Երկրաշարժից փրկվածներին լուսանկարելն իմ մասնագիտական պարտականությունն էր. «Արմենպրես»-ի լուսանկարչի հուշերում դեռ թարմ են աղետի մասին հիշողությունները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երկրաշարժից փրկվածներին լուսանկարելն իմ մասնագիտական պարտականությունն էր. «Արմենպրես»-ի լուսանկարչի հուշերում դեռ թարմ են աղետի մասին հիշողությունները

Երեսուն տարի առաջ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավերակների վերածվեցին Հայաստանի հյուսիսային մասի մեկուկես տասնյակ քաղաքներ, շուրջ 60 գյուղ: Ընդամենը 35-45 վայրկյանում զոհվեց 25.000 մարդ:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներդրեց իր բոլոր հնարավորություններն աշխարհին իրավիճակը հավաստի ներկայացնելու համար: Գործակալության թղթակից Մխիթար Խաչատրյանի լուսանկարները մեծ տարածում գտան ոչ միայն մեր երկրի սահմաններում, այլև արտերկրում` նպաստելով աղետից տուժած ընտանիքներին օգնություն տրամադրելուն:

-Կխնդրեի պատմել, թե ե՞րբ իմացաք, որ երկրաշարժ է եղել, որտե՞ղ էիք այդ ժամանակ, միանգամի՞ց մեկնեցիք դեպքի վայր:

-Դեկտեմբերի 7-ին կոմկուսի Էջմիածնի քաղկոմում էի` երրորդ քարտուղարի  աշխատասենյակում: Այդ ժամանակ մեր երկրում շատ էին փախստականները: Քարտուղարը զանգեր էր կատարում, փորձում էր իմանալ, թե փախստականներն ինչպես են տեղավորվել, ինչ պայմաններում են: Մինչ նա ճշտումներ էր անում, ցնցում եղավ, վայրկյաններ անց հետևեց երկրորդ ցնցումը, և ես իմ լուսանկարչական  սարքավորումները գիրկս դրեցի: Երրորդ ցնցումից հետո աշխատասենյակից դուրս թռանք: Կատարվածի մասին հստակ տեղեկություն չկար:

Վերադարձա Երևան: Այստեղ գիտեին, որ երկրաշարժ է տեղի ունեցել, բայց  ոչ ոք չէր  պատկերացնում մասշտաբները: Մեքենայով մեկնեցինք Սպիտակ: Ճանապարհին  եզդիական գյուղեր կային, քանդված պատեր: Իջնում էինք մեքենայից և լուսանկարում` չիմանալով, թե ինչ ենք տեսնելու Սպիտակում:

Հասանք Սպիտակ. իրավիճակն անհասկանալի էր: Կենտրոնում թողեցինք մեքենան և սկսեցինք պտտվել: Շալերով փաթաթված կանայք էին հանդիպում, շատ էին դիակներն ու վիրավորները:

Մի կնոջ դի կար, որը մինչ օրս հիշում եմ: Գեղեցիկ կին էր, ասես կենդանի լիներ: Երկու տղա էին անցնում, և, քանի որ ինքս չեմ կարողանում դիպչել դիակների, նրանց խնդրեցի ուղղել այդ կնոջը, որպեսզի լուսանկարեմ: Տղաները քթի տակ ինչ-որ բան ասացին, ես բացատրեցի, որ, եթե կարողանայի ինքս դա անել, նրանց չէի դիմի: Տղաներից մեկն էլ պատասխանեց, որ, եթե ինքը կարողանար, փլատակների տակից մոր դին կհաներ: Այդ ժամանակ  հասկացա` ինչ է կատարվում, զգացի, որ պետք է շատ զգույշ լինել: Բոլորը լարված էին, և ամեն մարդ ամեն վայրկյան կարող էր «պայթել»:

-Լուսանկարեցի՞ք այդ կնոջը:

-Չեմ հիշում: Պետք է խոստովանեմ, որ աշխատում եմ դիակներ չնկարել: Մի ծաղկանոցում հեռուստացույց էր ընկած, արկղ, էլի ինչ-որ բան և մի դի. ասես նատյուրմորտ լիներ: Այդ տեսարանը լուսանկարել եմ:

-Այդ օրերին ինչպե՞ս էին տարածվում աղետի մասին լուրերը, լուսանկարները:

-Լուսանկարները միայն «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկայի միջոցով էին տարածվում, քանի որ ֆոտոհեռագիր ունեինք: Աշխարհի բոլոր ծայրերից եկած լուսանկարիչները մեր մոտից էին դա անում: Ես հնարավորություն ունեի տարածել իմ աշխատանքները: Շատ լուսանկարիչներ լավ գործեր ունեն, բայց չեն կարողացել դրանք ժամանակին ներկայացնել հանրության լայն շրջանակին:

Ամբողջությամբ՝ armenpress.am