Տասնամյակի առաջընթացը զբոսաշրջության ոլորտում. ՖԻԼՄ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիներին զբոսաշրջության ոլորտում նկատելի առաջընթաց է արձանագրվել: Եթե 2007 թվականին Հայաստան այցելուների թիվը կազմում էր 510.000, ապա 2017 թվականին այդ թիվը մոտեցել է 1.500.000-ի: Հայաստան այցելում են հիմնականում Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, ԱՄՆ-ից և եվրոպական մի շարք երկրներից, իսկ վերջին տարիներին զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ է արձանագրվել նաև Արաբական Միացյալ Էմիրություններից, Ֆիլիպիններից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Չինաստանից և այլն: Հետաքրքրական է, որ այս տարիներին զգալիորեն մեծացել է Հայաստան այցելող երիտասարդների թիվը: Օրինակ, եթե 2007 թվականին Հայաստան այցելած 18-35 տարեկան զբոսաշրջիկների թիվը կազմում էր ընդամենը 6 տոկոս, ապա այսօր արդեն այդ ցուցանիշը գերազանցում է 37 տոկոսը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ, դեռևս 2008 թվականին, հիմնվելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտում մինչ այդ գրանցված ձեռքբերումների, ինչպես նաև դեռևս առկա մարտահրավերների վրա, Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց զբոսաշրջության զարգացման նոր հայեցակարգ, որտեղ սահմանվեցին ոլորտի զարգացման հավակնոտ նպատակներ և մշակվեց այդ նպատակներին հասնելու գործողությունների ծրագիրը: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ հայեցակարգը շոշափելի արդյունքներ է տվել:
Զգալիորեն ավելացել է ոչ միայն Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը, այլև ակտիվացել է ներքին տուրիզմը: Եթե համեմատականներ անցկացնենք 2007 թվականի հետ, ապա պետք է փաստենք, որ ներքին զբոսաշրջիկների թիվը ևս եռապատկվել է՝ գերազանցելով 1.000.000-ը (դա մեծապես պետական քաղաքականության, այդ թվում նաև՝ սոցիալական փաթեթների ներդրման արդյունք է):
Ոլորտի արագ աճն, ինչպես նաև երկրում այս տարիների ընթացքում ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրը խթանել են զբոսաշրջային ենթակառուցվածքների շեշտակի զարգացմանը: Բավական է միայն փաստել, որ Հայաստանում ներկայումս գործում է առավել քան 540 հյուրանոցային տնտեսության օբյեկտ, ինչն առավել քան 2 անգամ գերազանցում է 2007 թվականի ցուցանիշը: Ի դեպ, Հայաստանում հյուրանոցների առավել քան 60 տոկոսը մարզերում է տեղակայված, այդ թվում՝ գյուղական բնակավայրերում:
Զբոսաշրջության զարգացմանը նպաստում է նաև հյուրանոցային օբյեկտների այսօր առկա բազմազանությունը՝ արդեն գործում է ավելի քան 30 հոսթել, հանրապետության մարզերում, հատկապես՝ գյուղական բնակավայրերում գործում է ավելի քան 250 գյուղական տուն, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտների նոր տեսակ՝ օրավարձով բնակարաններ, որոնց քանակն անցում է 4000-ը: Հայաստանը գրավիչ է դարձել նաև համաշխարհային հեղինակավոր հյուրանոցային ցանցերի համար, ինչպես օրինակ՝ Radisson, Marriott, IBIS, Hilton և այլն:
Զբոսաշրջության ոլորտում տարվող պետական քաղաքականության հիմնական և կարևոր նպատակներից մեկը զբոսաշրջության ապակենտրոնացումն է՝ Երևանից դեպի մարզեր, զբոսաշրջային սեզոնի երկարացումը, տեղական ավանդույթների վերականգնումն ու պահպանումը, համայնքների տնտեսության ակտիվացումը:
Կարևորվում է նաև զբոսաշրջության արդյունքի դիվերսիֆիկացումը. Հայաստանը ներկայացվում է որպես կրոնական, ագրո, էկո, արկածային, գինու, առողջարանային զբոսաշրջության գրավիչ ուղղություն:
Ամբողջությամբ՝ armenpress.am