– Ա՛յ բալա, վեր կաց, գիտե՞ս ժամը քանիսն ա՜․․․ Աչքերս հազիվ բացեցի։ Մորս նման այլայլված դեմքով չէի տեսել։
– Շու՛տ արա, մի կտոր հաց կեր ու վազի դպրոց…
Հայրս այդ օրը գործի չգնաց։ Սովորաբար միասին էինք տնից դուրս գալիս։ Մոտեցավ, գրկեց ու ականջիս շշնջաց․ «Րիգունը ղոնաղ ունենք»։
Դպրոցից բավականին ուշ եկա տուն։ Միջոցառում էր․ Ղարաքլիսայից երգի խումբ էր եկել ու դպրոցի բակում համերգ կազմակերպել։ Ճիշտն ասած դրանից ոչինչ չհասկացա, քանի որ գլխումս անդադար հնչում էր մեր դասարանի Շուշանի ասածը․ «Զարիկին վաղը մեր տուն հարս ենք տանելու․․․»:
Երբ դարձա ու զարմացած հարցրի, թե Զարիկն ո՞վ ա, ուսերը թոթվեց ու ասաց.
– Ախչի՛, դու մեր հարսն ես լինելու, տանը բան չեն ասե՞լ․․․
Համերգից հետո միասին իջանք դբա մեր թաղը, ապա համբուրեց եւ վազեց իրանց տան ուղղությամբ։ Տուն մտա ու անմիջապես դիմեցի մորս․
– Շուշանն ասաց, որ իրանց հարսն եմ լինելու․․․
Խոսքը դեռ չէի ավարտել, երբ մայրս թեթեւ հոգոց հանեց, գրտնակը դրեց մի կողմ ու առանց աչքերիս նայելու ասաց․
– Աշխարհքի բանն է։ Աղջիկը որ մեծացավ՝ պետք ա մարդի գնա։ Տասնիրեք տարեկան ես, ես էդ տարիքում երեխայի էի սպասում։ Սուրենը գյուղի հարգված մարդկանցից ա, քեզ լավ կնայի, լավ տուն-տեղ կդնի․․․ Այդ պահին հայրս ծանր վրա բերեց.
– Քու պատիվն էլ, մե՛րն էլ բարձր կպահես, ի՜նչ ասեն՝ էն էլ կանես։ Րեխա վախտերդ անցավ, հըմի պըտի խելոք հարս ըլես։ Հիշի՛ր, էլ մենք քու հերն ու մերը չենք, Սուրենը քու տերն ա, իրա ծնողներն էլ՝ քու հերն ու մերը։
Դրսից լսվող երեխաների ուրախ ձայներն ստիպում էին րոպե առաջ բակ նետվել, բայց սպասում էի, որ ծնողներս ավարտեն իրանց ասելիքը։
Երեկոյան ղոնաղն եկավ, ես էլ պառկեցի քնելու։ Երազումս դպրոցի բակում բոլորը խաղում էին, իսկ ես հեռվում կանգնած՝ նայում էի նրանց ու թաքուն արտասվում։
Առավոտյան Շուշանի մայրն ինձ իրանց տուն տարավ։ Մայրս ճակատս համբուրեց ու ականջիս շշնջաց․ «Բալա ջան, խելոք կմնաս․․․»։
Թախտին նստած սպասում էի Շուշանին։ Երբ դպրոցից վերադարձավ՝ միասին հաց կերանք, ապա վազեցինք դուրս՝ խաղալու։ Չեմ հիշում, թե որքան ժամանակ էր անցել, երբ Շուշանի մայրը խառնված մոտեցավ, ձեռքս բռնեց ու արագ տուն տարավ։
– Ա՛յ բալա, վռազ լվացվի, քեզ կարգի բեր, մարդդ տուն ա գալի։
– Մարդը ո՞վ ա…
Ցուցամատը պարզեց հեռվից մոտեցող տղամարդկանց ուղղությամբ ու ասաց․
– Էն մեջտեղի երկար բեղերովը, Սուրենն էլի՜․․․
Շուշանանց տանը մի երկու անգամ եղել էի, գիտեի, որ երեք եղբայր ունի, բայց միայն փոքրին էի ճանաչում։
Երբ «կեսուրս» խոհանոց գնաց ու ինձ մենակ թողեց, արագ թաքնվեցի դռան հետեւում, հնամաշ վարագույրի մեջ փաթաթվեցի ու շունչս պահեցի։ «Ամուսինս» ոտքը դռան շեմին դեռ չէր դրել, երբ ամբողջ ուժով գոռացի՝ «բո՜» ու տեսա, որ խեղճը լեղաճաք եղավ։ Ապա մի կուշտ ծիծաղեցի։
– Մերա՜, էս մի մատ րեխին ու՞ր ես բերել, բա մեղք չի՞․․․
– Սուրե՛ն ջան, մեծ տղա ես, դու էլ քու ընտանիքը պըտի ունենաս, չէ՞։
Տարուց ավել քնում էի կեսուրիս անկողնում։ Սուրենն անընդհատ ասում էր, թե ես մի մատ լակոտ եմ, ես ու՜ր, հարս լինելն ու՜ր․․․
Դրսում շատ չէի երեւում։ Ընկերներիս խաղերին հետեւում էի պատուհանից։ Գիտեի, որ բակում հայտնվելն ու մարդկանց հետ խոսելն այլեւս ամոթ բան է, հարեւանների բերանը լեզու դնել չի կարելի։
Մերոնց շատ էի կարոտում: Ափսոս, էստեղից մեր հին տունը չէր երեւում…
Ղշլաղ, 1916 թ.
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: