«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտարարում է, որ իրենք կեղծ տվյալներ չեն հրապարակում։ Սակայն Փաստերի ստուգման հարթակը Մալյանի հայտարարություններում մի շարք անճշտություններ ու կեղծ տվյալներ է հայտնաբերել։
Երեկ՝ հունիսի 11-ին, «Բաց հասարակություն հիմնադրամների» (ԲՀՀ) երևանյան գրասենյակի դիմաց տեղի ունեցավ հերթական բողոքի ակցիան։ Նախաձեռնողը կրկին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, «Ադեկվադ» հաղորդման համահեղինակ Նարեկ Մալյանի հիմնադրած «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն էր։
Մալյանը ցույցի ընթացքում հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնց իսկությունը Fip.am-ը ստուգեց։
«ԲՀՀ-ն ատում է Հայ-առաքելական եկեղեցին»
Մալյանը, խոսքն ուղղելով ԲՀՀ Հայաստանի գրասենյակին, հայտարարեց․ «Դուք և ձեր վարձկանները ատում եք Հայաստանի առաքելական… հայկական առաքելական սուրբ եկեղեցին»։
Այս պնդումը տարօրինակ է, քանի որ «Բաց հասարակության հիմնադրամները» անգամ դրամաշնորհ է տրամադրել Հայ-առաքելական եկեղեցուն։ Մասնավորապես, դեռևս 2010 թվականին Արմավիրի թեմը 25,000 դոլար դրամաշնորհ էր ստացել 130 սոցիալապես անապահով երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու համար։
ԲՀՀ-ի գործունեությունը, սակայն, արգելափակված չէ Իսրայելում։ Հիմնադրամը երբեք գրասենյակ չի ունեցել այդ երկրում, բայց դրամաշնորհներ է տրամադրում իսրայելա-պաղեստինյան հակամարտությամբ և Իսրայելում տարբեր հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին։
Ինչ վերաբերում է նույնպես Մալյանի կողմից հիշատակված Հունգարիային, ապա այնտեղ, իրոք, ԲՀՀ գրասենյակը փակվել է 2018 թ. մայիսին՝ իշխանության կողմից ճնշումների պատճառով։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը պաշտոնավարում է 2010 թվականից, համարվում է Եվրամիության անդամ երկրներից ամենաավտորիտար առաջնորդը։ Freedom House-ի 2019 թ. զեկույցում վերջին տասնամյակում առաջին անգամ Հունգարիան դասվել է «մասնակի ազատ» (partly free) երկրների թվին։ Այն միակն է Եվրամիության անդամ երկրների մեջ, որը չունի «ազատ» կարգավիճակը՝ ըստ Freedom House-ի։
Ինչպես նշել է ԲՀՀ Հայաստանի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը, ԲՀՀ գործունեությունը արգելափակվում է, երբ որևէ «ավտորիտար հասարակարգ կամ ավտորիտարացման գնացող հասարակարգ կամ ղեկավար տեսնում է վտանգ»։ Այպիսով, ԲՀՀ գործունեությունը դադարեցվել կամ արգելվել է հետևյալ երկրներում՝ Բելառուսում՝ 1997-ին, Ուզբեկստանում՝ 2004-ին, Ադրբեջանում՝ 2014-ին, Ռուսաստանում՝ 2015-ին և Թուրքիայում՝ 2018-ին։
Ամբողջությամբ՝ fip.am