Կապիտալ նորոգումից հետո մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վերաբացվել է Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան: Նախագահ Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել հիմնանորոգված պոլիկլինիկայում:
Նախկինում շատերին հայտնի 8-րդ, այժմ Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի հիմնանորոգումն ու կահավորումը իրականացվել է բարերար Եսայան ընտանիքի 500 միլիոն դրամ ֆինանսավորմամբ:
Պոլիկլինիկայի տնօրենի խոսքով` մայիսին բարերար Սառա Եսայանը դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին համաբուժարանի կապիտալ նորոգումը թույլատրելու խնդրանքով: «Խնդրանքը մեկն էր, որ բուժհիմնարկը գործի միայն պետական ենթակայության ներքո: Կառլեն Եսայանը շուրջ 40 տարի աշխատել է մեր կոլեկտիվում և եղել է ամենասիրելի անդամներից մեկը: Կոլեկտիվի խնդրանքը հաշվի առնելով էլ` պոլիկլինիկան անվանափոխվել է»,-ասաց տնօրեն Աննա Սիսոյանը:
Նրա խոսքով` բուժհիմնարկում կարող է պետպատվերի շրջանակում բուժում ստանալ ցանկացած քաղաքացի` անկախ բնակության վայրից: «Պետք է միայն դիմում գրել և ընտրել բժշկին: Մեր պոլիկլինիկայում վճարովի են միայն մի քանի ծառայություններ»,-ասաց նա:
Սիսոյանի խոսքով` պոլիկլինիկան երբևէ վերանորոգված չի եղել: «Շատ անբարվոք վիճակ է եղել: Հիմնանորոգման արդյունքում փոխվել է ամեն ինչ` սկսած ջրագծերից,հոսանքալարերից: Հիմնանորոգումից առաջ ամբողջը քանդվել էր, մնացել էր միայն չորս պատը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց տնօրենը, հավելելով, որ նորագույն սարքավորումներով հագեցված կլինիկան որակի առումով հիմա շատ առաջ է:
Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի շենքն այժմ ապահովված է ջեռուցման և ջրամատակարարման համակարգերով: Օդափոխության ժամանակակից համակարգի շնորհիվ կապահովվի տարածքից ռենտգեն ճառագայթների և լաբորատորիաների քիմիական նյութերի արդյունավետ ազատումը: Համաբուժարանում կառուցվել է նաև նիստեր դահլիճ, իսկ նկուղային հարկում` ապաստարան:
Շենքն ամբողջությամբ ապահովված է անվտանգության դիտարկման համակարգով, տեղադրվել են տեսախցիկներ: Կոլեկտիվի ցանկությամբ համաբուժարանի երկրորդ հարկում, որտեղ գտնվել է երջանկահիշատակ Կառլեն Եսայանի աշխատասենյակը, վերակառուցումից հետո բացվել է յուրօրինակ թանգարան, որտեղ ներկայացված են մեծ բարերարի կյանքի և գործունեության վերաբերյալ դրվագներ: