմաթիվ խնդիրներով լի մանկություն եմ ունեցել։ Հայրս ասում էր՝ այն եզակի սերունդ եք, որին չենք կարող ասել, թե մեզնից լավ եք ապրում։
Տեսանք պատերազմ, սով, ցուրտ, հազար ձև իշխանափոխություններ։ Այդ ամենի համատեքստում դժվար կլիներ լավ մանկություն ունենալ՝ հատկապես, որ իմ ընտանիքն ապահովված չէր, ծնողներս էլ տարիքով շատ մեծ էին՝ առանց այն էլ դժվար իրավիճակում հնարավորություն չունեին վաստակելու։
Թող ինձ ների իմ քաղաքը, բայց Մոնումենտի անտառի կործանման մեջ իմ մատն էլ է խառը՝ ես էլ եմ այնտեղից ծառ կտրել, բերել տուն, որպեսզի վառելիք ունենանք, նավթ էինք ծախում։ Անգամ, դպրոց չէինք հաճախում, որովհետև ոջիլ էինք ընկնում, քաչալացնում էին, ամաչում էինք դպրոց գնալ։ Մեզնից հետո եկած սերունդը դա չի տեսել, Աստված տա, ոչ մի սերունդ այլևս չտեսնի այն, ինչ ես եմ տեսել մանկության ու պատանեկության տարիներին։
Չնայած այդ ամենն իր դրական կողմն էլ է ունեցել՝ ավելի ամրացել ենք, չենք նահանջել ընկնելուց, էլի վեր ենք կացել, շարունակել առաջ գնալ։
-Աշխատել սկսել եք շատ վաղ տարիքից։ Ի՞նչ է Ձեզ տվել կյանքի այդ փորձությունը։
-Սկսեցի աշխատել, որովհետև չաշխատելու իրավունք չունեի։ Արժանապատիվ չէր լինի նստել թախտին, սպասել բախտին։ Փոքր եղբայրս էլ էր աշխատում, չլուծված շատ խնդիրներ կային, տունն ինչ-որ միջոցով պահել էր պետք։ Իհարկե, շատ լավ էր վաղ տարիքից աշպատելը, որովհետև հետագայում ընտրեցի մի մասնագիտություն, որտեղ իմ փորձը պետք եկավ։ Սկսեցի հասկանալ տարբեր մասնագիտության տեր մարդկանց հոգեբանությունը, մտածողությունը։
Ամբողջությամբ՝ life.tert.am