Այսօր գիտության մեջ հնարավոր է ստանալ լուրջ արդյունքներ միայն մեծ համագործակցության միջոցով: Եվ գնալով այդ համագործակցությունն ավելի միջդիսցիպլինար է լինելու, քանի որ առաջադրվող խնդիրներն ավելի ու ավելի բարդ և բազմաշերտ են դառնում:
Մեր մոտ՝ Հայաստանում, տարբեր գիտական ոլորտների միջև համագործակցությունը գրեթե զրոյական է: Ավելին, մարդիկ նույնիսկ չգիտեն միևնույն ոլորտի մեջ ով ինչով է զբաղվում և ինչ հնարավորություններ կան, էլ ուր մնաց համագործակցեն: Իսկ, իրականում, հնարավորությունները բավական մեծ են դառնում, եթե մարդիկ սկսեն համագործակցել ընդհանուր խնդիրների շուրջ:
Մի պարզ օրինակ բերեմ. մենք արդեն երեք տարի զբաղվում ենք խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի դեմ հակավիրուսային դեղամիջոցներ ուսումնասիրմամբ: Որոշ ժամանակ պահանջվեց որպեսզի հասկանանք, որ մեր աշխատանքներն ավելի արագ, արդյունավետ ու էժան կլինեն, եթե համագործակցենք համակարգչային կենսաբանությամբ զբաղվող գիտնականների և քիմիկոսների հետ (դրա մասին արդեն գրել եմ): Հիմա ստանում ենք առաջին արդյունքները: Աջ նկարում վիրուսի ազդեցությամբ մահացած բջիջներն են: Վերևի նկարում հայ քիմիկոսների կողմից սինթեզված և համակարգչային սկրինինգի միջոցով հայտնաբերված նյութի ազդեցությունն է վիրուսի վրա: Ճնշում է վիրուսին, որի պատճառով կլորացած բջիջները քիչ են: Ձախում՝ չվարակված բջիջներ:
Այս նյութի մասին երբեք չէինք իմանա, եթե չլիներ մեր համագործակցությունը:
Իսկ հիմա պատկերացրեք, թե որքան լավ հետազոտություններ չեն իրականացվում, որովհետև չկա համագործակցություն: Որպեսզի ավելի շատ գիտնականներն իրար հետ համագործակցեն, պետք է իրար մասին ավելի շատ իմանան և, իհարկե, լինեն համատեղ նախագծերը ֆինանսավորելու ծրագրեր: Երկար ստացվեց:
Կենսաբան Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից: