Գիտնականները մինի սիրտ են ստեղծել պոլիմերից եւ բջիջներից
Advertisement 1000 x 90

Գիտնականները մինի սիրտ են ստեղծել պոլիմերից եւ բջիջներից

Վերջերս հետազոտողներն ավելի ու ավելի հաճախ են, այսպես կոչված, օրգանոիդներ ստեղծում. ստամոքսի, մաշկի, երիկամների եւ աղիքների փոքր տարբերակներն աճեցվում են ցողունային բջիջներից: Օրգանոիդների առավելությունն այն է, որ դրանք տարբեր բջիջներ ունեն, որոնք կազմակերպված են տարածական կառուցվածքում: Օրգանոիդը շատ հեռու է իրական մեծ օրգանից, բայց շատ ավելի նման է դրան, քան լաբորատոր բջիջների կուլտուրան: Բայց կա մի օրգան, որի համար օրգանոիդ դեռ հնարավոր չէ պատրաստել՝ դա սիրտն է։ Սրտի փոքր տարբերակի աճեցման բոլոր փորձերն ավարտվում են կծկվող բջիջների մի զանգվածի տեսքով, որոնք չունեն տարածական կառուցվածք, գրում է Science and Life-ը:

Բոստոնի համալսարանի գիտնականները փորձել են լուծել այս խնդիրը. նրանք մինի սիրտ են մշակել ճկուն հիմքի վրա տնկված բջիջներից, որը վանդակավոր պատերով սնամեջ գլանի է նման; պատերը պատրաստված էին լազերային մշակմամբ բարդ պոլիմերից։ Խցիկի մեջ անցք էր արվել, որին հարմար էին բարակ խողովակները, իսկ անցքն փակվում էր փականով, ինչպիսիք կան սրտի մեջ: Սրտի փականների իմաստը նրանում է, որ արյունը հոսում է մեկ ուղղությամբ, որպեսզի այն հետ չհոսի դեպի անոթը, որտեղից այն եկել է, եւ պոլիմերային խցիկի արհեստական ​​փականն աշխատում էր ճիշտ նույն կերպ: Այդ ամբողջ ստրուկտուրան նման էր սրտի փորոքի, միայն՝ շատ փոքր՝ ընդամենը 3 սմ2 չափի:

Որպեսզի այն սկսի կծկվել, խցիկի պատերին սրտի բջիջներ են տնկել, որոնք աճեցվել են մարդու ցողունային բջիջներից: Այդ ցողունային բջիջները ստացվում են սովորական մաշկի բջիջներից, արյունից կամ այլ բանից. դրանք մշակվում են հատուկ մոլեկուլային կոկտեյլով, որպեսզի դրանք մոռանան իրենց գործառույթները եւ հետ գնան մանկություն, այսինքն՝ ցողունային բջիջներ դառնան, որոնք կարող են վերածվել ցանկացած բանի:
Դրանից հետո դրանց նոր մոլեկուլային հրահանգներ են տրվում, որոնք ուղղորդում են դրանց զարգացումը այս կամ այն ​​ուղղությամբ, օրինակ՝ կարդիոմիոցիտների, այսինքն՝ սրտի մկանային բջիջների կողմը։ Պոլիմերային խցիկում կարդիոմիոցիտները սկսել են կծկվել, եւ արյունը, ավելի ճիշտ՝ հեղուկը, որը մինչ այժմ արյան փոխարեն էր օգտագործվում  փորձերի ժամանակ, սկսեց անցնել մինի սրտով:

Պոլիմերային կարկասը ոչ միայն ձեւավորում էր մի խումբ բջիջներ, այլեւ համապատասխան բեռ էր ապահովում դրանց համար: Որպեսզի սրտի օրգանոիդը հնարավորինս նման լինի իրական սրտին, բջիջները պետք է աշխատեն, ընդ որում՝ նույնքան, որքան իրական սրտամկանի բջիջները: Կարգավորելով այս սարքի պոլիմերային պահեստամասերի պարամետրերը՝ կարելի է իրականությանը հնարավորինս մոտ աշխատանքային պայմաններ ստեղծել սրտի բջիջների համար։

Եւ այդ դեպքում դրանց հետ բոլոր փորձերը քիչ թե շատ հուսալի արդյունքներ կտան։ Ի դեպ, այդպիսի մինիսիրտը կարող է օգտագործվել նաեւ կլինիկական հետազոտություններում. օրինակ, վերցնելով մարդու մաշկի բջիջները եւ դրանք սրտի բջիջների վերածելով եւ տնկելով պոլիմերային զսպանակավոր պատի վրա, կարելի է պարզել՝ արդյո՞ք նրա սրտի հետ ամեն ինչ կարգին է բջջային մակարդակում:

news.am