Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է:Այն սահմանվել է 1925 թվականին Ժնևում հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Առաջին անգամ հունիսի 1-ը որպես երեխաների պաշտպանության միջազգային օր նշվել է 1950 թվականին: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թվականին, որից հետո՝ 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
«Երեխաները գնալով ավելի անպաշտպան են դառնում: Այո՛, մենք ընդունել ենք իրավական ակտեր, բայց կարծես թե հետ ենք մնացել ժամանակակից կյանքից: Երեխաներն այսօր ազատ մուտք են գործում համացանց, ակտիվ դիտում են հեռուստացույց: Այստեղ բացակայում են պետական քաղաքականության հստակ ծրագրերը, որոնցով հնարավոր կլինի կանխել երեխայի շահերին ոչ հարիր ծրագրերը: Արտասահմանյան երկրներում տարիքային նշան է դրվում և ծնողը որոշում է՝ պե՞տք է թույլ տալ երեխային, թե՝ ոչ: Ինչ վերաբերում է համացանցին, ապա ներկայացնեմ Մեծ Բրիտանիայի վիճակագրական տվյալները: Պարզվում է՝ 12-17 տարեկան երեխաների 50 տոկոսը դիտել է պոռնոգրաֆիկ նյութեր, որը աղետալի հետևանքներ է ունենում եեխայի հոգեբանության վրա: Քանի որ Հայաստանում էլ են շատ օգտվում համացանցից, վստահ եմ, որ նույն վիճակն է»,- Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Դավիթ Վարդանյանը:
Հոգեբան Տաթև Աբրահամյանն էլ անդրադարձավ Հայաստանում ծնողների կողմից հաճախ կիրառվող, երեխաներին դաստիարակելու միջոցներից մեկին՝ ծեծ ու ջարդին.
«Հայաստանում ընտանիքը որպես կառույց շատ ամուր է, բայց մեր մշակույթում այո՛, կա երեխաների նկատմամբ ֆիզիկական ուժը գործ դնելը, բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ սա վերջին տարիներին նվազել է: Ծնողները տեղեկացված են և գիտեն, թե ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ: Շեշտեմ՝ դա կարող է հանգեցնել լուրջ հոգեբանական հետևանքների, որոնք ազդում են փոխհարաբերությունների, հուզական զարգացվածության վրա, առաջացնում են անապահովության զգացողություն, անվստահութուն: Երեխայի հետ պետք է զրուցել, բացատրել: Դրա համար ընդամենը 15 րոպե կարող է պահանջվել: Երեխաներին փոքրուց պետք է հստակ կանոնների սովորեցնել»,-ընդգծեց հոգեբանը:
Շարունակելով վերջինին՝ փաստաբանը հարց բարձրացրեց.
«Իսկ ո՞վ ասաց, որ ծնողը կարող է հարվածել երեխային: Ո՞րն է չափանիշը, որ այսքան ուժով կարող է հարվածել, այսքանով՝ ոչ: Արդյո՞ք ծնողը կարող է այդ իրավիճակում վերահսկել իրեն»:
Ինչ վերաբերում է այլ երկրներում առկա փորձին, որն է՝ երեխաների կողմից նման դեպքերում ոստիկանությանը դիմելուն, փաստաբան Դավիթ Վարդանյանը նկատեց.
«Դա գալիս է հասարակաության իրավագիտակցության զարգացման մակարդակից: Մենք որքան էլ փորձենք արհեստականորեն պայմաններ ստեղծել, դա տեղի չի ունենա, քանի որ հասարակության մեջ այդ գիտակցությունը պետք է զարգանա: Առնվազն 1-2 սերնդափոխություն պետք է լինի»: