Վարպետը կաթողիկոսին պատկերել է հայ եկեղեցու գույքը բռնագրավելու մասին ցարի տխրահռչակ հրովարտակը (1903 թ. հունիսի 12) ստանալու պահին: Այն նախատեսում էր նաեւ հայկական թեմական դպրոցների փակում։
Ծերունազարդ Վեհափառը չբացված նամակը նետել է ոտքերի առջև: Դրա բովանդակությունն իրեն հայտնի է: Այդ մասին ասել է նամակաբերը՝ իշխան Գոլիցինի դրածո Երևանի նահանգապետ Նակաշիձեն։
Երբ վերջինս դուրս է գալիս վեհարանից` հայրապետն արտասանում է իր հայտնի նզովքը՝ ուղղված ռուսական միապետությանը. «Թող կործանվի այս աստվածընդդեմ ու բանտածվար կայսրությունը»:
Վեհափառի կոչով հայությունը դուրս եկավ պայքարի: Այսրկովկասի հայաբնակ շրջաններում տեղի ունեցան ցույցեր ու զինված ընդհարումներ: 1903թ. հոկտեմբերի 10-ին, Թիֆլիսում, հնչակյանները կազմակերպեցին օրենքի գլխավոր նախաձեռնող Կովկասի կառավարչապետ Գոլիցինի մահափորձը։
1905-ի մայիսին, Բաքվի կենտրոնական հրապարակում, 21-ամյա Դրաստամատ Կանայանը ռումբի դիպուկ նետումով ռմբահարեց իշխան Նակաշիձեի կառքը, որն այդ ժամանակ Բաքվի նահանգապետն էր՝ այդ հայաշատ քաղաքում հայկական ջարդերի հրահրողն ու կազմակերպիչը:
Հայության համաժողովրդական պայքարի արդյունքում ռուսական բռնապետությունը ստիպված էր նահանջել եւ 1905 թ. օգոստոսի 1-ին Նիկոլայ 2-րդ ցարը ստորագրեց Հայ առաքելական եկեղեցու գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը:
ՀԳ – Այս օրենքի ընդունումից հետո էլ եկեղեցուց խլված եւ Սանկտ Պետերբուրգ ու Մոսկվա տեղափոխված անգին գանձերով բեռնված տասնյակ արկղեր «անհետացան» եւ Մայր Աթոռին չվերադարձվեցին:
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: