«Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքում, որի շնորհանդեսը կայացավ մարտի 7-ին ԵՊՀ-ում, ներկայացված է Թուրքիայի պատմությունը սկսած 1918 թվականից մինչև 2018 թվականը: Դասագրքի վրա աշխատել է տարբեր սերունդների թուրքագետների մեծ թիմ՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ավագ դասախոս, պատմ.գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Անուշ Հովհաննիսյանը, թուրքագետներ Հակոբ Չաքրյանը, Արթուր Դումանյանն ու Վարուժան Գեղամյանը:
Ողջունելով ներկաներին՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ գրքում հատուկ կարևորություն է տրվել Թուրքիայում բնակվող հայության գոյատևման պատմությանը: «Պատմության և հայ իրականության մեջ առաջին անգամ նման ընդգրկմամբ է ներկայացված Թուրքիայի Հանրապետության պատմությունը՝ սկսած 1918 թվականից մինչև 2018 թվականը: Գիրքը հրատարակվել է 4 տարի առաջ, հիմա մենք ներկայացնում ենք լրամշակված տարբերակը: Առաջին անգամ հայերեն ներկայացված է այն կարևոր իրադարձությունների շղթան, որը պայմանավորել է 20-21-րդ դարերի Թուրքիայի պատմությունը և այն վիճակը, որն այսօր ստեղծվել է այդ երկրում»,- ասաց նա:
Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, վերհիշելով իր ուսանողական տարիները, նշեց, որ ապրել են երկակի իրականության մեջ, երբ դասախոսները ներկայացնում էին Թուրքիայի պատմության հոգևոր-մշակութային կյանքի իրական պատկերը, իսկ դասագրքերում այլ բան էր:
«Մենք ճշմարտությունն իմանում էինք մեր ուսուցիչների բանավոր խոսքից, բայց դասագրքերում այլ բան էինք կարդում՝ Լենին-Աթաթուրք բարեկամության միֆի մասին, որի վրա և ստեղծվեց խորհրդային թուրքագիտությունը: Այն ժամանակ դժվար էր պատկերացնել՝ անկախ պետականության պայմաններում մենք մեր լեզվով կշարադրենք Թուրքիայի իրական պատմությունը»,- նշեց նա:
«Թուրքիայի Հանրապետության պատմություն» դասագիրքը տպագրվել է ամերիկահայ բարերար Ժիրայր Նշանյանի և նրա անվան հիմնադրամի հովանավորությամբ: