Արմստատը զբոսաշրջիկների կողմից կազմակերպական միջոցառումների հաշվառում չի իրականացնում. պարզաբանում
Advertisement 1000 x 90

Արմստատը զբոսաշրջիկների կողմից կազմակերպական միջոցառումների հաշվառում չի իրականացնում. պարզաբանում

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ Քրիստինե Պողոսյանը պարզաբանել է լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկատվությունը, թե ըստ պաշտոնական վիճակագրության՝ որպես միջազգային զբոսաշրջիկ մեր երկիր ժամանողների միայն 0․2%-ն է 2018թ․ օգտվել զբոսաշրջային գործակալությունների ծառայությունից: «Արմենպրես»– ը ներկայացնում է Քրիստինե Պողոսյանի ներկայացրած պարզաբանումը.

«ՀՀ վիճակագրական կոմիտեում միջազգային զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակի հաշվարկման համար հիմք է հանդիսանում սահմանային  անցման կետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված` ՀՀ ժամանողների և ՀՀ-ից մեկնածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, ստացված ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով, ինչպես նաև  2013թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայաստանում դոնոր կազմակերպությունների` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի  համագործակցությամբ  իրականացված «Ժամանողների և մեկնողների ընտրանքային հետազոտության» արդյունքների հիման վրա ձևավորված կշիռները: Բացի այդ, եռամսյակային պարբերականությամբ իրականացվում է տվյալների հավաքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներից  (հյուրանոցներ, հյուրանոցատիպ հանգրվաններ, առողջարաններ, հանգստյան տներ և այլն)՝ այդ օբյեկտներում հանգրվանած զբոսաշրջիկների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով (տես՝ https://www.armstat.am/file/article/sv_09_19a_421.pdf և https://www.armstat.am/file/article/sv_10_19a_431.pdf հղումները):

Ինչ վերաբերում է միջազգային զբոսաշրջիկների կողմից կատարվող կազմակերպական միջոցառումներին, այդ թվում՝ իրենց երկրներում իրենց կողմից կատարված ամրագրումներին (booking), ապա Արմստատը նման հաշվառում չի իրականացնում, հետևաբար նման ցուցանիշ (0.2%) չկա հրապարակված: Հասկանալի չէ, թե այդ ցուցանիշը որտեղից է»:

Քրիստինե Պողոսյանն անդրադարձել է նաև պնդմանը, թե  մեր այն հայրենակիցները, ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացի, ևս հանդսանում են միջազգային զբոսաշրջիկ:

«Ինչպես արդեն բազմիցս մեկնաբանվել է, ըստ գործող միջազգային մեթոդաբանության, եթե անձն անընդմեջ` 1 տարուց ավել ապրել և աշխատել է մեկ այլ երկրում, որն իր հիմնական բնակության վայրի  կամ քաղաքացիության երկիրը չէ, ապա նա դառնում է տվյալ երկրի ռեզիդենտը, և նրա հետագա այցելությունը հիմնական բնակության վայրի կամ  քաղաքացիության երկիր համարվում է միջազգային զբոսաշրջություն: Հարկ է նշել, որ «քաղաքացիության երկիր» սահմանումը (տվյալ դեպքում) վերաբերում է ոչ միայն տվյալ երկրի քաղաքացիություն ունեցող անձանց, այլ նաև այդ երկրի հիմնական բնակություն ունեցող քաղաքացիական այլ կացությամբ անձանց»:

Պողոսյանը մեկնաբանել է նաև հարցը, թե ինչո՞վ է պայմանավորված տարեկան ամփոփումներ չներկայացնելը, եթե առկա են դրանց եռամսյակային հրապարակումները, ինչպես նշված է լրատվամիջոցում:

«Նշեմ, որ իրականությունն այլ է: Միջազգային զբոսաշրջության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է տարիների կտրվածքով ինչպես եռամսյակային, այնպես էլ տարեկան տվյալներով և զետեղվում է Արմստատի պաշտոնական կայքէջի տվյալների շտեմարաններում (տես՝ https://www.armstat.am/am/?nid=14 հղումը) և «Հրապարակումներ» հատվածի «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցների եռամսյակային հրապարակումներում»: