Համալսարաններում թափուր տեղերի, ինչպես նաև գիտության ներկայիս վիճակի մասին 168.am-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ:
– Արդեն պարզ է բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված դիմորդների թիվը, ըստ որի՝ շատ թափուր տեղեր կան գրեթե բոլոր բաժիններում, այդ թվում և՝ գիտության ոլորտի բուհական հաստատություններում: Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը, որ նվազել է հետաքրքրությունը գիտության նկատմամբ: Եվ եթե համեմատելու լինենք խորհրդային ժամանակների հետ, ի՞նչ պատկեր կունենանք. հետաքրքրությունը գիտության նկատմամբ ավելի մեծ էր խորհրդայի՞ն տարիներին, թե՞ հիմա:
– Խորհրդային տարիների համեմատ՝ հիմա նահանջ կա: Այդ ժամանակ ավելի մեծ էր հետաքրքրությունը գիտության նկատմամբ, ընդ որում՝ ոչ միայն երիտասարդների հետաքրքրությունն էր մեծ, այլև ամբողջ հասարակության: Հասարակությունը խորհրդային տարիներին ավելի էր կարևորում գիտությունը:
– Ո՞րն էր պատճառը:
– Պատճառը երևի թե այն է, որ տեսական մոտեցում կար, դրվածք կար խորհրդային տարիներին: Օրինակ, Վիկտոր Համբարձումյանը ստանում էր Հայաստանի խորհրդային շրջանում ամենաբարձր աշխատավարձը, նույնիսկ Կենտկոմի քարտուղարից ավելի բարձր: Այսինքն՝ գիտության մեջ աշխատավարձերը բարձր էին, գիտությունը բարձր էր գնահատվում, բացի այդ՝ հոնորարներ կային, իրենց առաջնահերթություն էր տրվում բոլոր հարցերում: Իսկ հիմա դա մի տեսակ մոռացվել է, և 1990-ական թվականներից սկսած մինչև հիմա այդ սխալը չեն կարողանում ուղղել: Ես համարում եմ, որ դա նման է մի քիչ Ղարաբաղի հարցին, այսինքն՝ մի տեղ սխալ ենք թույլ տվել և պետք է ուղղենք:
– Հիմա ո՞ր ուղղությամբ են երիտասարդներն ավելի շատ գնում և ինչո՞ւ:
– Ավելի շատ միջուկային ֆիզիկայի ուղղությամբ են գնում, քանի որ մի մասի կրթությունը նաև ատոմակայանն է ֆինանսավորում, որը հենց առաջին կուրսից ունի ծրագիր, որպեսզի հենց այդ մասնագիտացմամբ ուսանողներ գնան:
– Իսկ աստղագիտության մասին ի՞նչ կասեք:
– Աստղագիտությունն ավելի սպեցիֆիկ մասնագիտություն է, մենք շատ կադրեր չենք էլ կարող ընդունել, մեզ պետք է միջինում երկուսից երեք ուսանող, բայց մագիստրատուրայի համար նվազագույնը 6 ուսանող պետք է լինի:
– Արդյո՞ք արդարացված էր Երևանի պետական համալսարանի աստղագիտության ամբիոնի միացումը ֆիզիկայի ամբիոնին:
– Ամբիոնի միացումն ընդհանուր ֆիզիկայի ամբիոնին արդարացված էր այնքանով, որ ուսանողների քանակը քիչ էր: Հիմա համալսարանները, բուհերը շատ կոմերցիոն ձևով են մոտենում ամեն ինչին, քանի որ դասախոսները պետք է վճարվեն, իրենք էլ հաշվարկում են, թե տարվա ընթացքում ուսանողների նվազագույն ի՞նչ քանակ է պետք, որպեսզի ապահովվի մագիստրատուրան: Ու քանի որ ամբիոնի գոյությունը տեսնում են մագիստրատուրայի մեջ, հիմնականում այդ պատճառով էլ երկու ամբիոնները միացրեցին իրար:
– Աստղադիտարանը երիտասարդ կադրերով համալրո՞ւմ եք:
– Մենք հիմա ունենք երիտասարդ կադրեր. 40 գիտաշխատող ունենք, որոնցից 15-ը երիտասարդներ են: Իհարկե, ցանկալի կլիներ, որ այդ հոսքն ավելի ակտիվ լիներ, բայց բացի այս 15-ից՝ էլի են եղել, ուղղակի ուսանողների հոգեբանության համաձայն՝ հիմնականում, եթե արտասահմանում լավ աշխատանքներ են ստանում, միանգամից մեկնում են, ու ցավոք, հենց լավերն են գնում: Լավ կադրեր էլ ունենք, միջին մակարդակի կադրեր էլ ունենք, բայց, միևնույն է, քիչ է: Կարծում եմ՝ Աստղադիտարանի ապագան ապահովելու համար մենք պետք է երիտասարդների հոսքն ավելացնենք:
– Իսկ համալսարանի կրթությունից գո՞հ եք:
– Գիտե՞ք՝ պարզ չէ, թե նա ինչպե՞ս է սովորում: Դասախոսները, դասընթացներն ինչ էլ տան, միևնույն է, սովորողը միշտ էլ ուսումնասիրում է, պրպտում է, սովորում է և լավ մակարդակի կրթություն է ստանում, իսկ ում չի հետաքրքրում, ու գալիս է միայն դիպլոմի համար, բնականաբար, գիտելիք չի ստանում այդտեղից:
Հիմա կա նաև մի բացասական երևույթ, որ վերջին տարիներին շատ է հանդիպում. դա այն է, որ երեխաներից շատերն իրենք են ապահովում իրենց ուսման վարձը, օրինակ՝ ասում են՝ «մենք պիտի աշխատենք, որ կարողանանք սովորել, եթե չվճարենք՝ դուրս կմնանք համալսարանից»: Ի՞նչ է ստացվում: Իրենք աշխատում են, չեն կարողանում դասերին ներկայանալ: Աշխատում են, որ պահեն իրենց ուսանողի տեղը, դե՛, համալսարանն էլ հաճախ աչք է փակում այդ երևույթի վրա՝ ասելով՝ «դե լավ, ոչինչ, թող դասի չգա հաճախ, բայց գոնե ուսանող լինի, որ կարողանանք ֆինանսական վիճակն ապահովել»:
– Ուսանողներին մոտիվացնելու համար ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:
– Մոտիվացնելու համար իրականում շատ քայլեր են ձեռնարկվում: Առաջին հերթին՝ կարևոր է միջազգային ծրագրերի մեջ ընդգրկելը: Ինչպես նաև՝ տարբեր միջազգային ամառային դպրոցների, գիտաժողովների մասնակցությունը, տարբեր ծրագրերի մեջ ընդգրկվելը, ու այս տեսանկյունից մենք մեր քայլերն անում ենք: Գիտության ոլորտում աշխատավարձը, իհարկե, շատ քիչ է, բայց լրացուցիչ հնարավորություններ շատ կան: Մնում է, որ երիտասարդներն ավելի ակտիվանան:
– Իսկ ինչպիսի՞ն կլինի գիտության ապագան մեր երկրում:
– Ես գտնում եմ, որ երկրում գիտության ոլորտում իրոք դեպի լավն է գնում վիճակը: Եթե հետևենք վերջին մի քանի տարիներին, ապա կարող ենք ասել, որ մենք առաջ ավելի թերահավատորեն էինք գիտությանը մոտենում: Հիմա ավելի ենք սկսել հասկանալ, որ ապագայի համար դա ավելի լավ հեռանկար կարող է լինել:
Անի Թորոսյան