Գիտական հետազոտության տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի ամենայուրահատուկ պատմական հուշարձաններից մեկը՝ Սթոունհենջը, կառուցել են Անատոլիայից գաղթած մարդիկ։
BBC-ն ներկայացնում է մանրամասներ այս հետազոտությունից։ Ինչպես փաստում են գիտնականները, նեոլիթյան ժամանակաշրջանում մարդկանց որոշ խմբեր Անատոլիայից գաղթել են Մեծ Բրիտանիա։ Նրանք եկել են այս եզրահանգման՝ համեմատելով Սթոունհենջի տարածքը նեոլիթյան ժամանակներից բնակեցնող մարդկանց մնացորդների ԴՆԹ-ն այսօրվա եվրոպացիների ԴՆԹ-ի հետ։
Այս գաղթը Փոքր Ասիայից մարդկանց մասշտաբային տեղաշարժերի մի մասն է եղել, որը սկսվել էր 8000 տարի առաջ։ Այս տեղաշարժի արդյունքում Եվրոպայում սկսեցին մշակել հողը և գյուղատնտեսությամբ զբաղվել։ Մինչև այս գաղթը Եվրոպան բնակեցված էր որսորդությամբ զբաղվող և վայրի բույսեր ու խեցեմորթներ հավաքող փոքր խմբերով։
Անատոլիայից գաղթածների մի խումբ Դանուբ գետով հասել է Կենտրոնական Եվրոպա, մյուս խումբը, որ հասել է ժամանակակից Մեծ Բրիտանիա, իր ճանապարհը շարունակել է Միջերկրական ծովով, Պիրենեյան թերակղզով (ժամանակակից Իսպանիայի ու Պորտուգալիայի տարածքով)։ Ի դեպ, վաղ շրջանի բրիտանացի հողագործների ԴՆԹ-ները նման են եղել նեոլիթյան ժամանակաշրջանում Պիրենեյան թերակղզու բնակիչների ԴՆԹ-ներին։
Միջերկրածովյան տարածքից էլ, հավանաբար, գաղթականները շարժվել են Ֆրանսիա, իսկ Բրիտանիա մուտք են գործել Ուելսից կամ Անգլիայի հարավ-արևմուտքից։ Նրանք Անգլիայում կիրառել են հուշարձաններ կառուցելու ավանդույթը՝ օգտագործելով մեգալիթյան քարեր։ Հենց այս ավանդույթի մի մաս է կազմել նաև Սթոունհենջը։ Այս տեղաշարժը տեղի է ունեցել մոտավորապես մ.թ.ա․ 4000 թվականին։
Այդուհանդերձ, ԴՆԹ-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ տեղացիներն ու գաղթականները շատ չեն խառնվել։ Լոնդոնի բնության պատմության թանգարանի հնագույն ԴՆԹ-ների մասնագետ, այս ուսումնասիրության համահեղինակ Թոմ Բոթն ասում է, որ սա կարող է կապված լինել նաև այն փաստի հետ, որ բնակչությունն այնքան փոքրաթիվ է եղել, որ ոչ մի գենետիկ ժառանգություն չի պահպանվել։
Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Մարկ Թոմասի խոսքով, Անատոլիայից գաղթածները ստիպված են եղել հարմարվել կլիմայական զանազան պայմանների, ինչի արդյունքում կարողացել են Եվրոպայի հյուսիս-արևմուտքում գյուղատնտեսությամբ զբաղվել։
Ուսումնասիրվել են նաև չեդդարյան մարդու մնացորդները, որոնք մ.թ.ա․ 7100 թվականի են։ Վերծանելով ԴՆԹ տվյալները՝ գիտնականները հաստատեցին, որ նա նույնպես թխամաշկ էր և կապուտաչյա, ինչպես մյուս եվրոպաբնակները։ Իսկ գաղթածները, ուսումնասիրության համաձայն, մուգ գույնի աչքեր ու մազեր ունեին։
Մոտավորապես մ.թ.ա․ 2500 թվականներին Մեծ Բրիտանիայում ևս մեկ մեծ գենետիկ տեղաշարժ է եղել․ անատոլիական գաղթականներին ավելացել են Կենտրոնական Եվրոպայից գաղթածները։
Այս երկու տեղաշարժերի վերաբերյալ պրոֆեսոր Բոթն ասում է, որ կարծիք կա, թե դրանք նմանություններ ունեն, սակայն պետք է հաշվի առնել, որ երկուսի դրդապատճառները տարբեր են, ուստի գործ ունենք երկու տարբեր տեսակի գենետիկական տեղաշարժերի հետ։
Հիշեցնենք, որ Սթոունհենջը Լոնդոնից 130 կմ հեռավորության վրա գտնվող Սոլսբերի քաղաքի մոտ գտնվող հարթավայրում քարերի խումբ է։ Երկու շրջանից և հողի մեջ խրված հսկայական քարերից (7,5 կմ բարձրությամբ) բաղկացած այս կառույցը «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի ժառանգություն է։
Կա վարկած, որ քարերը ծառայել են որպես աստղադիտարան։ Ըստ մեկ այլ վարկածի՝ կառույցը եղել է տաճար։
Մարի Ռաֆյան