Անտարկտիդայում բույսերի աճը արագացել է կլիմայի փոփոխության պատճառով, ինչը վկայում է, որ տարածաշրջանի փխրուն էկոհամակարգը լուրջ սպառնալիքի տակ է: Իտալացի հետազոտողների բացահայտումներով հոդվածը հրապարակվել է Current Biology ամսագրում, գրում է NewScientist-ը։
Գիտնականների դիտարկումներով` նմանատիպ երևույթներ նկատվել են հյուսիսային կիսագնդում, սակայն Անտարկտիդայում դրանք գրանցվել են առաջին անգամ։
Ինսուբրիայի համալսարանի գիտնականները վերլուծել են Անտարկտիդայի Սիգնի կղզու մի շարք վայրերում 2009-2019 թվականներին հայտնաբերված միակ ծաղկավոր բույսերից երկուսի՝ Deschampsia antarctica-ի և Colobanthus quitnsis-ի աճը:
Ստացված արդյունքների համեմատությունը նախորդ 50 տարիների ընթացքում կատարված ուսումնասիրությունների հետ ցույց է տվել, որ բույսերը ոչ միայն ավելի խիտ են ծածկել տարածքը, այլև կլիմայի տաքանալուն զուգահեռ ավելի արագ են աճել։
Տասը տարվա հետազոտությունների ընթացքում Դեշամպսիան աճել է այնքան, որքան 1960-ից 2009 թվականներին, իսկ Կոլոբանտուսը՝ հինգ անգամ ավելի արագ:
Չնայած բույսերի աճը կարող է պայմանավորված լինել ծովափոկերի պոպուլյացիայի նվազմամբ՝ գիտնականները մատնանշում են երևույթի և գլոբալ տաքացման միջև ակնհայտ կապը:
Նրանք համոզված են, որ ջերմաստիճանի բարձրացումը թույլ կտա այդպիսի բուսատեսակներին խաթարել Անտարկտիդայի էկոհամակարգը և կենսաբազմազանությունը։
Գիտնականները ենթադրում են , որ Սիգնի կղզու նման իրավիճակ կարող է զարգանալ Հարավային բևեռի այլ շրջաններում ևս։ Սա վկայում է, որ մայրցամաքի եզակի միջավայրին անմիջական սպառնալիք կա: